Էրդողանի մեծ սխալը

pamukԹուրքական մամուլում մի քանի օր է` հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի կողմից Թաքսիմի հրապարակում տեղի ունեցող ցույցերի մասին գրավոր և բանավոր անդրադարձների բացակայությունը զայրույթ և բամբասանքներ է առաջացրել: Որոշ ԶԼՄ-ներ և մտավորականներ Փամուկին մեղադրում էին, որ անդրադառնում է միայն հայկական և քրդական հիմնախնդիրներին և փորձում է զերծ մնալ կառավարության սխալներին վերաբերող հարցերի մեկնաբանություններից: Օրհան Փամուկը, խախտելով լռությունը, միանշանակ քննադատելով կառավարության հատկապես վերջին տարիներին ահագնացող բռնի և ավտորիտար քաղաքականությունը, փորձում է անձնական և ընտանեկան հիշողությունների հիման վրա մեկնաբանել տեղի ունեցածը: Փամուկի գրությունը հրապարակվելու է Suddeutche Zeitung, Guardian և այլ հեղինակավոր թերթերում:   

Ստամբուլում տեղի ունեցածի սկիզբ առնելը և փողոցներում ոստիկանության հետ բախվող և պղպեղային արցքունքաբեր գազերից խեղդվելու աստիճան թունավորվող քաջ մարդկանց հասկանալու համար սկսեմ անձնական մի հուշով: «Ստամբուլ» վերնագրով իմ հիշողությունների գրքում գրել էի իմ ամբողջ ընտանիքով Նիշանթաշի թաղամասում [Նիշանթաշին Ստամբուլի կենտրոնական թաղամասերից է, որը գտնվում է Շիշլիի տարածքում՝ Թաքսիմից ոչ հեռու, որտեղ անցել է Փամուկի մանկությունը: Նիշանթաշին 1920-ականներից սկսած՝ դարձավ հարուստ, կիրթ, աշխարհիկ նոր հանրապետական էլիտայի բնակավայրը, որը այսօր էլ Ստամբուլի շքեղ և էլիտար թաղամասերից է – խմբ.] գտնվող «Փամուկ» [Ստամբուլում շենքերը կրում են անվանումներ – խմբ.] շենքի բնակարաններում մի ժամանակ ապրելու մասին: Այս շենքի դիմաց կար, և փառք, որ դեռ շարունակում է լինել, մի շագանակենի:

1957թ. մի օր մեր շենքի դիմացի պողոտան լայնացնելու նպատակով քաղաքապետարանը որոշում էր ընդունել կտրել այդ ծառը: Գոռոզ բյուրոկրատները և ավտորիտար իշխանավորները նույնիսկ հարկ չէին համարել ուշադրություն դարձնել փողոցի բնակիչների անհամաձայնությանը: Հորեղբայրս, հայրս և մենք՝ ողջ ընտանիքով, ծառը կտրելու օրը, ամբողջ գիշեր մնալով դրսում, հերթապահում էինք շագանակենիի մոտ: Արդյունքում մենք կարողացանք պաշտպանել մեր ծառը, նաև այս իրադարձությունը մեր ընտանիքի սիրով և հաճախակի հիշվող ուրախալի պահերից մեկը և մեզ միավորող հուշ դարձավ:

Թաքսիմի հրապարակը ողջ Ստամբուլի շագանակի ծառն է, և պետք է պաշտպանվի: Ստամբուլում ապրելով վաթսուն տարի՝ ես չեմ կարողանում պատկերացնել մեկին, որն ապրելով այս քաղաքում՝ չունի թեկուզ մեկ հուշ՝ կապված Թաքսիմի հետ: Նախկին «Հրետանավորների զորանոցը» և այսօր առևտրային համալիրի վերափոխելու ծրագրված այս հրապարակը 1930-ական թթ. պաշտոնական խաղերի համար նախատեսված մինիֆուտբոլի խաղահրապարակ էր: 1940-50-ական թթ. Ստամբուլի գիշերային կյանքի շատ հայտնի կենտրոններից  մեկը՝ Taksim Gazino-ն [«կազինո» Թուրքիայում անվանվում է այն ռեստորանը, որտեղ երեկոյան  հնչում է կենդանի երաժշտություն – խմբ.] գտնվում էր Գեզի զբոսայգու մի անկյունում:  Հետագայում այդ բոլոր հին շինությունները քանդվեցին, ծառերը կտրվեցին և զբոսայգու շրջակայքում կառուցվեցին մի շարք խանութներ և բացվեց Ստամբուլի ամենահայտնի նկարչական պատկերասրահը: 1960-ական թթ. Ես երազում էի նկարիչ դառնալ և ցուցահանդես ունենալ այս պատկերասրահում: 1970-ական թթ. հրապարակը ձախակողմյան բանվորական արհմիությունների և հասարակական կազմակերպությունների մայիսմեկյան տոնակատարությունների վայր էր, և ես ինքս էլ մասնակցում էի դրանց: (1977թ. այս սադրանքների և քաոսային իրավիճակին զոհ դարձան 42 հոգի): Իմ երտասարդության տարիներին ձախ, աջ, ազգայնական, պահպանողական, սոցիալիստ, սոցիալ-դեմոկրատ, տարբեր քաղաքական կուսակցությունների միտինգներին գնում և մասնակցում էի մեծ հետաքրքրությամբ:

Կառավարությունը նախորդ մայիսի 1-ին հրապարակում արգելեց ցույցերը, իսկ վերակառուցման ենթակա «Հրետանավորների զորանոցի» [Էրդողանի հայտարարությամբ, առևտրային կենտրոնի տեսքով վերականգնվելու է պատմական «Հրետանավորների զորանոցը», որը նաև պատմամշակութային դեր է կատարելու – խմբ.] փոխարեն, բոլոր ստամբուլցիները քաջ գիտակցելում են, որ քաղաքի կենտրոնի միակ կանաչապատ տարածքում ընդամենը մի սովորական  առևտրային կենտրոն է կառուցվելու:

Միլիոնավոր մարդկանց հուշերը կրող այս տարածքում և հարակից զբոսայգում տեղի ունենալիք մեծ փոփոխությունները ստամբուլցիներին առանց հարցնելու ծրագրելը և շուտափույթ ծառերի հատման մակարդակին հասցնելը, Էրդողանի կառավարության մեծ սխալն է: Այս քաղաքական անտարբերության աղբյուրն անկասկած կառավարության կողմից իրականացվող ու գնալով ավելացող ճնշումներն են և ավտորիտար կեցվածքը: Ստամբուլցիների Թաքսիմում քաղաքական ցույց անելու իրավունքից և հուշերից դյուրին չհրաժարվելը տեսնելն ինձ ապագայի վերաբերյալ վստահություն և հույս է տալիս:

Չորեքշաբթի, 5 հունիս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s