Ալին Օզինյան. Թուրքիայի անցյալի ու ապագայի մեջ գտնվում է 1915թ. անդունդը

Ալին Օզինյան. Թուրքիայի անցյալի ու ապագայի մեջ գտնվում է 1915թ. անդունդը

11:57 05/04/2011 » Քաղաքական

Ալին Օզինյան. Թուրքիայի անցյալի ու ապագայի մեջ գտնվում է 1915թ. անդունդը

“Ազգ” օրաթերթի խմբագիր Հ. Ավետիքյանի շնորհիվ տեղեկացանք, որ ս.թ մարտի 24-27-ին Ստամբուլում տեղի ունեցած “Ժամանակակից աշխարհում Թուրքիայի ինտեգրման քաղաքականություն” խորագրով համաժողովի ժամանակ, Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ երեք ամսվա ընթացքում Թուրքիան Փարիզ կգործուղի հայկական արմատներ ունեցող մի թուրք դեսպան:

“Ազգն” առաջինը, որպես աղբյուր ներկայացնելով Ստամբուլում ունեցած իր կապերը, բացահայտեց, որ Ա.Դավութօղլուի կողմից հիշատակվող հայազգի դեսպանը Տարոն Աճեմօղլուն է: Թուրքական մամուլը, տեսնելով հայկական մամուլում տեղի ունեցած վերոհիշյալ զարգացումները, ճշգրտման նպատակով պաշտոնապես դիմեց արտգործնախարարություն եւ Թուրքիայի ԱԳՆ չհերքեց, որ խոսքը Տ. Աճեմօղլուի մասին է, միաժամանակ պարզաբանելով, որ առաջարկվածը` դեսպանություն չէր, այլ ներկայացուցչություն Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում (OSCD):
Թուրքական մամուլն անդրադառնալով Տ. Աճեմօղլուի շատ զբաղված լինելուն եւ վերջնական պատասխանից խուսափելուն, բավական լայն տեղ տվեց Թուրքիայի կողմից “ոմն հայի որպես դիվանագետ Փարիզ գործուղելու նախապատրաստությանն ուղղված պատվավոր եւ ազնիվ քայլերին”:

Հատկանշական է, որ հայաստանյան որոշ լրագրողներ, չիմանալով գիտական ասպարեզում աննախադեպ հաջողությունների հասած Տ. Աճեմօղլուի վերջնական պատասխանը, կամ թուրքական պետության հանդեպ ունեցած վերաբերմունքը, շտապեցին “կոչ անել հայ ազգին, որպեսզի էլեկտրոնային փոստի միջոցով, կամ այլ ճանապարհներով, հասնել նրան եւ բացատրել, որ նման առաջարկն ընդունելը նշանակում է առնվազն դառնալ թուրքական հակահայկական քաղաքականության խամաճիկ”: Հաշվի առնելով, որ Տ. Աճեմօղլուն հասակ է առել Կ.Պոլսի հայաշունչ ընտանիքում եւ ամբողջովին “վայելել” փոքրամասնությունների նկատմամբ թուրքական քաղաքականությունը, թերեւս հայաստանյան “խորաթափանց” լրագրողների չափ կարողանում է հասկանալ թուրքական քաղաքականության ծալքերը, եւ գուցե հենց այդ պատճառով է գերադասել բնակվել եւ աշխատել արտասահմանում:

Ներկայումս Թուրքիայի “փոքրամասնությունների” եւ “հայկական Սփյուռքի” նկատմամբ անառողջ քաղաքականությունը շարունակում է զարգանալ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” (BDP), չափավոր իսլամիստական “Արդարություն եւ զարգացում” (AKP), քեմալիստական “Հանրապետական ժողովրդական”, (CHP), ինչպես նաեւ ծայրահեղ ազգայնական “Ազգայնական շարժում” (MHP) կուսակցությունների թեկնածուների շարքում նաեւ Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ներգրավելու ցանկությունը մեզ հիշեցնում է ժամանակակից թուրքական ժողովրդավարական թերթերում պարտադիր գլխաշորով կին լրագրող գործընկեր ունենալու պահանջը եւ զանգվածային արագ սպասարկման ռեստորաններում առնվազն մեկ հաշմանդամ աշխատակից ունենալու պարտավորվածությունը….

Այս առումով, չպետք է մոռանալ, որ սրանք ընդամենը քաղաքական առաջարկներ են եւ ուղղված են միայն Թուրքիայի միջազգային հեղինակությունը բարձրացնելուն: Հիշենք Լեո Հալեպլիին, ով ունենալով փայլուն կենսագրական համապատասխան տվյալներ, գերազանց հանձնեց “Եվրամիության գլխավոր քարտուղարության” Թուրքիայի ներկայացուցչությունում փորձագետի պաշտոնի համար նախատեսված բոլոր քննությունները: Նրա հաջողությունը դիտվեց, որպես “դրական խտրականության” օրինակ, այլ ոչ պետական ամոթ, քանի որ հիսունվեց տարի շարունակ Թուրքիայի “իրավահավասար քաղաքացի” հայերը, չնայած պետության կողմից գրավոր արգելքի բացակայության մասին բազմաթիվ հավաստիացումներին, նույնիսկ չէին համարձակվել դիմել որեւէ պետական պաշտոն ստանձնելու համար: Մի անգամ եւս թուրքական պետությունը եւ մամուլը վերոհիշյալը չկարողացավ ընկալել որպես Լ. Հալեպլիի անձնական հաջողություն, այլ դա ներկայացրեց, որպես երկրի զարգացման եւ ժողովրդավարության հաստատման նախաձեռնություններից մեկը:

