Թաթավլա-Քուրթուլուշ. Սամաթիայի դեպքերը դեռ չեն ավարտվել

tatavla3Ստամբուլի եվրոպական ափի հիմնական կենտրոնը հանդիսացող Թաքսիմից տասը րոպե քայլելու հեռավորության վրա է հայաշատ Ֆերիքյոյ-Քուրթուլուշ թաղամասը: Այս թաղում գտնվում է այն ամենը, ինչ քրիստոնյա հայի համար կարևոր և անհրաժեշտ է՝ դպրոց, եկեղեցի, թերթ, գերեզմանոց, թաղման գրասենյակ, հայկական գրախանութ, հայկական ռեստորան: Այս թաղի խանութների անգամ թուրք կամ քուրդ տերերը քաջ գիտակցում են բնակչության մեծամասնության հայ լինելը և փորձում են վաճառել այն ապրանքները, որ հայերին են դուր գալիս: Այս «գետտոյում» Նոր տարուն համարյա բոլոր լուսամուտներից երևում է տոնածառը, Սբ Զատիկին՝ թխվածքի, խմորեղենների հոտով լցվում են փողոցները, թուրք թաղապետը չբավարարվելով եկեղեցիներում հայերի տոնը շնորհավորելով և փողոցներում շնորհավորական պաստառներ կախելով՝ հաճախ անձամբ ներկած ձվեր ու նվերներ է բաժանում:

Ստամբուլի մյուս հայաբնակ թաղերի հետ համեմատած՝ այստեղ մայրերն ավելի քիչ են հորդորում երեխաներին իրենց փողոցում մամա չանվանել: Այստեղ հայերը մեծ մասամբ չեն թաքցնում իրենց հայկական ինքնությունը, սակայն շատ զգույշ են ցանկացած քաղաքական իրադարձության վերաբերյալ: Այս թաղի հայկական դպրոցներն ու եկեղեցիները մշտապես զարդարված են թուրքական դրոշներով, շատ հայ ընտանիքներ, ապահովության և Թուրքիայի ազնիվ քաղաքացի լինելն ապացուցելու համար, տոն օրերին լուսամուտից կախում են կիսալուսնով դրոշը: Թաղամասում շատ են ոստիկաններն ու պահակակետերը, որոնք հայերին են պահպանում, թե հայերից են պաշտպանվում, դժվար է ասել :

Այս ռոմանտիկ և արհեստական արտաքին կյանքը միշտ չէ, որ բավարարում է հայի հոգեկան հանգստությունը: 19-րդ դարում հիմնականում հույներով, ավելի ուշ՝ նաև հայերով բնակեցված այս թաղամասը կոչվել է Թաթավլա (հունարեն՝ ձիանոց): Հանրապետության հռչակումից քիչ անց՝ 1927-ից, Թուրքիայում սկսում են ակտիվորեն կիրառել տեղանունների թուրքացման քաղաքականությունը: 1929թ. Թաթավլայում բռնկվում է խոշոր հրդեհ և հրո ճարակ է դառնում մոտ 230 շինություն: Բազմաթիվ տեղեկությունների համաձայն, տեղի էր ունեցել հրկիզում, և հրդեհը երկար ժամանակ միտումնավոր չի մարվել: Հրդեհի մասին համապատասխան մարմիններին ժամանակին չտեղեկացնելու պատրվակով ձերբակալվել են մի քանի հայեր և հույներ:

Քրիստոնյաներին նյութական և մարդկային բազմաթիվ զոհեր պատճառած հրդեհից հետո թաղը ստանում է Քուրթուլուշ (թուրքերեն փրկություն) անունը: Թուրք պաշտոնյաներին այդպես էլ չի տրվել այն հարցը, թե Թաթավլան ինչի՞ց կամ ումի՞ց էր փրկվել: Համապատասխանաբար՝ փոխվում են նաև փողոցների անունները. Էրգենեքոն (թուրքերի առասպելական նախահայրենիքը) , Բոզքուրդ (Գորշ գայլ), Թուրք բեյիմ (թուրք պարոն), Սավաշ (պատերազմ), Սիլահ շոր (Զրահակիր), Հալասկար գազի (ազգի փրկիչ պատերազմի վետերան): Թերևս ամենախորհրդանշականը թաղի միակ և կենտրոնական դպրոցի անունն է. «Թալաթ փաշա»: Հատկանշական է նաև, որ հենց այս թաղամասում է բնակարան հատկացվել հայ վրիժառուների կողմից սպանված Ջեմալ փաշայի ընտանիքին:

Այսօր Քուրթուլուշը բազմաթիվ պոլսահայերի Եվրոպա և ԱՄՆ գաղթի պատճառով կորցրել է իր նախկին վիճակը: Թաղն այսօր համարվում է Կենտրոնի էժան թաղամաս, որտեղ ապրում են երկրի Արևելքից Ստամբուլ ժամանած թուրքեր և քրդեր, Աֆրիկայից և նախկին ԽՍՀՄ տարածքից ապօրինի փախստականներ՝ հատկապես հայեր, վրացիներ, մոլդովացիներ:

Հոգեբանական բոլոր ճնշումներով հսկողության տակ պահվող այս թաղամասը դեռևս առաջին կետն է նրանց համար, ովքեր փորձում են ֆիզիկական վնասներ հասցնել հայերին: Հրանտ Դինքի սպանությունից հետո մարդասպան Սամասթի հատկանշական սպիտակ գլխարկով և հագուստով երիտասարդներ շրջում էին թաղամասում՝ ահաբեկելով հայ բնակչությանը: Մի քանի անգամ նշաններ փակցվեցին թաղամասի հայկական բնակարաններին:

Չնայած իշխանությունների՝ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հավաստիացումներին, հայերի մտահոգությունն անհիմն և հոռետեսություն կլիներ, եթե 2007թ. հետո թաղամասի փողոցներից թեկուզ ամենափոքրը անվանակոչվեր Հրանտ Դինքի հիշատակին: Բոլորովին վերջերս Քուրթուլուշում հարձակման ենթարկվեց հերթական հայ ծեր կինը, կարծես ապացուցելու համար, որ Սամաթիայի դեպքերը դեռ չեն ավարտվել:

Շաբաթ, 31 օգոստոս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s