Թուրքական քաղաքականություն. հիշողության քրոնիկ կորուստ

images-8Ապրիլի 24-ի նախօրեին թուրքական իշխանությունները, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստությանն ու ճանաչմանն ուղղված ջանքերի պատասխան, ընդօրինակելով հայկական Սփյուռքի գործունեությունը, Ամերիկայում և Եվրոպայում կազմակերպված ցույցերով հիշեցին Օսմանյան կայսրությունում հայերի կողմից ռուսների հետ միանալը և թիկունքից հարվածելը:

Թուրքիան որպես «Ցեղասպանության հայկական պնդումների» թուլացմանն ուղղված քայլ սկսել է ակտիվորեն օգտագործել այն թեզը, որ Չանաքալեում թշնամու հետ մահու և կենաց պատերազմ մղող երկրում ամենածանր պահին հայերն իբր գլուխ բարձրացրին և միացան օտար, թշնամի ուժերին՝ թիկունքից հարված հասցնելով թուրքական բանակին և ազատության համար պայքարի ելած թուրք ժողովրդին: Այս ստահոդ պնդումները գնալով ավելի լայն տարածում են գտնում պատվիրված «պատմական» ստեղծագործություններում, գեղարվեստական երկերում, ֆիլմերում և մամուլում: Հատկանշական է, որ Չանաքալեի «դարակազմիկ և բեկումնային» ճակատամարտի մասին գրել սկսեցին հատկապես վերջին տարիներին:

Նույն ժամանակաշրջանում սկսեցին ակտիվորեն շրջանառվել նաև Խոջալուի դեպքերը հայերի կողմից իրականացված ցեղասպություն որակելու նույնքան մտացածին պնդումները: Թուրքերը սկսել են հեռուստատեսությամբ ավելի հաճախակի ցուցադրել հարցազրույցներ զանազան ծերունիների հետ, որոնք սրտաճմլիկ նկարագրում են հայերի կատարած վայրագությունները թուրքական գյուղերում:

Ելույթներ են հնչում նաև, թե Առաջին աշխարհամարտի տարիներին բոլորն էլ հավասար են տառապել, և թե՛ հայերի, թե՛ թուրքերի կողմից բազմաթիվ զոհեր են եղել: Աղավաղելով Ցեղասպանության էությունը և փաստերը, ինչպես նաև դրա բռնի հետևանքները՝ որոշ «ականատեսներ» և «գիտնականներ» մամուլում և զանազան «ուսումնասիրություններում» պնդում են, որ այդ ժամանակաշրջանում հայերի շրջանում իսլամը մեծ զարթոնք ապրեց, և շատ հայեր կրոնափոխ եղան:

Մամուլում նույնիսկ ակտիվորեն սկսեց արծարծվել այն միտքը, որ ամեն տարի ապրիլին Հայաստանն ու Սփյուռքը, փոխանակ ջանքեր գործադրեն Թուրքիային ստիպելու ճանաչել «չեղած» Ցեղասպանությունը, պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, որ Թուրքիան Հայաստանի առևտրատնտեսական երրորդ գործընկերն է, իսկ Հայաստանը Թուրքիայի 300-րդների մեջ էլ չկա: Հայերը պետք է հասկանան, որ իրենց բարեկեցությունը պայմանավորված է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ, և պետք է հրաժարվեն սին հույսերից:

Այս ամենով հանդերձ՝ թվում էր, թե ապրիլքսանչորսյան հակահայկական քաղաքականության մեջ թուրքերը կարծես մոռացել էին Թուրքիայում անօրինական բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացիներին, սակայն չուշացավ նաև այդ թեմայի շահարկումը: «Մեծ միացում» (BBP) կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթիջին Բաթմանում ելույթի ժամանակ հիշեց ապօրինի հայ փախստականներին՝ նշելով. «Մենք այսօր կերակրում ենք 100 հազար հայաստանցիների, իսկ Հայաստանում Դուք մի թուրք էլ չեք գտնի, իրենք թուրքերին ներս չեն թողնում»: Մի քանի տարի առաջ, երբ Թուրքիայում օրակարգի խնդիր էր Հայաստանի հետ սահմանների բացումը, իսկ եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հարցն էր քննարկվում, Թուրքիայի վարչապետը եվրոպական հայտնի օրաթերթին տված հարցազրույցում սպառնաց արտաքսել Թուրքիայում գտնվող 100  հազ. հայաստանցիներին:

Այս բոլորն այն ժամանակ ինձ մղեց ևս մեկ անգամ ուսումնասիրել թեման՝ հարցազրույցներ վարելով պետական պաշտոնյաների, վարչապետի անձնակազմի աշխատակիցների, փախստականների հարցերով գրասենյակի մասնագետների, արտասահմանյան փորձագետների, ինչպես նաև քաղաքագետների հետ: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկավ, որ թուրքական պետական ոչ մի կառույցում չկան պաշտոնական ճշգրիտ տեղեկություններ Թուրքիայում գտնվող հայաստանցիների թվի մասին, իսկ «100  հազ. հայաստանցի» թիվն առաջացել էր տեղի հայերի թվաքանակի հետ շփոթությունից: Հայերի թիվը, ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի, 60-70 հազար է: Այդ թիվն «աճել էր»՝ հասնելով 100 և 150 հազարի:

Ուսումնասիրության ավարտից հետո որոշակիորեն փոխվեց հայ փախստականների վերաբերյալ ընկալումը, և ակնհայտ դարձավ, որ թուրքական կառավարության կողմից այս դժբախտներն օգտագործվում են որպես պետական քաղաքականության հերթական գործիք:
Նման եզրակացություններ արվեցին ինչպես արտասահմանյան, այնպես էլ թուրքական մամուլում, ինչպես նաև գիտական շրջանակներում: Թուրքիայում գտնվող հայաստանցիների թվաքանակի վերաբերյալ միակ պաշտոնական ճշգրտված թիվը սահմանային վերահսկողության ծառայության կողմից հաշվարկի արդյունքն էր, որը կազմում էր ընդամենը 7900 անձ: Թվաքանակ, որ զգալիորեն հեռու է 100 հազարից:

Սակայն թուրքական մտածողության մեջ ամրագրված «100  հազ. հայաստանցիների» մասին առասպելն այդպես էլ դուրս չի գալիս շահագրգիռ անձանց ուղեղից, և իրականության աղավաղումն իրոք քրոնիկական է դառնում:

Երեքշաբթի, 7 մայիս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s