Էրդողան vs Գյուլեն

erd-vs-gyulen«Մեծ կաշառք» օպերացիան, որը, ինչպես պարզվեց, երկար ժամանակ էր նախապատրաստվում, բացահայտեց երկրում տիրող կաշառքի և խարդախության մթնոլորտը: Կաշառքը և կոռուպցիան, Թուրքիայի ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական կյանքում անծանոթ երևույթ չեն: Որքան էլ կաշառակերության չափերն ապշեցուցիչ լինեին, հիմնական շեշտը դրվեց այն հարցի վրա, թե պետության իմիջը փչացնելու մտայնությամբ արված քայլը ո՞վ և ինչու՞ իրականացրեց:

Գյուլենականներն էին: 2007թ. Էրդողանը, գյուլենականների օգնությամբ իշխանության գալով, կարողացավ բացահայտ պայքար հայտարարել «Խորքային պետությանը» և քաղաքականության ամենամեծ դերակատար բանակին: Էրդողանն ու գյուլենականները համագործակցում էին մինչև Անկարայի լիակատար գրավումը, իսկ երբ կարողացան քաղաքական դաշտը մաքրել հանրապետության առաջին իսկ օրերից իշխող ուժերից, նրանց միջև սկսեցին առաջին տարաձայնությունները: Այսինքն, կարողանալով ջախջախել նախկին վարչակարգը, չկարողացան կիսել նորը:

Սկզբնական շրջանում Էրդողանն օգտվեց գյուլենականների մասնավորապես ֆինանսական և մարդկային ռեսուրսներից: Բանակը քաղաքականությունից չեզոքացնելու գործում աջակցություն ցույց տալու` Գյուլենի պայմանը հետևյալն էր. ոստիկանությունը պետք է անցներ իր ձեռքը: Ավելի ուշ Էրդողանը «ստեղծեց» սեփական անվտանգության ուժերը, սեփական էլիտան և տարբեր ոլորտներում ակտիվ այլ մասնագետների: Այս բոլորին զուգահեռ կոդավորեց բոլոր նրանց, ովքեր գյուլենական շարժմանն անդամակցելով` պետական և զինվորական ծառայության մեջ էին: Փաստորեն, Էրդողանը և իր շրջապատն առաջին իսկ օրվանից վտանգ էին ակնկալում գյուլենականներից:

Հենց այդ պատճառով էլ Ազգային հետախուզության ծառայության (MIT) տնօրեն նշանակվեց Հաքան Ֆիդանը, իսկ ներքին գործերի նախարար՝ Իդրիս Նայիմ Շահինը, որոնց առջև խնդիր դրվեց չեզոքացնել, իսկ հետագայում նաև մաքրել կառույցները գյուլենականներից:

«Էրգենեքոնի» դատավարությունը, որն առաջին տարիներին բոլորին «Խորքային պետության» ոչնչացման հույս էր ներշնչում, վերածվելով հակաիշխանականների որսի և բանտարկությունների, ի հայտ բերեց դատավարության ուղղորդվածությունը: Հրանտ Դինքի դատավարության անհաջող ընթացքը և ողբերգական վախճանը բացեիբաց ցույց տվեցին բանտարկությունների  նշանակետայնությունը:

Փենսիլվանիայում ապրող Ֆեթուլլահ Գյուլենը, Էրդողանի «ինքնագլուխ և բռի քաղաքականությունից» անհանգստանալով և հատկապես իր դպրոցները փակելու որոշումից վրդովված, որոշեց իր գաղափարախոսության հետևորդների օգնությամբ ցույց տալ, թե ով է ուժեղ, և ապացուցել, որ Էրդողանին գոյատևելու համար իր աջակցությունն է անհրաժեշտ: Այս գործում, իհարկե, դժվար է կռահել Էրդողանի կառավարության դիրքերը թուլացնելու համար գործի կոչված բոլոր ուժերին: Չի բացառվում նաև, որ այս ամենի հետևում ԱՄՆ-Գյուլեն կոալիցիան է:

Այս պահին կարող ենք հստակ պնդել հետևյալը.

  • Էրդողանի կուսակցական նախարարների, նրանց մերձավորների ձեռքերն իսկապես մաքուր չեն, կաշառքն ու թալանն առկա են:
  • Թուրքիայում գործում է գյուլենական հզոր ուժ, որն իրավապահ մարմիներում իր ունեցած կապերով կարողանում է ուղղորդել դատախազներին, ոստիկանապետերին և վաղ առավոտյան սեփական տանը ձերբակալել ներքին գործերի նախարարի տղային:

Էրդողանը, ըստ ամենայնի, չէր սպասում գյուլենականների նման հակազդեցությունը և հարբելով իր հաջողություններից` մոռացել էր գործընկերոջ «երկար ձեռքերի» մասին, կամ էլ մտքով չէր անցնում, որ համատեղ պայքարի դաշնակիցը կարող է թիկունքից այդպիսի հարված հասցնել:

Ներկայում Էրդողանը բացահայտ պատերազմ է հայտարարել Գյուլենին և ժողովրդին կոչ է անում չթուլացնել իրեն ցուցաբերած աջակցությունը: Հատկապես վերջին տարիներին ճնշված, բայց անաչառ ու անկողմնակալ լրագրողներից ու վերլուծաբաններից հիմնականում մաքրված ԶԼՄ-ների միջոցով Էրդողանը ձգտում է ստեղծել այն մթնոլորտը, որ հակառակորդն ամեն ինչ անում է կառավարությունը տապալելու համար և թմբկահարում է սեփական հաջողությունները (քրդական հարցի լուծմանն ուղղված քայլերը, տնտեսության բարելավումը, զինված ուժերի ազդեցությունից ազատված վարչակարգը) ու վախեցնում հնի վերադարձի հնարավորությամբ, մասնավորապես` «Խորքային պետության», զինվորականների դիրքերի վերահաստատմամբ և այլն:

Էրդողանը իր նախկին դաշնակցին այսօր անվանելով «զուգահեռ պետություն»` այնպիսի զարմանք է հայտնում նրա գործունեության վերաբերյալ, ասես ընդհանրապես տեղյակ չի եղել իշխանական օղակներում Գյուլենական շարժման հետևորդների առկայության մասին և, իբր, ինքը չի եղել նրանց հրահանգներն իրականացնողը: Միաժամանակ` նա փորձում է գյուլենականների վրա բարդել իր անհաջողությունների մեղքը:

Երկուշաբաթի, 13 հունվար, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s