Հայ ապօրինի միգրանտները` Թուրքիայում

Հայ ապօրինի միգրանտները` Թուրքիայում
http://www.a1plus.am/am/politics/2010/04/13/turqia
17:31 | Ապրիլ 13, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տասնամյակներ տեւող թշնամանքից հետո Հայաստանը եւ Թուրքիան դեպի հարաբերությունների բարելավում են շարժվում, սակայն գործընթացի վերջին զարգացումները Թուրքիայում աշխատող շատ հայերին անհանգստանալու առիթ են տվել:

ԱՄՆ-ի եւ Շվեդիայի’ցեղասպանության ընդունման հետ կապված քայլերից վրդովված Էրդողանն իր զայրույթն ուղղեց «անօգնական» հայերի դեմ’ հայտարարելով հետեւյալը.
Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, անդրադարձավ նաեւ հայ անօրինական միգրանտների հարցին:

Վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում այսօր ապրում են 170 հազար հայեր, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մյուսներն ապօրինի միգրանտներ են:
«Այս մարդկանցից շատերը Թուրքիայում ապրում են ավելի քան 10 տարի, եւ մենք այս հարցը չենք պատրաստվում հապճեպորեն լուծել, բայց եթե ամեն բան նույն կերպ շարունակվի, մենք ստիպված կլինենք վերագնահատել իրավիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Ի վերջո, այդ 100 հազար մարդիկ մեր քաղաքացիները չեն, եւ եթե կարիք լինի, մենք վտարելու ենք նրանց երկրից», – հայտարարել է Էրդողանը:

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, հակադարձելով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, ասաց. «Նման հայտարարություններով են սկսվել Հայոց ցեղասպանության հետ կապված 1915 թվականի իրադարձությունները: Ցավոք, հայերի արտաքսման մասին խոսում էին նաեւ մեկ այլ երկրում. մենք չենք կարող մոռանալ, որ նմանատիպ հայտարարություններ արվել են նաեւ Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում եւ այլ բնակավայրերում ջարդերից առաջ»:

Մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ, մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուն, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով Էրդողանի’ապօրինի բնակվող հայերին արտաքսելու սպառնալիքներին, ասաց, որ այդ առնչությամբ մտահոգվելու կարիք չկա:
«Չեմ հավատում, որ այդ խոսքերը մեր վարչապետի սրտի խոսքերն են: Ես’որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, մտահոգված չեմ, որովհետեւ վստահում եմ մեր վարչապետին, վստահում եմ նրա սրտին»,-ասել է Շիրինօղլուն:

Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա ներողություն էր խնդրել Էրդողանից, նրան ապատեղեկատվություն տրամադրելու համար: Ըստ Շիրինօղլիի’Թուրքիայում ապրում են ոչ թե 100 հազար, այլ մոտ 30 հազար ապօրինի հայ ներգաղթյալներ:
Ոչ մի պաշտոնական զեկույց չկա միգրանտների թվի վերաբերյալ:
Հայաստանի միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը ասում է, որ թուրքական աղբյուրները կեղծ տեղեկություններ են տարածում, քանի որ հարեւան Թուրքիայում ոչ թե շուրջ 70 -100 հազար, այլ ընդամենը 6 հազար հայաստանցիներ կան: Ըստ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի իրականացրած «Հայազգի աշխատանքային միգրանտները Թուրքիայում» հետազոտության արդյունքների’ հայ անօրինական միգրանտների թիվը գրեթե 15.000 է:

Ըստ Հայաստանի միգրացիոն գործակալության տվյալների’ 2000թ-ից մինչեւ այսօր Հայաստանից Թուրքիա են մեկնել 294 հազար հայաստանցի քաղաքացիներ, որոնցից 288 հազարը կրկին վերադարձել են: Սակայն այս ցուցանիշները չեն ներառում Թուրքիայում մի քանի ամսով կամ տարիներով աշխատող հայ միգրանտներին:

