ՈՎ Է ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԸ

1

http://www.newneighbors.am/am/news.php?cont=3&rg=2&date=30.12.2005&month=13&year=2005

 

ՈՎ Է ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԸ

 

Ընտանիքը, ընկերները, անհաջողությունները…

Առաջին մաս

30.12.2005

Ալին Օզինյան

Թուրք հանրահայտ գրող Օրհան Փամուքի դեմ, Շվեյցարիայում լույս տեսնող մի ամսագրի տված հարցազրույցում ասածների համար, Թուրքական պետության կողմից դատական գործընթաց սկսվեց: Օրհան Փամուքը հարցազրույցի ժամանակ ընդգծել էր, որ Թուրքերը 20րդ դարի սկզբում ոչնչացրել են մեկ միլիոն հայերի և երեսուն հազար քրդերի, որը Թուրքական պետության և Թուրքիայի քաղաքացիների մեծ մասի կողմից դիտվում է որպես ազգի դավաճանություն: Այս ամենը հայտնի է հայ ընթերցողին:

Վերջին օրերին Օրհան Փամուքի դեմ դատական գործընթացը գտնվում է ոչ միայն թուրքական մամուլի, հասարակության և մտավորականների, այլ նաև եվրոպական պաշտոնյաների ուշադրության կենտրոնում: Մինչև դատավարության, նրա հետևանքների և ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա թողած ազդեցության անդրադառնալը, եկեք նախ մի քիչ մոտիկից ուսումնասիրենք և ճանաչենք Փամուքին, որին հայաստանցիները սկսեցին ճանաչել ոչ թե իր ստեղծած գրականության, այլ հենց այս դատական գործընթացի շնորհիվ:

Փամուքի հայրական կողմից ավագ ծնողները 1850-1860-ական թթ. կովկասյան գաղթի ժամանակ վերաբնակեցվում են Թուրքիայի Մանիսա քաղաքի Գյորդես համայնքում: Այդ տարիներին նրանք համարվում են Գյորդես համայնքի կարևոր ընտանիքներից, քանի որ ընտանիքի անդամներից շատերը համայնքի քաղաքական կյանքում հասնում են կարևոր պաշտոնների: Փամուքն իր հայրական կողմը բնութագրելիս օգտագործում է «թուրքացած չերքեզներ» սահմանումը: 1890-ական թվականներին ընտանիքը նախ տեղափոխվում է Իզմիր, իսկ ավելի ուշ` Ստամբուլ:

Փամուքի մայրական կողմի արմատները ծնունդ են առնում Կրետե կղզուց: Փամուքի մայրը 1870-ական թվականներին Կրետեի կուսակալ հանդիսացող` «քափթան-ը դերյա» ծովերի նավապետ» Իբրահիմ Փաշայի ծոռներից է: 20րդ դարի սկզբում ընտանիքը նույնպես տեղափոխվում է Ստամբուլ….

1949 թ.-ին Փամուքի հայրը` Գյունդյուզ բեյը և մայրը` Շեքյուրե հանըմը ծանոթանալով որոշում են ամուսնանալ: Փամուքն իր կյանքի մասին պատմելիս միշտ նշում է, որ կինոթատրոնը իր կյանքում մեծ կարևորություն ունի, քանի որ իր ծնողները միմյանց սիրահարվել են Ստամբուլի կինոթատրոններից մեկում: Նրանց առաջնեկը` Շեվքեթը ծնվում է 1950 թ.-ին, իսկ Օրհանը 1952 թ.-ին:

