Թլպատված Ձմեռ պապի երկիրը

Թուրքիայում թլպատեցին Ձմեռ պապին: Ազգայնական «Երջանկության կուսակցության» երիտասարդական թևերի ակտիվիստները, գնելով մի քանի փչովի Ձմեռ պապ, 2013թ. վերջին հավաքվել են Ստամբուլի Բեյազիդ հրապարակում և բարձրախոսներով հայտարարել Սուրբ Ծննդյան օրն ու Ամանորը նշելու հակամահմեդական բնույթը: Նրանք մատնանշել են Ձմեռ պապին որպես իր հետ ալկոհոլ, թմրանյութ, այլասերվածություն և այլ չարիքներ բերող երևույթ և փորձել են «մաքրել» թուրքական հասարակությունն այդ չարանպաստ պապից:

Չգիտեմ որտեղից պետք է սկսել մեկնաբանել, քանի որ տվյալ երևույթը` բացի քաղաքականությունից, մարդկային սխալ արժեքներով շաղախված կրթական համակարգի կարծրատիպերից և նաև իսլամով ոգեշնչված վանդալիզմից, ներառում է հոգեբանական ծանր իրավիճակի ախտանիշներ:

SantaԱյսօր ինչքան էլ Թուրքիան փորձում է կրոնական երկխոսության միջոցով հաշտեցնել մուսուլմաններին և մի բուռ մնացած ոչ իսլամական դավանանքի փոքրամասնություններին, այդ թվում՝ Ռամազան ամսին (իսլամական մեծ պահք) կազմակերպված ճաշկերույթներին հրավիրելով հայերի, հույների և հրեաների կրոնական առաջնորդներին, և փորձում է ցուցադրել Աստծո գաղափարն ընդունող մարդկանց միակամությունը, սխալված չենք լինի ասել, որ բարեկամության այս բնույթի ցույցերը մնում են «պրոյեկտային» մակարդակի վրա: Նույն օպերայից է նաև Ռամազանի ժամանակ ստամբուլահայ կրոնականների կողմից  ցուցադրական պաս պահելու միամտությունը կամ խորամանկությունը:

Ցավոք սրտի, թուրք հասարակության մեծամասնության մոտ առկա այլազգիի՝ հատկապես քրիստոնյայի նկատմամբ ատելությունը չի վերանում, այլ արմատանում ու ստանում է պատմական, քաղաքական նոր հիմքեր: Մի կողմ թողնելով Նոր տարվա և Սուրբ Ծնունդի օրերին Թուրքիայում տեղի ունեցած «հակաքրիստոնեական կարգախոսներով զարդարված»` քաղաքապետարանին պատկանող ցուցանակները, կամ առհասարակ փողոցներն ու տների պատերը, դժվար չէ հանդիպել նաև «լուրջ» հոդվածների, որոնց «լուրջ» հեղինակները շատ հեռու լինելով իսլամական արժեքներից, հարցականի տակ են դնում ամերիկացիների և եվրոպացիների մարդասիրությունը` մատնանշելով այս տոների կապակցությամբ կտրված եղևնիները և մորթված հնդկահավերը:

Դասական թուրք մարդու կերպարը, լինի ծայրահեղական իսլամական, հավատացյալ հանրապետական, թե անհավատ քեմալիստ, երեկ, այսօր և վախենանք` վաղն էլ` չի կարողանա հանդուրժել այն ամենը, ինչն իրեն նման չէ: Անհանդուրժողականությունն իր հետ բերում է վախ և թշնամուց պաշտպանվելու կարիք: Թուրք հասարակության համար պաշտպանության ամենալավ ձևը մնում է հարձակումը՝ ոչնչացնել, թուլացնել և ասիմիլացնել, այսինքն` թշնամուց կրկին թուրք ստեղծել:

Այսօր այս ծայրահեղ անհանդուրժողականությունն ու վախը ստանում են նաև ծիծաղելի և աբսուրդ բնույթ: Այն աստիճանի աբսուրդ, որ հազվագյուտ գրողի կամ սցենարիստի երևակայությունը կարող է թույլ տալ: Քրիստոնյա չար կերպար Ձմեռ պապին թլպատելու, նրան պատժելու, իսլամացնելու պաթոլոգիան, կրկնում եմ` պետք է հոգեբույժների մասնագիտական ուշադրության կենտրոնում լինի: Չէ՞ որ, չբարձրաձայնենք երեխաների մոտ, սակայն Ձմեռ պապ չկա: Միգուցե թուրք իսլամիստ ազգայնականներն իսկապես այնքան են հավատում այդ կերպարի գոյությանը, որ մի ընտրյալ թաղապետ կարող է արգելել նրա մուտքն իր տարածք, իսկ ոմանք կարող են նրան դանակահարել, ուրիշներն էլ՝ թլպատել:

Գոյություն ունի ժողովրդի պատմական հիշողություն: Ինչո՞ւ այս ամենը տեղի ունեցավ հատկապես Բեյազիդ հրապարակում: Օսմանյան շրջանում հրապարակը եղել է ոչխարներ վաճառելու և մատաղ անելու հիմնական վայրը, իսկ հետո դարձել է կացնի և կախաղանի միջոցով հրապարակային մահապատիժներ իրականացնելու տեղ: Այստեղ են իրենց մահկանացուն կնքել Օսմանյան կայսրության և սուլթանների ամենանշանավոր թշնամիները: Այստեղ են կախաղան բարձրացվել 20 հնչակյան գործիչները` Փարամազի գլխավորությամբ: 1960-ականներին այս հրապարակում են տեղի ունեցել ձախ և աջ ծայրահեղականների ցույցերը, ընդհարումներ ոստիկանության և բանակի հետ: Այսինքն՝ այս հրապարակն այնքան էլ պատահական և միամտորեն ընտրված տարածք չէ քրիստոնյայի կերպարը հասարակության առաջ ստորացնելու առումով և ունի պատմական դարավոր փորձառություն:

18-րդ դարում հրապարակում եղել է մի մեծ թթենի, որի ճյուղերը կախաղանի էին վերածվել, և կախաղան հանվածները մի քանի օր շարունակ ճոճվել են ծառի  ճյուղերից, որպեսզի սարսափ տարածեն բնակչության վրա: Այդ ծառը կտրվել է  կարմիր սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կողմից, որին երևի չի բավարարել նման մահագործիքի թողունակությունը: Նրա ժամանակ սկսել են կիրառվել զանգվածային կախաղանները: Փառք Աստծո, որ հիշյալ ծառն արդեն չկա, թե չէ խեղճ Ձմեռ պապին հնարավոր է և կախաղան բարձրացնեին….

Հ.Գ. 1995թ. ազգայնական Մուամեր Քարաբուլութի կողմից հիմնվել է միջազգային Ձմեռ պապի խաղաղության կոմիտե, որը «Էրգենեքոնի» դատավարության ժամանակ ճանաչվել է որպես «Խորքային պետության» մաս, իսկ Քարաբուլութը ձերբակալվել է և դատապարտվել: Այս կազմակերպությունը պայքարում է Ձմեռ պապի նախատիպ Սուրբ Նիկողայոսի [որն ապրել և գործել է ներկայիս Անթալիա քաղաքում] մասունքները Իտալիայից Թուրքիա վերադարձնելու համար: Այդ պահանջով դիմել են Հռոմի պապին: Հարց է ծագում, փուչիկին թլպատողն ու դանակահարողը ի՞նչ կարող է անել մասունքներին…

Չորեքշաբթի, 8 հունվար, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s