Աքչամի հարցազրույցը «Զամանին». Փոփոխությունների վկայությո՞ւն, թե՞ սին հույսեր

images-7Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մի քանի օր առաջ թուրքական «Զաման»  օրաթերթում հրապարակված հարցազրույցըուշագրավ էր «Զամանի» քաղաքական, գաղափարական ուղղվածության, ինչպես նաև թերթի պետական հովանավորություն վայելելու առումով: Թուրքիայում անգլերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող այս օրաթերթը տեղական լեզուներով լույս է տեսնում Ամերիկայում, Եվրոպայում, ինչպես նաև Ադրբեջանում և Միջին Ասիայի թուրքալեզու պետություններում: «Զաման» օրաթերթը հանդես գալով ժողովրդավարության դիրքերից՝ իր էջերում որպես սյունակագիրներ և լրագրողներ փորձում է տեղ տալ Թուրքիայի էթնիկական ու կրոնական բոլոր խմբերի ներկայացուցիչներին, սակայն այս ամենով հանդերձ, շատ հստակ պաշտպանում է կառավարության քաղաքական գիծը:

Թաներ Աքչամի ուղղամիտ և ճշմարտացի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում վաղուց հայտնի է: Նա բազմիցս հանդես է եկել ելույթներով և հրապարակումներով, Թուրքիայում դատապարտվել է իր առաջադիմական հայացքների ու պատմության կեղծարարների դեմ արտահայտած մտքերի համար:

Հարցազրույցում պատմաբանը, ինչպես նախկինում, «մահացածների» մասին հարցին պատասխանելիս, ընդգծում է հայերի մահվան բռնի հանգամանքը՝ նշելով ջարդ և ցեղասպանություն եզրերը: Նա տվյալներ և փաստեր է բերում օսմանյան արխիվներից, մասնավորապես՝ Թալեաթ փաշայի «Տեղահանության տետրից»՝ միտումնավոր չանդրադառնալով արտասահմանյան աղբյուրներին: Բացատրելով 1915 թվականը ցեղասպանություն կոչելու հիմնական պատճառը` օրինակ է բերում եզրույթի ստեղծող Լեմկինի հուշերը և ուղիղ խոսքերով հիշատակում է վերջինիս «Ես «ցեղասպանություն» եզրը սահմանեցի հայերի գլխին եկածն աշխարհին պատմելու համար» արտահայտությունը: Վերոհիշյալը Թուրքիայում առաջին անգամ է հստակորեն բարձրաձայնվում և տեղ գտնում հեղինակավոր իշխանամետ օրաթերթում:

Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող օրաթերթի հետ հարցազրույցում Թաներ Աքչամը ոչ միայն սահմանում է եղելության ցեղասպանություն լինելը, այլև մանրակրկիտ ներկայացնում է հայերի սպանությունների հիմնական մեթոդները՝ բացահայտելով տեղահանումներից ու հիվանդություններից բացի ուղղակի սպանությունների զանգվածային կիրառումը:

Աքչամը փորձում է ցույց տալ երիտթուրքական կառավարության ակտիվ գործունեությունը Ցեղասպանության ծրագրում, ինչպես նաև քրդական չեթեների` հրոսակախմբերի, օգտագործումը: Շեշտելով եղելության ոչ թե պատճառներից ու իրավիճակից բխող բնույթը, այլ նախապատրաստված լուրջ ծրագրի առկայությունը, խորհուրդ է տալիս 1915-ը չընդունել որպես փոխադարձ բախումների և ցավերի տարի: Աքչամը դրանով փորձում է ապրիլի 24-ի նախօրեին հայերի կողմից վնասված թուրքերի մասին Թուրքիայում տեղի ունեցող ժողովների և կոնֆերանսների անիմաստությունը մատնանշել և խորհուրդ է տալիս ոչ թե պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այլ միջոցներ որոնել այն ընդունելու համար:

Աքչամը փորձում է թուրք հասարակությանը նախապատրաստել՝ առաջարկելով օգտագործել կրոնի` իսլամի առանձնահատկությունը և բնակչության զգացմունքայնությունը: Նկատի ունենալով թերթի ընթերցողների նաև կրոնական ուղղվածությունը՝ հիշեցնում է իսլամում հավիտենական թշնամության անընդունելիությունը և զոհերի հիշատակի հարգման անհրաժեշտությունը:

Այս հարցազրույցով Աքչամը փաստորեն ուղերձ է հղում թուրք հասարակությանը, մամուլին, կառավարությանը, ինչպես նաև Ադրբեջանին: Հատկանշական է, որ հարցազրույցում հստակ նշված Թուրքիայի հայկական քաղաքականությունը ադրբեջանականի ստվերում մնալու հանգամանքը տեղ չի գտել օրաթերթի անգլերեն տարբերակում: Կարելի է ենթադրել, որ oրաթերթը, տպագրելով Աքչամի հարցազրույցը, կառավարությանը և Ադրբեջանին մեղադրող հատվածը գուցե փորձում է նախապատրաստել հայաստանյան քաղաքականության փոփոխությունը, սակայն այդպիսի լավատեսության համար, բացի Աքչամի հարցազրույցից, այլ նախանշաններ դեռ չկան:

Աքչամի հարցազրույցը ոչ միայն ի հայտ է բերում Ցեղասանության ընդունման անհրաժեշտությունը, այլև ընդունումից հետո արվելիք քայլերի մասին  նախանշաններ է տալիս: Աքչամը, բացի Հայաստանի հետ բարեկամության լեզվի ստեղծումից, կառավարությանը խորհուրդ է տալիս թույլատրել նախկին Օսմանյան կայսրության քաղաքացիների ժառանգների վերադարձը Անատոլիա և մատնանշում ոչնչացված հայկական մշակութային և կրոնական ժառանգության վերականգնման անհրաժեշտությունը: Աքչամը անհրաժեշտություն է համարում նաև հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման վերացումը՝ շեշտելով նախկին ցավերը բուժելու համար այսօրվա հարաբերությունների նորմալացման կարևորությունը:

Արդահանում ծնված պատմաբանը դեռ Անկարայում ուսանելու ժամանակ ակտիվորեն պայքարել է կառավարության սխալների դեմ և իր առաջադիմական հայացքների համար ձերբակալվել ու երկարամյա բանտարկության է դատապարտվել: 1978թ. Գերմանիայում քաղաքական ապաստան գտած Աքչամը այժմ Գերմանիայի քաղաքացի է: Գիտական աշխատանքն ԱՄՆ-ում շարունակող Աքչամը իր հայամետ ընկալվող աշխատությունների, ելույթների համար թրքությունը վիրավորելու և «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար մեղադրվել է 301 հոդվածով: 2001թ. նա բողոքարկել է դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և շահել դատը: Թուրքիայում Աքչամի մասին մեղադրանքները գագաթնակետին հասան երբ նա սկսեց գրել նաև «Ակոս» թերթում:

Աքչամի պես հեղինակավոր ու ազատամիտ պատմաբանի՝ Թուրքիայում երկար տարիներ մեղադրանքներ ու հալածանքներ ենթարկվելուց հետո այսօր ամենահեղինակավոր թերթի առաջնային էջերում հրապարակվելը բավական ուրախալի փաստ է: Ամենաուշագրավն այն է, որ Աքչամը և՛ ժողովրդին, և՛ կառավարությանը օրինակ է բերում քրդական հարցը և «այսքան երկար ժամանակ ու տարաձայնություններից հետո իր մեջ այն լուծելու ուժ և պատրաստակամություն գտնող կառավարությանը» հորդորում է շարունակել քայլերը նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրի լուծման ճանապարհով:

Թուրքիայում հալածյալի կարգավիճակով պատմաբանի հարցազրույցը իշխանամետ թերթում, եթե անգամ պետական քաղաքականության որևէ փոփոխության մասին չի վկայում և ընդամենը ուշադրությունը շեղելու նախաապրիլյան հերթական փորձ է,  արդեն իսկ  դրական հույսեր է ներշնչում և առանձնահատուկ նշանակություն է ստանում Ցեղասպանության մասին թուրք հասարակությանն իրազեկելու առումով:

Իհարկե այս համատեքստում լիովին տեղավորվում է նաև այն հանգամանքը,  որ հարցազրույցն արվել է միաժամանակ երկու թուրք պատմաբանների հետ, որոնք Ցեղասպանության հարցում տրամագծորեն հակառակ կարծիքի են: Թերթում նույն հարցերի տակ տրվել են նաև  Յուսուֆ Հալաչօղլուի պատասխանները, որոնք նույնիսկ թուրք հասարակության շրջանակներում ընդունվում են որպես անհեթեթություններ: Այսպիսով՝ Թաներ Աքչամին տալով արտահայտվելու իրավունք, քաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար տեղ է հատկացվում նաև  պատմության այնպիսի կեղծարարի, ինչպիսին Հալաչօղլուն է: Ադրբեջանական հերթական մեղադրանքներից զերծ մնալու համար արված ու «Զամանի» ոճին համապատասխան այս «խաղը» չի կարող ստվերել Թաներ Աքչամի դիրքորոշման հրապարակումը իշխանամետ թերթում:

Երեքշաբթի, 23 ապրիլ, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s