Փամուքենց ընտանիքում մեծ ճգնաժամ է տեղի ունենում, երբ մահանում է Օրհանի պապը: Օրհանը պատմում է. «Պապիկիս մահը շատ մեծ ազդեցություն ունեցավ մեր ընտանիքի` հատկապես իմ մանկության վրա… Հայրս և հորեղբայրս սկսեցին անգիտակցաբար ներդրումներ անել, աճուրդների մասնակցել, որի հետևանքով տեղի ունեցան մեծ նյութական կորուստներ: Իմ մանկության հուշերի մեծամասնությունը կապված է տատիկիս հետ: Նա միշտ արտասվում էր, երբ մերոնք նորից մի անշարժ գույք էին վաճառում: Շատ էր վախենում, որ աղքատանալու և սնանկանալու ենք: Չսնանկացանք, սակայն նյութապես քայքայվեցինք: Փաստորեն, պապիկիս մահին զուգահեռ մեր դրամական մեխանիզմն էլ դադարեց գոյություն ունենալ:

Այդ տարիներին հայրս, թողնելով մեզ, փախավ Փարիզ: Նա Ստամբուլ վերադառնալուց հետո IBM-ի, AYGAZ-ի, և KOC HOLDING-ի նման շատ կարևոր ընկերություններում աշխատեց որպես ղեկավար: Այնուհետև կապեր հաստատեց HALK PARTISI (Ժողովրդի կուսակցության) հետ: Մեր ընտանիքը սկսեց մոտ լինել այս կուսակցությանը, և դա ուներ մի շատ պարզ պատճառ: Մեր ընտանիքը կրկին հարստանում էր…»:

Փամուքն իր աշակերտության տարիներին բոլորի մոտ ծույլ,կատակասեր, շփացած աշակերտի տպավորություն է թողնում: Օրհանը դեռևս 6-7 տարեկանից սկսում է նկարել, որը շարունակվում է մինչև նրա` 22 տարեկան դառնալը:

Ավարտելով Ռոբերտ քոլեջը, որը Ստամբուլի առաջին ամերիկյան քոլեջն է, նա ընդունվում է Ստամբուլի տեխնիկական համալսարանը` իր հոր և պապի նման ճարտարագետ դառնալու մտադրությամբ: 1970 թ.-ին` երրորդ կուրսը ավարտելուց հետո, իր ցանկությամբ հեռանում է համալսարանից` հասկանալով, որ ինքը պետք է ուրիշ բաներով զբաղվի:

Չցանկանալով ծառայել բանակում` նա դիմում է Ստամբուլի համալսարանի ժուռնալիստիկայի բաժին: 1977 թ.-ին, ավարտելով համալսարանը, կրկին նույն նպատակով դիմում է մագիստրատուրա:

Փամուքը 22 տարեկանում որոշում է, որ պետք է վիպասան դառնա ու դադարեցնում է նկարելը: Քոլեջի վերջին տարիների նրա մոտ մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Նա սկսում է հեռանալ իր ընկերներից, որոնցից շատերը Թուրքիայի վերին խավին պատկանող ընտանիքներից են: Թուրք գրողը երիտասարդության տարիների մասին պատմելիս ասում է.

«Սկսել էի ձևավորել իմ անձնական աշխարհը, հիմա մտածում եմ, որ դա նաև պայմանավորված էր իմ ընտանեկան հարցերով: Տանը անընդմեջ անկապ խոսակցություններ, կռիվներ էին տեղի ունենում, հետևաբար` ես էլ ազդվում էի տեղի ունեցած դեպքերից: Չնայած վիճակը մոտավորապես նույնն է թուրքական ընտանիքների 70-80 տոկոսի մոտ, սակայն իմ ծնողները երկար չդիմացան, և 1972 թ.-ից սկսեցին առանձին ապրել, իսկ 1978 թ.ին պաշտոնապես ամուսնալուծվեցին: Հայրս 1989 թ.ին կրկին ամուսնացավ: Ես այդ տարիներին մորս հետ էի ապրում, քանի որ հայրս գտնվում էր ԱՄՆ-ում: Առաջին տարիներն էին, որ ես սկսեցի իմ առաջին վեպը գրել:

