Սուլթանն ու ցարը

alin-Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքագետներ ո փորձագետներ նմանեցնում են Պուտինին ու Էրդողանին: Իրավացի են նման հետևությունները, քանի որ երկու առաջնորդներն էլ և՛ ավտորիտար հակումներով, և՛ «միակ տղամարդու» կերպարով իրենց երկրներում կարողացել են կարևոր հետք թողնել:

Հատկապես արտաքին քաղաքականության մեջ երկուսն էլ ոչ ոքի առաջ «գլուխ չեն խոնարհում» և փորձում են մնալ «ասպարեզ կարդացողի» ոճի մեջ: Սակայն համաշխարհային մասշտաբի այս երկու «լավ տղերքը», երբ հարցը վերաբերում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին, մեղմանում են և տնտեսության շահերից ելնելով մինչև մազերի ծայրն ընկղմվում են պրագմատիզմի մեջ:

Դեկտեմբերի սկզբին Պուտինի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Թուրքիան կարողացավ Ռուսաստանից ստանալ ակնկալած բնական գազի զեղչը: Հայտարարվեց, որ այս պահին 35 մլրդ դոլար կազմող առևտրաշրջանառությունը 2020թ. հասցվելու է 100 մլրդ-ի: Քրդական հարցում, Սիրիայի, Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի, Կիպրոսի և Վրաստանի վերաբերյալ երկու առաջնորդների տարաձայնությունները ընդհանրապես խնդիր չհանդիսացան պայմանավորվածությունների գալու համար։

Երկու ղեկավարները, որքան էլ մի շարք հարցերում տարբեր արտաքին քաղաքականություն վարեն, համաձայն են որոշ ընդհանուր երևույթների, որոնք երկար տարիներ կիրառում են իրենց պետություններում: Հիմնականը միջնադարին բնորոշ ֆեոդալական կարգերը հիշեցնող «ԽԾԲ-ական» (խնամի-ծանոթ-բարեկամ) հարաբերություններն են: Ինչպես Պուտինը Ռուսաստանում յուրայիններին և մերձավորներին է բաշխում բնական գազի և նավթի արտահանման քվոտաները, այնպես էլ Էրդողանը Թուրքիայում՝ շինարարության և հանքարդյունահանման իրավունքը: Երկու առաջնորդներն էլ իրենց համագործակիցներից պահանջում են բացարձակ ենթակայություն և երախտագիտություն:

Այսպիսով, երկու երկրներում էլ տնտեսությունն աստիճանաբար անցնում է մոնոպոլիաներին, իսկ  քաղաքական կյանքը դառնում է միատարր և միապաղաղ։ Ինչ վերաբերում է երկու երկրներում իրավական պաշտպանվածությանը և մամուլի ազատությանը, ապա դրանք կրում են ժողովրդավարության դեկորատիվ բնույթ: Երկու լիդերն էլ չեն խուսափում կոշտ միջոցներ ձեռնարկելուց ժողովրդի այն հատվածի նկատմամբ, որը հանդես է գալիս ժողովրդավարության պահանջով և ազատությունների սահմանափակման դեմ:

Երկու ղեկավարներն էլ, հոգնելով ԱՄՆ և ԵՄ քննադատություններից և դրանց առանձնապես լուրջ չվերաբերվելով, իրենց դեմքը թեքում են դեպի արևելք և որպես այլընտրանք տեսնում են Չինաստանը, ԵՏՄ-ն և Շանհայի հնգյակը:

Այս առաջնորդների ուժի ցուցադրման «շոուն» Թուրքիայում, Ռուսաստանում և նույնիսկ Հայաստանում որոշ մարդկանց կողմից գնահատվեց որպես «ռեալպոլիտիկի» դրսևորում և գովասանքի արժանացավ այն համոզմամբ, որ այդ պրագմատիզմը բխում է պետական փոխադարձ շահերից:

«Ռեալպոլիտիկ» ուսումնասիրելիս չպետք է ընկնել ռոմանտիզմի թակարդը և այս ամենն  ընկալել որպես պետական շահից բխող խորամանկ քաղաքականություն: Այս բոլորը խոսում են ոչ թե պետական շահի, այլ ստեղծված մոնոպոլիստական վարչակարգի սեփական շահերի պաշտպանության մասին, կարճ ասած, ոչ թե քաղաքացիների, այլ իշխանության կերակրատաշտից օգտվողների:

Այնպես որ, Հայաստանին ո՛չ Պուտին է պետք, ո՛չ Էրդողան, ինչպես ցավոք երազում են շատերը, այլ ընդամենը պետք է ժողովրդավարություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s