Թուրքական զավեշտ

Այս շաբաթ Թուրքիայի ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցության» պատգամավոր Դիլեք Աքգյունը խորհրդարանում հարց է բարձրացրել, թե ինչու գիտնական Մեհմեթ Փերինչեքին ազատել են համալսարանում զբաղեցրած պաշտոնից: Չսպասելով պատասխանի՝ նա հայտարարել. «Որովհետև նա աշխատում էր Հայոց ցեղասպանությունը հերքելու  ուղղությամբ, և նրա հեռացումը Էրդողանի և Հայկական սփյուռքի լավ հարաբերությունների արդյունքն էր: Սփյուռքն է համոզել Էրդողանին նման մարդուն հեռացնել ասպարեզից»:

Թուրքերի կարծիքով՝ Սփյուռքը ոչ միայն ղեկավարում է Հայաստանի իշխանություններին, այլև իր «շոշափուկներն» է տարածել Թուրքիայի իշխանությունների վրա: Թուրքիայում ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև տարածաշրջանային քաղաքականության մասնագետների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնների վերլուծաբանների ճնշող մեծամասնության կարծիքով Հայաստանի խորհրդարանի կեսից ավելին սփյուռքահայեր են, բանակը ղեկավարում են սփյուռքահայ գեներալները, Ղարաբաղում կռվել են ԱՍԱԼԱ-ի կողմից մարզված գրոհայիններ, Էջմիածնում գերիշխում են սփյուռքահայ հոգևորականները:

Նրանց կարծիքով, Ցեղասպանության պնդումը սփյուռքահայության պահանջն է, քանի որ աղքատ Հայաստանի իշխանությունները և հասարակ քաղաքացիները ցանկանում են Թուրքիայի հետ սահմանի բացումը, սակայն խաղալիք են Սփյուռքի ուժերի ձեռքում: Այսինքն՝ Հայաստանը մի փոքրիկ, անզոր ու անտեր պետություն է, որի քաղաքականությունը, Սփյուռքի թելադրանքով, ուղղված է Թուրքիայի համար խնդիրներ ստեղծելուն: Նույնիսկ այն թուրքերը, որոնք այցելում են Հայաստան, տեսնելով նորակառույց շենքերն ու շքեղ ավտոմեքենաները, կարծում են, որ դրանք պատկանում են սփյուռքահայերին:

Աբսուրդը հասնում է նրան, որ լրջորեն կարծիք է հայտնվում, որ նույնիսկ Էրդողանի կառավարությունն է շարժվում Սփյուռքի թելադրանքով, Գյուլը հայկական արմատներ ունի, Էրդողանը հունական արմատներ ունի, պնդումներ են հնչում, որ Ֆեթուլահ Գյուլենը նույնպես հայկական արմատներ ունի և, ապրելով, Փենիլվանիայում սերտ կապեր է պահպանում ամերիկահայ լոբբիի հետ:

Հայկական սփյուռքի ամենազորության և նույնիսկ մինչև Անկարա հասնող «երկար ձեռքերի» պատկերացումը իրականության չափազանցումը չէ: Այն հարյուր տարի շարունակ երկիր կերտելու համար ներքին և արտաքին տարբեր թշնամիներ ստեղծող, հետո այդ թշնամիների դեմ ժողովրդին միասնության կոչելու համար ուռճացվող իթթիհադական պաթոլոգիայի ժամանակակից դրսևորումն է:

Այս ֆանտազիաները հատկապես ուժեղանում են ազգայնական «Ազգային շարժում կուսակցության» (MHP) և իրենց ձախակողմյան, հակաիմպերիալիստ անվանող «Բանվորական կուսակցության» (IP) շրջանակներում, որոնք ստանձնել են Հայոց ցեղասպանության «հերքման» հիմնական «բեռը»:

Մեհմեթ Փերինչեքը Շվեյցարիայում Ցեղասպանության հերքման համար դատապարտված «Բանվորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի որդին է: Սրանք են Ստամբուլում ապրիլքսանչորսյան հիշատակումների հիմնական հակառակորդները, իսկ MHP-ն կառավարությանը մեղադրում է հայկական եկեղեցիների վերանորոգման և հայերին չափից ավելի ուշադրություն դարձնելու մեջ:

Մեհմեթ Փերինչեքը հոր հետ միասին «խորքային պետության» անդամության համար է դատապարտվել, իսկ մինչ այդ նա պետական կրթաթոշակով գործուղվել էր Մոսկվա, որտեղ աշխատելով ռուսական արխիվներում՝ փորձել էր հայտնաբերել փաստաթղթեր, որոնք կարող էին թույլ տալ հերքելու Հայոց ցեղասպանությունը: Նա հրատարակել է մի քանի աշխատություն, նաև՝ ռուսերեն թարգմանությամբ, որում ռուսական արխիվային փաստաթղթերի հիման վրա նպատակ էր դրել խեղաթյուրել իրականությունը: Փերինչեքը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցներում ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում ծառայում է Ամերիկայի միջինարևելյան քաղաքականությանը՝ նշելով, որ թուրքական նախարարություններն իրականում ղեկավարվում են գյուլենական աղանդների կողմից: Նույն Փերինչեքն անցյալ տարի Բաքվում հայտարարում էր, որ Թուրքիան ավելի է կարևորում հայերի շահերը՝ թիկունքից հարվածելով եղբայր Ադրբեջանին:

Երբ Մեհմեթ Փերինչեքին բանտարկեցին, նրա մայրը հայտարարում էր, որ ռուսական արխիվներում աշխատած և հայերի ստերը բացահայտող միակ պատմաբան որդուն, ազգայնական երգերով դիմավորելու փոխարեն, ձերբակալել են, շեշտելով. «Դե հիմա համոզվեք՝ ովքեր են հայ»:

Թուրքիայում դեռ շարունակում է արդիական մնալ հայ լինելու մեղադրանքը՝ որպես քննադատության ամենաուժեղ փաստարկ: Զավեշդալի է, որ ոչ վաղ անցյալում կառավարական և իսլամիստական շրջանակները Դողու Փերինչեքին էին մեղադրում հայկական ծագման համար, նշելով նրա Սարգիս պապին և հայկական գյուղը, որտեղից սերում է նրանց տոհմը…

Չորեքշաբթի, 20 նոյեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s