«Հայազգի աշխատանքային միգրանտները Թուրքիայում» հետազոտության արդյունքների համաձայն, որն իրականացրել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը եւ Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնը Թուրքիա ժամանած հայաստանցիների 48%-ը Շիրակի մարզից են, ինչի պատճառը, 1988թ. ավերիչ երկրաշարժն էր։
Համաձայն ուսումնասիրության’ Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայաստանցիների 96%-ը կանայք են, 4%-ը՝ տղամարդիկ։ Պատճառը նրանում է, որ կանացի աշխատանքները Թուրքիայում ավելի շատ են: Հայ կանանց 72%-ը աշխատում է որպես տուն մաքրող, 18%-ը՝ հիվանդապահ, 6%-ը՝ վաճառող, 4%-ը’ այլ ոլորտներում։ Նրանք ամսական վաստակում են 500-1000 ԱՄՆ դոլար։ Իսկ տղամարդիկ հիմնականում զբաղված են կոշկակարությամբ կամ ոսկերչությամբ:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հայ-թուրքական նախագծերի համակարգող, թուրքագետ Արտակ Շաքարյանը, վերլուծելով հետազոտության արդյունքները, ասում է, որ կանանցից շատերը միջին մասնագիտական կրթություն ունեն: Թուրքիայում ավելի շատ գործ են անում, քան Հայաստանում: Նաեւ խոստովանում են, որ նույն այդ աշխատանքը չեն անի Հայաստանում, պատճառաբանելով, որ Հայաստանում իրենց ճանաչում են:
Թուրքիայում անօրինական բնակվող միգրանտներից շատերը, տարիներ առաջ Հայաստանից մեկնելիս, իրենց հետ տարել են նաեւ երեխաներին: Ոմանք էլ երեխաներ են ունեցել հենց Թուրքիայում: Ըստ հետազոտության արդյունքների’ այսօր Թուրքիայում ապրում են անօրինական միգրանտների 600-800 երեխա։

Թուրքիայում երկու տեսակի դպրոցներ կան’ հասարակ եւ հատուկ: Հասարակ դպրոցներ հաճախում են միայն թուրքերենին տիրապետող երեխաները, որտեղ միգրանտի երեխան չի կարող հաճախել: Հատուկ դպրոցների մեջ են մտնում ազգային փոքրամասնությունների դպրոցները, որտեղ էլ հաճախելու համար հայ միգրանտի երեխան պետք է գրանցված լինի որպես ազգային փոքրամասնության անդամ: Այսինքն’ նրանք չունեն հայությունը հաստատող որեւէ փաստաթուղթ:
«Այդ երեխաները ո´չ Թուրքիայի, ո´չ էլ Հայաստանի քաղաքացիներ են։ Չունեն անձը հաստատող որեւէ իրավական փաստաթուղթ, հետեւաբար եւ չեն կարողանում անգամ դպրոցներ հաճախել», – ասում է թուրքագետը:

Առանց բնակության եւ աշխատանքի թույլտվության հարեւան երկրում աշխատող հայ միգրանտների հարցն անմիջապես օրակարգ է մտնում, երբ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրներ են առաջանում. սակայն այս մարդիկ պարզապես փորձում են այնտեղ ապրել եւ վաստակած փողից իրենց ընտանիքներին ուղարկել:

Հայազգի միգրանտների կյանքը Ստամբուլում
Վանաձորցի 55 ամյա Սուսաննա Դավթյանը արդեն երեք տարի է չի տեսել հարսին’ Գայանեին, ով մեկնել է Թուրքիա արտագնա աշխատանքի: Սուսաննան ապրում է դպրոցահասակ թոռների հետ և սպասում տղայի ու հարսի վերադարձին: Տղան էլ, արդեն մի քանի տարի է աշխատում է Ռուսաստանում:

«Էս են մեր երկրի երիտասարդ ընտանիքները: Տղասը Ռուսաստանում է, հարսս’ Թուրքիայում»,-պատմում է Սուսաննան, – «Այստեղ աշխատանք չկա: Ճիշտ է, կարոտում ենք, հատկապես երեխաները, բայց դիմանում ենք»:

Սուսաննայի հարսը’38 ամյա Գայանե Պետրոսյանը, Ստամբուլում երեք տարվա ընթացքում աշխատել է որպես դայակ,խնամել է հիվանդների ու մեծահասակաների: Ստամբուլ է մեկնել մոր եւ մորաքրոջ հետ միասին: Վաստակում է ամիսը 500-600 դոլար:

Գյումրիից Էմմա Մխիթարյանը պատմում է, որ տղան ու հարսը տասը տարի է’Ստամբուլում են: Մեկնելուց իրենց հետ տարել են նաեւ հնգամյա աղջկան’Անուշին: Այնտեղ ունեցել են եւս մեկ աղջիկ: Էննան ասում է, որ տղան մի քանի անգամ եկել, գնացել է, բայց հարսը չի կարողանում գալ:
«Դե փոքր աղջիկը հիմա արդեն 6 տարեկան է, մեծը’15: Հատկապես խնդիր է երեխաների կրթության հարցը: Իրենք այնտեղ ապրում են առանց հստակ կարգավիճակի, փաստորեն’ անօրինական: Փոքր աղջիկն ընդհանարապես ծննդական էլ չունի, անգամ չգիտենք’ինչպես
Հայաստան կկարողանան բերել», – պատմում է Էմման:

Ստամբուլում երեխաների դայակությամբ զբաղվող, ապօրինի միգրանտ 38-ամյա Գայանե Պետրոսյանը ասում է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո, մի պահ շատ էր վախեցել ու մտածում էր անգամ Հայաստան վերադառնալու մասին:

«Իմ գործատուն ասում է, որ ես չնեղվեմ, ինձ հետ շատ լավ է վերաբերվում, ոչ մի թշնամանք: Բայց նաեւ մի տեսակ լարվածություն է մտել իմ մեջ: Դե ինչ էլ լինի, օտար հողում եմ, այն էլ Թուրքիայում, երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել,-ասում է Գայանեն,- Սակայն դեռ չեմ պատրաստվում վերադառնալ: Կաշխատեմ, որքան հնարավոր է, քանի հարաբերությունները շատ չեն սրվել: Որ գնացի Հայաստան, ի˚նչ պետք է անեմ, որտեղ պետք է աշխատեմ»:

Գայանեն ասում է, որ Հայաստանից էլ ընտանիքի անդամներն ու հարազատներն են շատ հաճախակի զանգահարում, որպեսզի իմանան ինչպես է: Ասում է, որ ընդհանրապես Հայաստանից զանգերը հաճախակի են դարձել բոլորին:

«Մերոնք վախեցած են, բայց ես իրենց հա հանգստացնում եմ: Վերջապես, եթե որեւէ բան շատ վատ լիներ, ես հիմա Հայաստանում էի», – ասում է նա:
Ստամբուլի ամենահին հայկական թաղամասերից մեկը’ Գումգափուն, այսօր լի է հայալեզու միգրանտներով:Նրանցից շատերը Թուրքիա են եկել զբոսաշրջության 30-օրյա վիզաներով, սակայն ապրում են այստեղ արդեն 5-10 տարի:

Քաղաքում Հայոց կաթողիկոսարանի հարեւանությամբ գտնվող այս հատվածում խանութների ցուցափեղկերում հաճախ աչքի են զարնում դեպի Երեւան օդանավերի եւ ավտոբուսների տոմսերով հայտարարությունները եւ մատչելի գներով Հայաստան զանգելու հնարավորություն ընձեռող հեռախոսաքարտերի գովազդները: Իսկ մթերային խանութների ցուցափեղկերին կարելի է տեսնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկարը:

Գումգափուում բնակարան վարձելիս’հայ միգրանտները հաճախ 4-5 հոգու հետ մեկ սենյակ են կիսում: Երկրում բնակության պաշտոնական թույլտվություն չունեցող երեխաները զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից եւ փոխարենը խաղում են փողոցներում, մինչ նրանց մայրերն աշխատում են որպես տուն մաքրող, դայակ կամ վաճառողուհի:
48-ամյա Նառան Սպիտակ քաղաքից է, սակայն այժմ Գումգափուի շուկայում ապրանք է վաճառում: Էրդողանի հայտարարություններին նա հրաժարվում է հավատալ:
«Մենք քաղաքական հակասություններ չունենք: Մենք ուղղակի փորձում ենք փող վաստակել եւ մի փոքր գումար ուղարկել մեր հարազատներին», – ասում է նա’կարծես ամաչելով իր կատարած աշխատանքից:

«Հայաստանում ես այս աշխատանքը չէի անի: Պարզապես չէի ուզենա այն անել: Գուցե ես ճիշտ չեմ մտածում, չեմ ուզում վիճել, բայց ես այդպես եմ զգում: Հավատացեք, վաստակածիս միայն 50 դոլարն եմ ինձ վրա ծախսում, իսկ մնացածն ուղարկում եմ ամուսնացած որդուս եւ աղջկաս: Երբեմն մտածում եմ’լավ է, որ այստեղ’երեխաներիս աչքից հեռու եմ աշխատում եւ օգնում նրանց: Սա է այն ամենը, ինչ ես կարող եմ անել: Ես աշխատում եմ մի երկրում, որը ե´ւ մեզ համար է թշնամի, ե´ւ մեզ է իրեն թշնամի հայտարարել: Սրանից ավելի էլ ի՞նչ կարող եմ անել»:
Էջմիածնից 60-ամյա Զոյա Պետրոսյանի աղջիկը ասում է, որ մայրը չի համաձայնվել հեռախոսով զրուցել, որովհետեւ վախենում է:

«Մամաս մի հիվանդ թուրք տղայի է խնամում, ապրում է հենց այդ տանը: Ինձ հետ հենց տանից է խոսում: Մաման շատ քիչ է դուրս գալիս տանից: Ասաց, որ չի ցանկանում ռիսկի գնալ ու էնտեղից խոսել»,-պատմում է Զոյայի աղջիկը’Քրիստինեն:
Նա ասում է, որ մայրն այնտեղ է մորաքրոջ հետ: Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո աղջկան ասել է, որ տանից դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում, որովհետեւ վախենում են, որ եթե հանկարծ բռնեն, կարտաքսեն երկրից: Անգամ փողոցում հայերեն չեն խոսում, որպեսզի կողքից չլսվի:
«Մաման վախեցած է, ես ամեն անգամ հետը խոսելուց դա զգում եմ: Հնարավոր է, որ շուտով վերադառնա», – ասում է Քրիստինեն:

Լալելիում’Ստամբուլի մեծ շուկաներից մեկում, որը հայտնի է հետխորհրդային երկներից բերված ապրանքներով, հայերից շատերն աշխատում են մեծածախ առեւտրով զբաղվող խանութներում. այստեղ նրանց օգնում է ռուսերենի իմացությունը: 43-ամյա Նարինեն 10 տարի առաջ է եկել Ստամբուլ եւ այժմ աշխատում է շուկայի ոսկերչական խանութներից մեկում:
«Ստամբուլ եկել եմ 2000 թվականին: Վաճառել եմ տունս Գյումրիում եւ ստիպված եկել այստեղ, որովհետեւ ամուսինս լուրջ հիվանդ էր: Ես շատ էի աշխատում, ցանկացած պատահած գործ անում: Ռեստորաններում հատակ էի ավլում, աման լվանում: Հետո սկսեցի աշխատել այս խանութում», – ասում է նա:

«Մեզ նման աշխատանք գտնել ցանկացողների համար սա ամենամոտ եւ ամենաէժան երկիրն է: Ընդամենը 10 դոլարով կարելի է հեշտությամբ վիզա ստանալ սահմանի մոտ: Բացի այդ, տրանսպորտը եւս էժան է. Վրաստանի տարածքով Թուրքիա տանող ավտոբուսի տոմսն արժե
ընդամենը 100-140 դոլար: Երբ նոր էինք եկել Թուրքիա, աշխատում էինք տեղացի հայերի տներում: Ոմանք մեզ որպես հյուրերի էին վերաբերվում, բայց կան այնպիսիները, ովքեր հայերին չեն սիրում… », – ասում է նա:

Հայաստանցի միգրանտները երբեմն դժվարությունների են բախվում պոլսահայերի տներում աշխատելիս: Նրանց խոսքերով’տեղացիերը կարծում են, թե իրենք կոպիտ են, ագահ եւ ճաշակից զուրկ են: Նրանցից շատերը արհամարհանքով են նայում հայաստանցիների վրա եւ վատ են վարվում նրանց հետ:

38-ամյա Սոնան 7 տարի առաջ եկել է Ստամբուլ Էջմիածնից:
«Երբ սկսեցի հայ ընտանիքում աշխատել, առաջին ճաշից հետո միրգ մատուցեցին, եւ ընտանիքի մայրը մի բանան վերցրեց’բացատրելով ինձ. «Սա բանան է, շատ համեղ միրգ է, այն պետք է մաքրել, նոր ուտել, երբեւէ բանան կերե՞լ ես»: Չեմ կարող նկարագրել, թե ինչ նվաստացած էի ինձ զգում….»,-պատմեց նա:

Գումգափուի ձկան ռեստորանների հարակից փողոցում գտնվող մի տուն կա, որը սովորական բնակելի շենք է հիշեցնում, սակայն ներսից այն նման է ապաստարանի, որտեղ սենյակներն իրարից վարագույրերով են բաժանվում, իսկ բնակիչները փոքրիկ գազօջախների վրա են ճաշ պատրաստում. այստեղ աղքատությունն աչքի է զարնում:

Անահիտը 15 տարի առաջ է Գյումրիից եկել Ստամբուլ: Նա երկու երեխա ունի, բայց այժմ միայն 12-ամյա դուստրն է նրա հետ: Աղջիկը բնակության թույլտվություն չունի, հետեւաբար ո´չ հասարակ, ո´չ էլ հատուկ փոքրամասնությունների համար նախատեսված դպրոց հաճախել չի կարող: Մինչ նրա մայրը որպես տուն մաքրող է աշխատում, աղջիկը տանն է նստում’զրուցելով ընկերների հետ երբեւէ չտեսած հայրենիքի’Հայաստանի մասին:

Այն հարցին, արդյոք Գումգափուի փողոցներն անվտանգ են աղջիկ երեխա մեծացնելու համար, Անահիտը լացակումած պատասխանեց.
«Աղջկաս ծնվելուց 4 տարի անց, ես որդի ունեցա: Երբ նա 5 տարեկան դարձավ, այն ժամանակ այստեղ եղած մայրս, ով ամուսնացել էր սեւծովյան Սամսուն քաղաքից մի թուրքի հետ, առաջարկեց տանել երեխայիս իր հետ Սամսուն եւ նրան իր եւ ամուսնու անունը տալ, որպեսզի նա բնակության թույլտվություն ստանա եւ կարողանա դպրոց գնալ»:

«Երկու երեխա պահելը շատ դժվար էր ինձ համար, եւ ես ընդունեցի առաջարկը: Հիմա տղաս 8 տարեկան է, սովորում է երկրորդ դասարանում: Նա հայերեն չի խոսում, եւ մենք հեռախոսով թուրքերեն են խոսում: Վերջին խոսակցության ժամանակ նա ինձ պատմեց, որ քեռի Մուզաֆերը (այդպես է նա կոչում խորթ հորը), իրեն մահմեդական աղոթքներ է սովորեցնում: Այլեւս վստահ չեմ երեք տարի առաջ ընդունած իմ որոշման վրա: Երբեմն կյանքն անտանելի է»,-շարունակում է նա
Ստամբուլի այս հին թաղամասը, որտեղ Թուրքիայի Հայոց կաթողիկոսարանն է հիմնադրվել, վաղուց ի վեր տեղական հայ համայնքի օջախն է եղել:

1960 թվականից հետո, երբ Գումգափուն վտանգավոր թաղամասի համբավ ձեռք բերեց, այստեղ հաստատված հայկական համայնքը տեղափոխվեց քաղաքի այլ հատվածներ’Բաքիրքոյ,Քադիքոյ, Եսիլքոյ, Սիսլի: Նրանց դատարկ տները, որոնց որոշ մասը դեռ կաթողիկոսարանին է պատկանում, այսօր միգրանտների նոր ալիքի համար են որպես ապաստան ծառայում. նրանց երեխաները, ինչպես 50 տարի առաջ, այսօր էլ խաղում են փողոցներում:

Ալին Օզինյանը լրագրող է եւ Թուրքիայի հարցերով փորձագետ:

Գայանե Մկրտչյանը Armenianow էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net Կովկասյան լրատու պարբերականից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s