Հայոց ցեղասպանությունը և «ֆուտբոլը»

erdogan-serzh-sargsyan
Չզարմանաք, եթե ապրիլի 24-ին Թուրքիայում նույնիսկ պաշտոնապես սուգ հայտարարվի՝ Առաջին աշխարհամարտի բոլոր զոհերի համար, իսկ արտասահմանյան որոշ թերթեր դա ներկայացնեն որպես Ցեղասպանության ցավ կիսող Թուրքիայի տեսլական:

Շարունակելով վերջին տարիների անհաջող ֆուտբոլային դիվանագիտությունը՝ Հայաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր փորձում են «գոլ խփել»:  Էրդողանի երդմնակալության արարողության մասնակից հայաստանյան պատվիրակությունը արտգործնախարարի մակարդակով Էրդողանին առձեռն հանձնել էր հարսանիքի հրավիրատոմս հիշեցնող հրավերը, որով նրան հրավիրում էր Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս հրավերով հայկական կողմը հերթական «փայլուն» քայլն արձանագրեց, որին հաջորդեց արդեն ծանոթ հպարտ և հաղթական հայտարարությունը՝ «գնդակը կրկին Թուրքիայի դաշտում է»: Մոռացվել էր այն, որ խաղի նպատակը ոչ թե գնդակն անընդհատ հակառակորդի դաշտ ուղարկելն է, այլ գոլ խփելը: Մոռացվել էր նաև մի ավելի կարևոր հանգամանք, որ Էրդողանը, բացի բռնապետ լինելուց, նաև թաղային լուրջ հեղինակություն է, մի մարդ, որն իրեն իրավունք է վերապահում բարձրաձայն վիրավորանք հասցնել ոչ միայն աշխարհի գերտերություններին, այլև իր երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու: Նա կոպիտ տոնով սովորեցնում է ինչպես գրել, ինչպես խոսել, ինչպես հագնվել, ինչպես աղոթել, քանի երեխա ունենալ՝ վարկաբեկելով և վիրավորելով իր և իր մերձավորների կենցաղից տարբեր կերպ ապրող մարդկանց:

Չուշացավ Էրդողանի կոպիտ ուղերձը, որը պետք է ընդունել որպես Սարգսյանի առաջարկի պատասխան: Էրդողանը լկտիաբար հրավիրում է Սարգսյանին այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայում նշվող Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին և դրա մասին հայտարարեց Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Էրդողանը չար երեխաներին բնորոշ հրճվանքով հայտարարեց. «Ես ու Ալիև եղբայրս այս միջոցառումներին ներկա ենք լինելու և հյուրընկալելու ենք տարբեր առաջնորդների»: Ալիևն էլ շնորհակալություն հայտնեց Էրդողանին միջոցառման օրը հենց ապրիլի 24-ին նշանակելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանը չի ցանկանում ներգրավվել որևէ լուծման գործընթացում:

Բնականաբար Հայաստանի նախագահը շատ արագ արձագանքեց՝ համարելով, որ խաղը շարունակվում է, և «հուժկու հարվածով գնդակն ուղարկեց հակառակորդի կիսադաշտ»:

Թուրքիան երկար ժամանակ ծաղրում է և՛ Հայաստանին, և՛ Ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներին: Էրդողանի այս անհարգալից և անմարդկային վերաբերմունքը ո՛չ առաջին անգամ է, ո՛չ էլ վերջինն է լինելու: Այս տարի ամեն ինչ արվելու է, որ աշխարհի ուշադրությունը շեղվի Հայոց ցեղասպանությունից, ինչպես անցած տարի դա բավական հաջողությամբ կատարվեց Էրդողանի ապրիլի 24-ի ուղերձի միջոցով: Այս տարի ավելի ուժեղ հերքողական քայլեր են արվելու: Չզարմանաք, եթե ապրիլի 24-ին Թուրքիայում նույնիսկ պաշտոնապես սուգ հայտարարվի՝ Առաջին աշխարհամարտի բոլոր զոհերի համար, իսկ արտասահմանյան որոշ թերթեր դա ներկայացնեն որպես Ցեղասպանության ցավ կիսող Թուրքիայի տեսլական:

Այս ամենն անակնկալ չէր: Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը քողարկված էր Ցեղասպանության հերքման նոր, փայլուն և խաբուսիկ փաթեթավորմամբ: Ժխտողական քաղաքականության հիմնական քայլերը կատարվեցին Դավութօղլուի «համատեղ ցավ» կոնցեպցիայի շրջանակում, որում փաստորեն ասվում էր, որ մինչև 1915-ը հայերն ու թուրքերը բարեկամներ են եղել, հայերն Օսմանյան կայսրությունում շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել, և այսօր պետք է մոռանալ անցյալի փոխադարձ դաժանությունները և փորձել վերակառուցել հարաբերությունները: Չնայած այս բանաձևն առաջ էր քաշվում և լայնորեն թմբկահարվում, սակայն չէր լուսաբանվում Հրանտ Դինքի ծրագրված սպանությունը և չէին պատժվում պետական այն պաշտոնյաները, որոնք ներգրավված էին այդ գործում:

Դինքը վերջինը չէր հայատյացության հետևանքով զոհվածների ցանկում: Դինքի ձերբակալված մարդասպանի հետ լուսանկարվելը պատիվ համարվեց թուրք ոստիկանների համար: 2011թ. ապրիլի 24-ին սպանվեց թուրքական բանակում ծառայող հայ զինվոր Սևակ Բալըքչին, իսկ թուրք մարդասպանն ազատ շրջում է: Ստամբուլի Սամաթիա թաղամասում ատելությանը զոհ գնացին տարեց կանայք, և իրական մեղավորներն անհայտ են, սակայն ձերբակալվել է մի խեղճուկրակ հիվանդ հայ երիտասարդ: Շարունակում է բանտում մնալ  շինծու մեղադրանքով ձերբակալված նշանավոր գիտնական Սևան Նիշանյանը:  Հայ համայնքը շարունակում է մնալ ճնշված, հայերի թիվն օրեցօր նվազում է հանրապետական շրջանում շարունակվող հակահայկական և հակաքրիստոնեական քաղաքականության պատճառով: Համալսարաններում պատվիրվում են հակահայկական, Ցեղասպանությունը ժխտող ավարտաճառեր: Ժխտողականության քաղաքանությանն աջակցում է Ադրբեջանը, անշուշտ ոչ առանց հետին մտքի: Ավելի ու ավելի զանգվածային ու ճոխ են նշվում Խոջալուի դեպքերը: Սակայն հայերին նաև արհեստական ազատություններ են տրվում,, կուսակցություններում առաջադրվում են հայ թեկնածուներ, հայեցողական պաշտոններում հայեր են նշանակվում. նշանավոր մտավորական Մահչուփյանը նույնիսկ նշանակվեց վարչապետի խորհրդական, հայերին թույլատրվում է եկեղեցի վերանորոգել, և դա թմբկահարվում է ամբողջ երկրով՝ ստեղծելով իրավահավասարության պատրանք:

Ֆուտբոլային խաղն ավարտված է, սպառվել է նույնիսկ լրացուցիչ խաղաժամանակը, խփվել են նաև տուգանային հարվածները: Այս խաղը հաշիվ չունի, առաջիկայում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s