Իրականում, նույնիսկ մամուլի բազմաթիվ հրապարակումների առկայության դեպքում Լ. Հալեպլիին քննությունները հանձնելուց հետո ամբողջ երկու տարի պահանջվեց բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկներ հաղթահարելու գնով իր պաշտոնում հաստատվելու համար, սակայն այս մասին մամուլը համեստորեն լռություն է պահպանում:

Այսօր ստիպված ենք կասկածել ոչ միայն հայերին բարձր պաշտոններ առաջարկող թուրքական պետության ազնվությանը, այլեւ այդ պաշտոններն ընդունելու պատրաստ թուրքահայերի առաքինությանը: Եթե մի հայ գայթակղվելով դառնա թուրքական պետության դեսպանը հայկական Սփյուռքի կարեւորագույն կենտրոններից մեկը հանդիսացող Փարիզում, ի՞նչ է անելու ապրիլի 24-ին, երբ Հայաստանի դեսպանը եւ տեղի հայերը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում են կազմակերպում: Դառնալով թուրքական պետական մեքենայի մաս, թուրքամետ լոբբիստական գործունեությու՞նն է ուղորդելու, “տխուր դեպքեր տեղի ունեցան, բայց պատերազմ էր, երկու կողմերից էլ զոհեր եղան, հարբուխը տարածված էր…..” եւ այլ նման արտահայտություններո՞վ է հանդես գալու, դեսպան դառնալու գնով պարտավորվելու է հերքել սեփական անցյա՞լը:

Կառավարությունը միայն վերջերս մտաբերելով, որ Օսմանյան կայսրությունում ամենհմուտ բժիշկները, ճարտարապետները, ամիրաները, պատգամավորները եւ դիվանագետները հայեր էին, ցանկանում է, կամ ուղղակի ձեւացնում է, որ ցանկանում է վերականգնել այն երբեմնի “համերաշխությունը”, երբ կայսրությունում կային 22 հայ փաշաներ, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Այս պատճառով ստեղծվեց մի բավական հաջող “սիմուլյացիա”. հայազգի պատգամավորներ, հայազգի դիվանագետներ. ի~նչ լուսավոր էր անցյալը, դե եկեք վերականգնենք ու շարունակենք…

Փոքրամասնություններին, կամ օսմանյան ժամանակներում գործածված եւ ներկայումս կրկին մոդայիկ դարձած “ոչ մուսուլման համայնքին” հասարակության մեջ ներառնելուն ուղղված վերոհիշյալ քաղաքականությունը չի հաջողվելու, քանի որ փորձեր չեն արվում այդ մարդկանց նախ դարձնել լիակատար իրավահավասար քաղաքացիներ եւ ընդունել առանց խտրականության: Թուրքիայում քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ ժողովրդավարական պետության հաստատմանն ուղղված քաղաքականությունը հայերի համար սկսվելու է նախ անարգել թաղապետարանի պաշտոնյա, պետական դպրոցում պատմության ուսուցիչ, զինվորական, կամ էլ առնվազն հաստիքային աղբահավաք դառնալով, առանց դրանք, որպես “բարեխնամ” կառավարության հանդուրժողականության արտահայտություն ներկայացնելու:

Անցյալի դեպքերը տրամաբանությունից զուրկ ուսումնասիրելը եւ այդ քաղաքականությանը հայերին մասնակից դարձնելը շատ անխիղճ մոտեցում է: Մենք կկարողանանք արտասահմանում պատշաճ ներկայացնել Թուրքիան, երբ կհավատանք այդ երկրի պատմությանը, դատավարությանը, հավասարությանը եւ ազատությանը: Սակայն ընդամենն ասվում է, թե հարյուր տարի առաջ կային հայ դիվանագետներ, այսօր ինչու չլինեն….

Օսմանյան կայսրության Խորհրդարանի վերջին պատգամավորը Թալեաթի մտերիմ ընկեր Գրիգոր Զոհրապն էր, ի՞նչ եղավ Զոհրապին: Եթե այս պահին կան հայեր, որոնք պատրաստվում են դառնալ պատգամավոր եւ չեն կարողանալու առաջինն այս հարցը բարձրացնել Խորհրդարանում, թող միայն պատգամավոր լինելու հաճույքը վայելելու համար չսկսեն այդ գործը: Անցյալի ու ապագայի մեջ գտնվում է 1915թ. անդունդը: Մինչեւ չկարողանանք լցնել այդ վիհը, չենք կարողանալու միացնել անցյալն ու ապագան:

Որոշ կրճատումներով տպագրվել է “Ակոս” շաբաթաթերթի թիվ 782 առ 31.03.2011թ. համարում:

One comment

  1. thank you for a brilliant article.
    kind regards
    suzanne khardalian holmquist

    film director

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s