«Էրգենեքոն». հայերը իշխանափոխության պատրվակ

ergenekon-davasi-hakan-bilge-sinema-elestirmeni«Էրգենեքոնի» բացահայտումը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում: Այն ստացավ հակասական գնահատականներ, և հինգ տարվա դատավարության արդյունքում նրան անդամակցող քաղաքական գործիչների, բարձրաստիճան զինվորականների, լրագրողների, իրավաբանների մեծամասնությունը դատապարտվեց ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման:

Հայտնաբերված փաստաթղթերում կազմակերպությունն անվանվում էր «Էրգենեքոն», որը թուրքերի՝ Միջին Ասիայում գտնվող առասպելական նախահայրենիքն էր, և նման անվանակոչումը խորհրդանշում էր Թուրքիան կրկին «իսկական» թուրքական հայրենիք դարձնելու ձգտումը:

«Էրգենեքոն» խմբավորումը կառավարության տապալման ծրագրում նշանակալի տեղ էր հատկացնում հայերին: Թիրախ ընտրելով երկրում ապրող հայերին՝ նախատեսվում էր, որ հակահայկական աղմուկը և, ինչու չէ, հայկական համայնքի կրոնական կամ մտավորական առաջնորդների սպանությունները, դառնալու էին հարմար առիթ ցանկալի քաոսային իրավիճակ ստեղծելու և դրանից օգտվելու համար:

Որպես պետության գլխավոր թշնամի՝ հայերը դավադրության առաջին իսկ օրվանից ներգրավված էին ծրագրերի մեջ, սակայն Հրանտ Դինքի սպանությունը չկարողացավ դառնալ իշխանափոխության համար անհրաժեշտ վերջին կաթիլը, ավելին՝ այն դարձավ կազմակերպության բացահայտման և ոչնչացման խորհրդանշական սկիզբը: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ նման անառարկելի փաստերի առկայության դեպքում անգամ, Դինքի սպանությունը չներառվեց «Էրգենեքոնի» դատավարության շրջանակներում:

Գտնվեցին փաստաթղթեր, որտեղ քայլ առ քայլ պարզաբանվում էր թե ինչպես էր երկրում ստեղծվելու քաոսային իրավիճակ, որտեղ էին զենքի ու զինամթերքի թաքստոցները, որոնք օգտագործվելու էին կառավարությունը տապալելու նպատակով:

Ինչքան էլ որոշ քեմալիստական զինվորական և հակաիսլամական շրջանակներ կառավարության քայլերը որակավորում են իսլամական կուսակցության կողմից իրականացվող «վհուկների որս» և իրենց դիրքերի ամրապնդմանն ուղղված վերջնական խաղ, ակնհայտ էր «Էրգենեքոնի» օրեցօր մեծացող ազդեցությունը Թուրքիայի ներքին և հետևաբար նաև արտաքին քաղաքականության մեջ:

Գաղտնի կազմակերպությունն ուներ երկու հիմնական նպատակ. առաջինը ժողովրդի մեջ վախ սերմանելն էր իսլամական կարգերի մոտալուտ հաստատման նկատմամբ, երկրորդը՝ ընդգծել ոչ թուրք ազգությունների տնտեսական հաջողությունները, սեփականության աճը, «նվաճումները», քրիստոնեական կրոնի տարածումը հասարակությունում և դրա սպառնալիքները Թուրքիային:

Արդեն 2000թ. սկզբներից սկսեցին լույս տեսնել սարսափ առաջացնող մենագրություններ ու հոդվածներ, որ մոտ ժամանակներում Թուրքիան էլ է առաջնորդվելու շարիաթով: Նշվում էին տղամարդկանց հինգ կին ունենալու, 9 տարեկանից աղջիկներին ամուսնացնելու, ամուսնությունից դուրս սեքսուալ կյանք ունենալու համար մահապատժի և իսլամի այլ վտանգավոր և ավերիչ հետևանքներ ունենալու ձգտումները: Հիշատակվում էր Աթաթուրքի պայքարը իսլամիստների դեմ, որպեսզի Թուրքիան, ձերբազատվելով իսլամական խավարից, կարողանա հասնել արևմտյան լուսավորությանը, վերածննդին, միաժամանակ շատ հաճախ շոշափվում էր «խաչակիր և իմպերիալիստ» Արևմուտքի քաղաքական միջամտության և կառավարության խաղերին նրանց օժանդակության խնդիրը:

Հայաստանի Հանրապետությունն «Էրգենեքոնում» ընկալվում էր «սատանայական երկրների ցանկի» առաջին շարքում, և Ղարաբաղյան հակամարտությունը դիտվում էր որպես թուրքական երկրորդ պետությանը՝ Ադրբեջանին, տարածաշրջանում թուլացնելուն ուղղված հայկական խաղ, որը տարբեր սադրիչների օգնությամբ մերթ ստանում էր ռուսական, մերթ ամերիկյան, երբեմն էլ իսրայելական աջակցություն: Քաոս ստեղծելուն ուղղված ծրագրերը չէին սահմանափակվում Հայկական պետությունով, և «իսկական» թուրքերը փորձում էին գտնել երկրի ներքին «թշնամիներին»:

Փոքրամասնության կարգավիճակ ունեցող հայերը և հրեաները, լինելով հիմնական թիրախները, մեղադրվում էին որպես ներքին թշնամիներ և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի տապալմանն ուղղված ծրագրերի իրականացնողներ և լրտեսներ: Թուրքիայում գտնվող բազմաթիվ «գաղտնի հայերը», զբաղեցնելով կառավարության մեջ բավական լուրջ պաշտոններ՝ իբր սպասում էին հարմար պահի՝ թիկունքից հարվածելու համար:

Կարելի է ասել, «Էրգենեքոնի»՝ հայերի նկատմամբ թշնամություն սերմանելու ջանքերը բավական լավ արդյունքներ տվեցին արդեն դրա հակումն ունեցող թուրք հասարակության լայն շրջանակներում: Շատ կարճ ժամանակամիջոցում թշնամի ընտրվեցին նաև հայերի մասին դրական կարծիք ունեցող, Ցեղասպանությունը ճանաչող, երիտքուրքական քաղաքականությունը քննադատող լիբերալ թուրք մտավորականները: Ազգայնականության հիվանդությամբ տառապող թուրք անչափահասների որոշակի շրջանակներում Հրանտ Դինքը, Օրհան Փամուկը, Էլիֆ Շաֆաքը, Ֆեթիե Չեթինը, Էթիեն Մահչուպյանը, Թաներ Աքչամը հռչակվեցին թուրք հաաարակության թշնամիներ, որոնց «արյունը մինչև չթափվեր, թուրքի համար արդարությունը չէր հաղթանակելու»….

Երկուշաբաթի, 19 օգոստոս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s