Charlie Hebdo. ահաբեկչություն, Իսլամ և Թուրքիա

Charlie Hebdo-ն Ֆրանսիայի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիծական հանդեսն է: Վերջին դեպքերի ժամանակ սպանված գլխավոր խմբագիր Շտեֆան Գարբոլին աշխարհի ամենահանրաճանաչ և ամենալավ վարձատրվող երգիծաբաններից էր: Հանդեսն իր գործունեության ընթացքում երբևիցե «լավ» վերաբերմունք չի ցուցաբերել կրոնի նկատմամբ և մշտապես ծաղրել է ոչ միայն մուսուլմաններին, այլև քրիստոնյաներին ու հրեաներին:

Հանդեսը Ֆրանսիայում ընկալվում էր որպես ֆրանսիական հեղափոխության նախօրեին հատկապես Մարիա Անտունետին ծաղրող «սկանդալային բրոշյուրների» ավանդությունների այսօրվա կարևորագույն ներկայացուցիչ: (18-րդ դարում այս բրոշյուրների թիրախում էին սեքսուալ սկանդալները թագավորական ընտանիքների միջև, կոռուպցիան, իսկ այսօր՝ պահպանողական աջակողմյան քաղաքական գործիչները, ոստիկանությունը և բարձրաստիճան հոգևորականները):

150107120309-charlie-hebdo-620x348Թուրքիայում այս պարբերականը հայտնի դարձավ հատկապես այն ժամանակ, երբ 2006թ. հրապարակվեցին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Խմբագրությունը, չվախենալով սպառնալիքներից, 2011թ. կրկին սկսեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը, որից հետո նրա դեմ մոլոտովյան կոկտեյլներով  հարձակումներ տեղի ունեցան: Հանդեսը շարունակեց իր խիզախ ոճը և նույնիսկ 2012թ., երբ աշխարհում քննարկվում էր  «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, այս անգամ էլ տեղ տվեց Մուհամեդի մերկ ծաղրանկարների հրապարակմանը:

Վերջերս հանդեսը մեծ տեղ էր տալիս «Իսլամական պետության»՝ ISIS-ի թեմային:

Charlie Hebdo-ն միշտ պայքարեց մամուլի և խոսքի ազատության համար, և միլիոնավոր մարդիկ աջակցեցին նրան հենց այս նպատակով: Ուստի տեղի ունեցածը Արևմուտքի համար, անկասկած, ընդունվեց որպես ոճրագործություն մամուլի և խոսքի ազատության դեմ:

Այս պահին եվրոպական բոլոր պարբերականները և արևմտյան կառույցները դատապարտում են «հանուն իսլամի» տեղի ունեցած հանցագործությունը, սակայն դեռևս ոչ մի մուսուլմանական պետություն կամ իսլամական կառույց համապատասխան դատապարտող ելույթով կամ հայտարարությամաբ հանդես չի եկել:

Գնալով մեծանում է Արևմուտք-Իսլամ անջրպետը, քանի որ նման ահաբեկչական գործունեությունն ամենից առաջ մուսուլմանները պետք է դատապարտեին:

Ինչ է ասվում Թուրքիայում

Թուրքիայում կրոնական ուղղվածություն ունեցող թերթերը գրում են. «Մեր մարգարե էֆենդիի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուց տվող հանդեսի վրա են հարձակվել»: Ենթագիտակցության մեջ ներարկում են «արժանի էին, կամ իրենց հասնում է» միտքը: Նման  թերթերի համար գրող լրագրողները նույնիսկ սոցցանցերի իրենց անձնական հաշիվներում չեն թաքցնում հպարտությունը և կոչ են անում թուրքական որոշ ծաղրանկարիչների դաս առնել կատարվածից:

Մի կողմ թողնենք Թուրքիայի պահպանողական գրողներին: Նույնիսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաուշօղլուն, իր այսպես կոչված «դատապարտող» ելույթը սկսեց խոսքերով, որ «Եվրոպայում օրեցօր աճում է իսլամատյացությունը, պետք է պայքարել դրա դեմ, և Եվրոպայի թշնամական վերաբերմունքն է, որ մարդկանց մոտ զայրույթ է առաջացնում, պետք է դրա մասին էլ մտածել»: Սրանով արտգործնախարարը, կոպիտ ասած, կրկին շեշտում է այն միտքը, որ եվրոպացիներն էլ պակաս չեն: Համանման մտքեր արտահայտեց նաև նախագահ Էրդողանը թուրք դեսպանների ամենամյա հավաքի ժամանակ: Ժխտողականության քաղաքականությանը միացան իսլամիստ քաղաքագետներն ու փորձագետները, որոնք դեպքը սկսեցին բացատրել որպես միջազգային գերտերությունների խաղեր, Եվրոպայում իսլամն արժեզրկելուն ուղղված սադրանք, իսրայելյան դավադրություն: Նույնիսկ որոշ «ամենագետներ» դեպքը բացատրում են միջազգային հավասարակշռության ռազմավարական պլաններով:

Այո, Եվրոպայում աճում է իսլամատյացությունը, որն ունի նաև որոշակի պատճառներ. Սեպտեմբեր 11-ի դեպքերը Ամերիկայում, Թալիբանի արյունարբու գործողություններն Աֆղանստանում և Պակիստանում, ISIS-ի դահիճները և համացանցում տարածված սարսափ տեսանյութերը,  ինչպես նաև մինչ օրս չինտեգրվող և ինտեգրվելու ցանկություն չունեցող հազարավոր մուսուլման միգրանտները Եվրոպայում…

Հատկապես Սառը պատերազմի ժամանակ գերտերությունների կողմից օժանդակություն ստացան ահաբեկչական և նաև իսլամական խմբավորումները, սակայն չպետք է մոռանալ, որ դա միշտ եղել է փոխադարձ համագործակցության առկայությամբ, որոնք մեծանալով և ազդվելով տարբեր քաղաքական և ֆինանսական հոսանքներից՝ դարձել են Ալ Կաիդա, ISIS և այլն:

Այս պահին իրատեսական և ազնիվ չէ ասել, որ այս ահաբեկիչները չեն ներկայացնում իսլամը, և այս ամենն Արևմուտքի խաղերն են: Իսլամիստական հոսանքը ինչքան էլ փորձենք դիտել բռնաճնշումների դեմ պայքարի տեսանկյունից, պետք է խոստովանել, որ այս պահին իսլամիստներն Արևմուտքի դեմ կռվում են կուրորեն, գիտելիքների սահմանափակ շրջանակներում և նաև կեղտոտ քաղաքական խաղերի մեջ թաթախվելով: Այսօր իսլամ դավանողների մի մասը ճնշվածության և բարդույթների պատճառով դարձել է Արևմուտքի կույր սիրահար՝ հեռանալով ինքնությունից, իսկ մյուս մասը հայտնվել է գնալով բարձրացող մութ կատաղության մեջ են: Այս վերջինների արմատականությունը ծնում է դժբախտություններ, ինչպես հունվարի 7-ինը:

Միգուցե ճիշտ է՝ այս ահաբեկիչները իսկական հավատացյալներ չեն, իսկական իսլամական հավատքը մարդասեր է, մաքուր, միավորող: Այդ դեպքում պետք է «իսկական մուսուլմանների» կողմից պատշաճ ձևով դատապարտվի «հանուն իսլամի» ահաբեկչությունը, հակառակ դեպքում Թուրքիայի արտգործնախարարի ահաբեկչության մասին ասած անհեթեթ խոսքերը հիշեցնում են թուրքական կիսապաշտոնական մոտեցումը Հայոց ցեղասպանությանը. «Այո՛, այն թվականներին որոշ դեպքեր եղել են, բայց հայերն էլ իրենց մեղքի բաժինն են ունեցել»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s