Էրդողանի սահմանադրությունը և քրդական կուսակցության նկրտումները

images-3Թուրքիայում, ըստ ստեղծված քաղաքական միջավայրի և թուրքական, քրդական ու միջազգային մամուլի, քրդական հարցի լուծման ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվում, և կարծես թե Օջալանի հետ Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) աշխատակիցների միջոցով հանդիպող կառավարական և պետական ուժերը հասկանում են, որ բացի Ափոյից` պետք է բանակցել նաև Էրբիլում գտնվող քրդական զինված ուժերի և մեծ մասամբ` սարերում երկար ժամանակ զինված պայքարը շարունակելուց հետո Եվրոպայում ապաստանած ազատամարտիկներից ու մտավորականներից բաղկացած եվրոպական քրդական համայնքների ներկայացուցիչների հետ: Սակայն չպետք է մոռանալ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (BDP) մասին:

Կուսակցության փոխղեկավար Սելահաթին Դեմիրթաշը ինչքան էլ փորձի թաքցնել այս բանակցությունների ընթացքում կառավարության կողմից իրենց հաշվի չառնելը և, հետևաբար, իրենց ակտիվ դերի բացակայությունը, ակնհայտ է, որ վերոհիշյալ հանգամանքը չափազանց անհանգստացնում է նրան: Երբ նրան հիշեցվում են Օջալանի և MIT-ի հանդիպումները և իրենց՝ որպես կուսակցություն, դրանց անմասն մնալը, նա, չընդունելով բանակցությունների գործընթացից դուրս մղված լինելու մեղադրանքները, պնդում է, որ կողմերն ամենևին էլ մտադիր չեն իրենց անտեսել, իսկ կուսակցությունն իր հերթին մտածում է` թե ինչով կարող է օգնել գործընթացին:

Սխալված չենք լինի, եթե նշենք, որ BDP-ն հասարակությունը հաշտեցման նախապատրաստելու գործում մեծ դեր է խաղում, սակայն BDP-ն իրականում նախապատրաստում է ոչ այնքան քուրդ ժողովրդին, որքան թուրք հասարակությանը: Գուցե դա է պատճառ լինում, որ պետական օղակներից հեռուստատեսություններին կարծես արգելում են BDP-ի անդամներին խոսք տալ քաղաքական քննարկումների ծրագրերում: Թուրքական մամուլը՝ չնչին բացառություններով, BDP-ն ներկայացնում է որպես ահաբեկչական խմբավորում, այլ ոչ թե քաղաքական կուսակցություն:

BDP-ն մինչ օրս պնդում է, որ այլևս քրդերին հավասար քաղաքացիական կարգավիճակ «շնորհելը» բավարար չի լինելու: Ըստ Դեմիրթաշի` այսօր քրդերի մեծամասնությունը ցանկանում է առանձին պետության իշխանության տակ ապրել, քանի որ նրանք, երկար տարիներ ապրելով Թուրքիայում, հասել են այն գիտակցության, որ թուրքական պետությունը պատկանում է միայն թուրք ազգին, իսկ յուրաքանչյուր պետական կառույցի հետաքրքրությունների կենտրոնում ընկած է միայն թուրք ազգի շահերի պաշտպանությունը:

Դեմիրթաշը պնդում է, որ քուրդ ժողովրդի համար այլևս անընդունելի է թուրքական կառավարության կողմից ղեկավարվելը: Նրանք, կողմ լինելով անկախությանը, ընդունում են, որ կարող են բավարարվել նաև ինքնավարությամբ: Իսկ այն հարցին, թե ինքնավարություն ինչպես են նախատեսում ձեռք բերել, հիշեցնում են հանրաքվեի միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքը՝ և ավելացնում. «Լավ կլինի արյուն չթափվի, և հարցը լուծվի խաղաղությամբ»: Կարելի է ենթադրել, որ ակնարկվում է նաև քուրդ ժողովրդի կողմից զինված պայքարը շարունակելու հավանականության մասին:

Բանակցությունների գործընթացին հետևող հետազոտող լրագրողների տեղեկությունների համաձայն՝ Ափոյի հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել անկախ Քրդստանի ստեղծման կամ այլընտրանքային դաշնային կառավարման վերաբերյալ: Հետևաբար, Թուրքիայի ներկա սահմաններից ներս ոչ մի վարչատարածքային և կառավարման փոփոխության մասին պայմանավորվածություն տեղի չի ունենում: Այս առումով ուշագրավ է բանակցությունների ժամանակ Ափոյի կողմից հնչեցված «ազգային պետություն չեմ ուզում» հավաստիացումը:

Առաջիկայում Թուրքիայում սպասվում են սահմանադրական փոփոխություններ, որոնց շրջանակում կարող է փոփոխության ենթարկվել «թուրքի» կոնցեպցիան, և այն կստանա նոր անուն` «Թուրքիայի հանրապետության քաղաքացի», այլևս չի օգտագործվի «թուրք ազգ» եզրույթը և նույնիսկ թուրքերենը կդադարի միակ պետական լեզուն լինելուց: Դրանց իրականացման պարագայում քրդերը չեն սահմանափակվի Թուրքիայի տարածքի մեկ-յոթերորդով, այլ կդառնան տարածաշրջանի համար ամենամեծ կարևորություն ունեցող երկրի «ազատ,  իրավահավասար և անզեն քաղաքացիներ»: Նմանատիպ բարեփոխումների արդյունքում Թուրքիան իսկապես կդառնա այն պետությունը, որտեղ քրդերը և մնացած փոքրամասնությունները կկարողանան բացի շնչելուց, բառի բուն իմաստով՝ ապրել, սակայն հաշվի առնելով Թուրքիայի ստերի և մեղքերի վրա կառուցված անցյալը, գուցե միամտություն կլինի հավատալ, որ նման բարեփոխումների իրականացման դինամիկան նպատակ ունի լուծել քրդական հարցը կամ ձևավորել ժողովրդավարական երկիր:

Վերջիվերջո չպետք է մոռանալ վարչապետ Էրդողանի կուսակցություն և երկիր ղեկավարելու ոճը և քեմալիստական Թուրքիայում քարացած սահմանները և օրինաչափություները կործանելու ու Թուրքիայում նրա շնորհիվ տեղի ունեցած փոփոխություններին նաև իր անձնական սահմանադրությունն ավելացնելու ձգտումը, որի համար նրան հույժ անհրաժեշտ է քրդերի աջակցությունը:

Շաբաթ, 9 փետրվար, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s