Այդ ժամանակահատվածում մայրս ոչ մի կերպ չփորձեց ինձ հասկանալ: Պատկերացրեք. դուք վեպ եք գրում և դա ձեր կյանքի իմաստն է, միակ նպատակը` գոյատևելու համար: Այդ ծանր աշխատանքի ընթացքում ձեզ հավատացնում են, թե դա պարզապես անհեթեթություն է, և ոչ մի օգուտ չի բերի խելքը գլխին մարդուն: Մի խոսքով` դժվար տարիներ էին, կարելի է ասել հայրս ավելի համբերատար էր, նրա մոտեցումը մորս հետ համեմատած ավելի դրական էր:

Շատ բաներ կային, որոնք գուցե դրդեցին ինձ գրելու. Օրինակ` երբեք չեմ ունեցել իմ ուզած ընկերուհին: Աղջիկների ուշադրությունը չէի կարողանում գրավել, նաև ընտանիքում ինձ բանի տեղ չէին դնում: Այս ամենի պատճառով ուզում էի գրել և ցույց տալ, թե ով եմ ես»:

Շարունակելի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2 http://www.newneighbors.am/am/news.php?cont=3&rg=2&date=12.01.2006&month=2&year=2006

 

 

12.01.2006

ՈՎ Է ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԸ

 

Ալին Օզինյան

Առաջին և վերջին քաղաքական գրքի, մրցանակների և երազանքների մասին

Երկրորդ մաս (Սկիզբը՝ 30 դեկտեմբերի)

Փամուքն արդեն 23 տարեկան էր, երբ որոշեց վիպասան դառնալ: Այդ պահից, մոտավորապես ութ տարի հեռանալով առօրյա կյանքից՝ սկսեց փակ կյանք վարել: Փամուքի միակ երազանքը հանրահայտ գրող դառնալն էր, և նա այս ուղղությամբ շատ էր աշխատում: Այդ տարիների մասին նա ասում է. «… Կարելի է ասել՝ բացի վեպ գրելուց ուրիշ ոչ մի բանով չէի զբաղվում: Ծանոթ մարդկանց, նույնիսկ՝ ընտանիքի անդամների մոտ այն կարծիքն էր տիրում, որ իմ հոգեկանը խանգարված է: Ինձ ամենևին չէր հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում: Գիտեի միայն մի բան` եթե չկարողանայի իմ նպատակին հասնել, կլինեի միայնակ, տխուր ու զայրացած մարդ….»:

Այդ տարիները հիշելիս՝ Փամուքն իրեն բնութագրում է որպես ձախակողմյան հայացքների տեր երիտասարդ, որը սակայն երբեք չի անդամակցել որևէ կուսակցության, քանի որ նա իրեն չէր համարում ակտիվ ոչ միայն քաղաքական կյանքում, այլ՝ ընդհանրապես:

Քաղաքական ցույցերի մասնակցելու փոխարեն՝ նա այդ տարիներին շարունակ կարդում է: Երիտասարդության տարիներին իր ամենասիրած գրողներն են` Մարսել Պրուստը, Սարտրը, Բորխեսը և Էդուարդ Սեյդը, որին համարում է «արևելագիտություն հասկացության հայրը» («Master of the Orientalism Concept»):

1982 թվականը Փամուքի կյանքում կարևոր տարի էր: Նա ամուսնանում է Այլինի հետ՝ այդ օրերին միակ անձի, որը փորձում է հասկանալ նրան: Այլին Թերեգյունի մայրը ռուս էր, որի ընտանիքը Ռուսական հեղափոխության ժամանակ տեղափոխվել էր Թուրքիա: Ամուսնության առաջին տարիներին Այլինը սովորում էր համալսարանում, այդ պատճառով նրանց առաջնեկը ծնվում է 1991 թվականին: Փամուքի ցանկությամբ իրենց դստերը կոչում են Ruya՝ «երազ»:

Բացի ամուսնությունից՝ այս թվին տեղի է ունենում նաև մի շատ մեծ իրադարձություն՝ Փամուքի առաջին գիրքը լույս է տեսնում: Միգուցե դա ավելի մեծ երջանկություն է պատճառում թուրք գրողին…

