Դավութօղլուն եկավ, տեսավ, գնաց

Ahmet-Davutoglu-kimdir-Sare-Davutoglu-kimdir-Ahmet-Davutoglu-nereli-esi-ve-cocuklari-kimler-Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երևանյան այցից մեկ շաբաթ առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հայտարարեց, որ ընդունելով Հայաստանի հրավերը՝ մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների խորհրդի 29-րդ նիստին:

Թուրքիայի արտգործնախարարությունը «շատ բնական» որակավորեց այցը, որպեսզի զերծ մնա հատկապես ազգայնական շրջանակների սուր քննադատություններից, սակայն ընդամենը մի քանի օր հետո, օգտագործելով կառավարությանը մոտ լրատվամիջոցներին, փորձեց տեղեկացնել այցի «իրական» նպատակների մասին:

Ըստ այդ տեղեկությունների, որոնք թարգմանվեցին և շատ արագ տարածվեցին նաև անգլերեն, Դավութօղլուն և Նալբանդյանը դեռ Կիևում նախնական պայմանավորվածության էին եկել հանդիպելու Երևանում և քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղից դուրս բերվող տարածքների քանակը, սահմանի բացումը և նման այլ հարցեր:

Պարզ էր, որ Դավութօղլուի այցը համաձայնեցված էր ամերիկացիների հետ և գուցե 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքականության սկիզբն էր դառնալու, այսինքն՝ այնպես, ինչպես ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկով ամերիկացիները դադարեցրին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացը՝ պատճառաբանելով դրա հնարավոր խանգարիչ դերակատարումը հայ-թուրքական ընթացող երկխոսության մեջ:

Դավութօղլուն իր հետ Երևան էր բերել Թուրքիայի մի շարք կարևոր լրագրողների, որոնց մեջ էին նաև թուրքական օրաթերթերի հայ սյունակագիրներ, որպեսզի կարողանար Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Երևանում հայտարարություն անել, թե իրենք ամեն ինչ անելու են հայ-թուրքական սառեցված հարաբերությունները կրկին ջերմացնելու համար:

Երևան ժամանած թուրքական պատվիրակության անխտիր բոլոր մասնակիցները, Թուրքիայի քաղաքական մեկնաբանները և նույնիսկ քաղաքագետ վերլուծաբանները համոզված էին, որ այս աշխուժացումն ընդհանրապես կապ չունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, և հիմնական պատճառն Ադրբեջանում և Թուրքիայում այս պահին բարենպաստ իրավիճակն է:

Նրանց կարծիքով Ալիևի վերընտրվելը ու Թուրքիայում նրան համոզելուն ընդունակ ուժի գոյությունը հնարավորություն կտա այս օրերին հարցի լուծման ուղղությամբ նախնական քայլեր անել: Սա թերևս լավ առիթ է հայերիս համար, որ մի անգամ ևս հասկանանք, որ «թուրքական դիվանագիտություն» կոչված սահմանումը առնվազն չափազանցություն է, եթե ոչ հայկական միֆ:

Ղարաբաղյան հիմնահարցը նախապայման դարձնելու պատճառով չորս տարի է՝ սառեցված են հայ-թուրքական արձանագրությունները և նույն «ղարաբաղյան բազարն անելով, գոնե մի թիզ հող տվեք, հետո կտեսնենք» մոտեցումը ոչ թե խորամանկ դիվանագիտություն է, այլ աներեսություն, ավելի շուտ՝ պնդերեսություն:

Նալբանդյանի հետ մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո, Դավութօղլուն իր հետ Երևան ժամանած և սովորաբար կարևորագույն հանդիպումների մասնակից փոխնախարար Սինիրլիօղլուի հետ մոտ մի ժամ դեռ քննարկում էր, թե իրենց հետ բերած թուրք լրագրողներին ինչ բացատրություն է տալու:

Ի վերջո, Դավութօղլուն, թաքցնելով իր շփոթմունքը, «Ղարաբաղը մեզ համար քննարկելի չէ» Նալբանդյանից ստացված պատասխանից, թուրք լրագրողներին ընդամենը ասել էր, որ հանդիպումը չորս տարվա ընդմիջումից հետո լավ առիթ է հարաբերություններ սկսելու համար:

Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը Թուրքիայի հետ փայլուն դիվանագիտություն վարող պետություն չէ, սակայն չպետք է մոռանալ, որ մեզ համար կենսական նշանակություն ունեցող հայ-թուրքական սահմանը բացելու փոխարեն Թուրքիան առաջ է քաշում մեզ համար կրկին կենսական և նույնիսկ բարոյական իմաստ և արժեք ունեցող անընդունելի դրույթներ՝ հրաժարվել Ցեղասպանությունից, զորքը դուրս բերել Ղարաբաղից և նույնիսկ մոռանալ Արևմտյան Հայաստան սահմանումը:

Թուրքերը հատկապես հայերի հետ կապված ամենափոքր քայլի դեպքում երկար խորհում են, անհանգստանում են. մտածելով ազգայնականների, ազերի բնակչության, հավատացյալների հնարավոր հակազդեցությունների մասին, հայտարարում են, որ իրենց համար թուրք ազգը և թուրքական արժեքները սրբություն են, սակայն երբեք չեն կարողանում հասկանալ, որ իրենց ասած «էդ մի թիզ հողն» այսօր ոչ թե պատկանում է հայաստանյան իշխանություններին, այլև համայն հայությանը, այսինքն՝ իրենց «էդ երկու ռայոն» ասվածը հայերի՝ դարերից ի վեր առաջին անգամ ազատագրած հայրենիքի մի մասն է, որը ոչ միայն տարածքային, քաղաքական, ռազմական, ռազմավարական և մարտավարական նշանակություն ունի, այլև ամենից առաջ՝ հոգեբանական:

Այսքանից հետո, Դավութօղլուի «հարևանների հետ զրո խնդիր» չաշխատող քաղաքականությամբ Ղարաբաղը կրկին խցկելով աշխատանքային պայուսակի մեջ և գյուտ արածի տեսքով Երևան ժամանելը ոչ թուրքական խորամանկ դիվանագիտություն է, ոչ էլ կարող է համաշխարհային հանրությանը համոզել, որ Թուրքիան երկխոսության համար նոր փուլ է առաջարկում:

Շաբաթ, 14 դեկտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s