Փամուքի առաջին գիրքը` «Պարոն Ջեվդեթ և որդիները», որը Ստամբուլում ապրող հարուստ մի ընտանիքի երեք սերունդների կյանքի մասին մի պատմվածք է, Թուրքիայում արժանանում է Օրհան Քեմալի և Միլլիյեթի անվան մրցանակներին: Դա Փամուքի համար ուշացած մի հաջողություն էր, նաև՝ մի նշան, որ ինքը վաղ թե ուշ կհասնի իր նպատակին:

Թուրք գրողի հաջորդ գիրքը` «Լռակյաց տունը», լույս է տեսնում առաջին գրքից անմիջապես մեկ տարի հետո` 1983 թվականին: Այս գիրքը 1991 թվականին Ֆրանսիայում ֆրանսերեն թարգմանությամբ լույս տեսնելուց հետո արժանանում է «Prix de la decouverte europeene» մրցանակին:

1985 թվականին հրատարակվում է Փամուքի երրորդ գիրքը` «Սպիտակ ամրոց»-ը, որը պատմում էր վենետիկցի մի ստրուկի ու օսմանցի մի գիտունի ընկերության մասին: 1990 թվականից սկսած՝ «Սպիտակ ամրոց» գիրքը թարգմանվեց նախ անգլերեն, իսկ հետո՝ բազմաթիվ լեզուներով: Այս գրքը տարբեր լեզուներով լույս տեսավ արտասահմանում: Փամուքն այս գրքի շնորհիվ արտասահմանում ամենամեծ ժողովրդականություն վայելող թուրք գրողը դարձավ:

1985 թվականին Փամուքը կնոջ հետ մեկնում է ԱՄՆ, որտեղ ապրում է մոտավորապես երեք տարի: Այդ տարիների ընթացքում նա աշխատում է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում: Այստեղ նույնպես, մեկուսանալով, սկսում է գրել իր չորրորդ գիրքը, որին տալիս է «Սև գիրք» վերնագիրը: Գիրքն ավարտում է արդեն Ստամբուլում՝ 1988-1990 թվականներին, որտեղ և այն լույս է տեսնում:

Այս գրքում, պատմելով կնոջն անհայտ կորցրած մի իրավաբանի կյանքը, Փամուքը փորձում է ընթերցողին մանրակրկիտորեն ներկայացնել հին Ստամբուլը և նրա մշակութային կյանքը: 1991 թվականին այս գիրքն էլ նախորդների նման մեծ արձագանք է գտնում Եվրոպայում և արժանանում «Prix France Culture» մրցանակի: Հետագայում ‎այս վեպի մի մասից ազդվելով՝ Փամուքը գրում է «Գաղտնի դեմք» պատմվածքը, որը նաև նկարահանվում է:

1994 թվականին լույս է տեսնում «Նոր կյանքը», որը պատմում է Թուրքիայի համալսարանների ուսանողության կյանքի մասին: Այս գիրքը թուրքական նորագույն շրջանի գրականության ամենակարևոր աշխատություններից է համարվում:

Փամուքի ամենաշատ վաճառված` «Իմ անունը կարմիր է» գիրքը, որը լույս է տեսնում 1998 թվականին, արժանանում է Ֆրանսիայում «Prix Du Meilleur Livre Etranger» մրցանակի: Իսկ ավելի ուշ` 2002 թվականին, Իտալիայում «Grinzane Cavour», և 2003 թվականին «Impac-Dublin» մրցանակների:

1990-ական թվականների երկրորդ կեսից Փամուքը սկսում է նաև Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի ազատության և էթնիկ փոքրամասնությունների մասին հոդվածներ գրել: Թուրք գրողի մոտեցումները վերոհիշյալ հարցերում բոլորովին տարբերվում են երկրում իշխող քաղաքականությունից: Այս հոդվածներում զգացվում է, որ նա որոշ չափով քննադատում է թուրքական պետությունը: Սակայն այդ տարիներին նա դեռևս խիստ պասիվ էր քաղաքականության ոլորտում:

1999 թվականին արտասահմանյան և թուրքական թերթերում լույս տեսած հոդվածներին ավելացնելով իր անձնական օրագրից որոշ մասեր՝ Փամուքը կազմում է մի հավաքածու, որը հրատարակվում է «Այլ գույներ» անվան տակ:

2002 թվականին լույս տեսած «Ձյուն» գիրքը, որը Փամուքը անվանում է «Իմ առաջին և վերջին քաղաքական գիրքը», շատ մեծ արձագանքներ ունեցավ Թուրքիայում: Գրքի թեման Թուրքիայի արևելյան քաղաքներից մեկի` Կարսի քաղաքական կյանքի մասին էր, որտեղ նկարագրվում էր թուրք իսլամիստների, զինվորականների, աշխարհիկ պետության կողմնակից քաղաքական գործիչների, քուրդ և թուրք ազգայնականների միջև առկա հարցերը և լարվածությունը:

Փամուքի վերջին գիրքը` «Ստամբուլը» լույս տեսավ 2003 թվականին: Հեղինակն այս գրքում խոսում է Ստամբուլի և իր կյանքի հուշերի մասին: Գրքում կարելի է տեսնել նմուշներ արտասահմանյան և թուրք լուսանկարիչների գործերից, ինչպես նաև Փամուքի ընտանեկան ալբոմից տարբեր տարիների զանազան լուսանկարներ:

2005 թվականին Փամուքի «Ձյուն» գիրքը Գերմանիայում արժանանում է «Le Prix Medicis Etranger» մրցանակի, որը սկսել է շնորհվել 1950 թվականից և համարվում է Գերմանիայի ամենամեծ մրցանակը` մշակույթի բնակավառում: Նույն թվականին հեղինակի «Իմ անունը կարմիր է» գիրքը թարգմանվում է ճապոներեն: Փամուքի գրքերը, այս վերջին թարգմանությունն էլ ներառյալ, թարգմանվել են 33 լեզուներով:

Շարունակելի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 http://www.newneighbors.am/am/news.php?cont=5

 

 

 

21.01.2006

 

Հանուն Նոբելյան մրցանակի՞, թե հանուն արդարության

 

 

 

Ով է Օրհան Փամուքը

Երրորդ մաս (կարդալ նախորդ մասը)

Ալին Օզինյան

Գրականության գծով Նոբելյան մրցանակի հավանական թեկնածու Փամուքի դեմ հարուցված դատական գործը հարցականի տակ էր դնում Թուրքիայի ցանկությունը` ընդունելու եվրոպական քաղաքական արժեքները, այնուհետև պատրաստակամությունը` անդամակցելու Եվրոպական միությանը:

Ինչպես հիշում ենք, թուրքական և արտասահմանյան լրատվամիջոցները նշում էին, որ հանրահայտ գրողի դեմ դատական գործընթացը գտնվում է եվրոպական պաշտոնյաների ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես` ԵՄ խորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Քամիել Եուրլինգսը հայտարարել էր, որ թուրքական պետությունը լուրջ սխալ կգործի, եթե դատապարտի գրողին` իր համոզմունքների համար: Ավելին, խորհրդարանի սոցիալիստ պատգամավորները հայտարարել էին, որ Փամուկին դատապարտելը խելացնորություն կլինի:

Փամուքի դեմ դատական ընթացակարգի շարունակության հետևանքներին անդրադարձել էր նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար` Օլլի Ռենը, նշելով, որ դա բացասական է բնութագրում ԵՄ անդամության բանակցությունների ընթացքում Թուրքիայի առաջընթացը:

Փամուքի դեմ հարուցված դատական գործն այլևս կարճվել է, բոլոր տեսակետները մնացել են անցյալում: Այս պահին թերևս ավելի հետաքրքիր է, թե ինչ էին մտածում Թուրքիայի հասարակ քաղաքացին, ուսանողը կամ մտավորականը, որոնք դիվիդենտներ շահելու խնդիր չունեին այս ընթացքում:

Դեմ` դատավարությանը, սակայն դեմ նաև իրեն` Փամուքին

Օրհան Փամուքի դատավարությունը հետաքրքիր էր այն առումով, որ բաժանել էր երկու խմբի նաև այն մարդկանց, որոնք դեմ էին դատավարությանը: Այսինքն` կային որոշակի մարդիկ, որոնք ամենևին Փամուքի համախոհները չէին, սակայն դեմ էին դատավարությանը` համարելով դա խոսքի ազատության կոպիտ ոտնահարում:

Կարող ենք ասել, որ նրանց ավելի շատ հուզում է Եվրոպական միության անդամակցության հարցը, և իրենց կարծիքով կարելի է Փամուքի “ստերի” հետ պայքարել տարբեր մեթոդներով:

Իհարկե, բավականին մեծ թիվ են կազմում նաև այն մարդիկ, որոնք մեղադրում են Փամուքին` գրելու, մտածելու և նկարագրելու Թուրքիան այն ձևով, ինչպես դուր է գալիս եվրոպացիներին: Իրենց կարծիքով` Փամուքը Թուրքիան փորձում է տեսնել եվրոպացու աչքերով, որի պատճառը շատ պարզ է` արժանանալ Նոբելյան մրցանակին:

Փամուքին անվանելով “ազգի դավաճան”, կամ “գնված մտավորական”` նրանք պնդում են, որ Փամուքը դիտմամբ է ընդգծում հայերի և քրդերի ջարդը, քանի որ պայմանավորված է տարբեր խմբավորումների հետ:

Ազատ, բայց` չափավոր

Վերջին մի քանի տարիներին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա իշխող կուսակցությունը ընդունեցին մի շարք բարեփոխումներ, որոնք ի վերջո ճանապարհ հարթեցին հոկտեմբերին անդամակցության բանակցությունները սկսելու համար:

Բարեփոխումներից ոմանք արտահայտվելու առավել ազատություն են շնորհում, բայց օրենքը դեռ արգելում է թուրք ազգին, պետությանը եւ հիմնադիր Աթաթուրքին վիրավորել: Անօրինական վիրավորանքների և օրինական ձևով արտահայտված կարծիքների միջև եղած սահմանը հստակ չէ: Դրա հետևանքով էլ Թուրքիայում տասնյակ մարդիկ մեղադրվում են նույն հանցանքի մեջ:

Փամուքի դատավարության հարցով Թուրք ազգը դեռ մտազբաղ է:

Թուրքիայի հասարակ քաղաքացին, որի համար ամենաբարձր արժեքն իր ազգությունն է, որը ոչ միայն անկարող է Հայոց ցեղասպանություն արտահայտությունն օգտագործել, այլ նույնիսկ ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, թե թուրքերը կարող են վնասներ հասցրած լինել հայերին 20-րդ դարի սկիզբին, այս օրերին մտածում է Փամուքի գրածների ու դատավարության մասին:

Ճիշտ է, կրկին չի ընդունում, չի հասկանում նաև Փամուքին:
Բայց մյուս կողմից էլ մտածում է, թե ինչ են ասելու եվրոպացիները…

Օրեր առաջ, Փամուքի դատավարությունը հետաձգելիս, դատավորն արդարադատության նախարարին խնդրեց պարզել, թե գործը պե՞տք է առաջ տանել, թե՞ ոչ: Վերջինս պատասխանեց. “Շատ բան է կախված ներկա իրավիճակից մի ազգի, որը միշտ էլ քաղաքացիական ազատություններից ավելի գնահատել է ազգային միասնությունը: Շատ թուրքեր դեմ են Փամուքի եւ այլոց դատավարությանը, բայց, ըստ երևույթին, շատ ուրիշները դեմ չեն”:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s