Թուրքե՛ր, ասե՛ք ցեղասպանություն՝ թեկուզ կակազելով

AyseGunaysu-300x225Այշե Գյունայսուն առաջին թուրք մտավորականներից է, որի տեսակետների հետ անպատճառ պետք է ծանոթանա հայ հասարակությունը: Այշեն իրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպան և հրաժարվում գիտնական, հրապարակախոս, լրագրող և այլ համանման ածականներից: Նա Թուրքիայում ապրող քիչ մտավորականներից է, որոնք ոչ  միայն ընդունում են Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ են անում փոխհատուցում և պատիժ սահմանել, որպեսզի այլևս չկրկնվի և չկարողանա նորից սպառնալ մարդկությանը: Իր իրավապաշտպան գործունեության համար Այշեն թուրքական ազգայնական շրջանակների կողմից ընկալվում է որպես ազգի դավաճան, և նրան պատժելու բազմաթիվ կոչեր են հնչել:

Այշեն կազմակերպում և մասնակցում էր Ստամբուլում տեղի ունեցող առաջին ապրիլքսանչորսյան ցույցերին, պաշտպանում է հայերի, քրդերի, հրեաների և բոլոր մարդկանց իրավունքները Թուրքիայում: Նրա տարբերությունը շատ գիտնականներից, հրապարակախոսներից և քաղաքական գործիչներից այն է, որ նրա գործունեություն քաղաքականացված չէ, այլ դրա իրականացման ուժի ակունքը սեփական խիղճն է:

Սամաթիայում հայ տարեց կանանց վրա իրականացված հարձակումների սկզբից մինչև այսօր նա հետևում է իրադարձություններին, երբ նույնիսկ հարձակումների ենթարկվողների հարազատները ձեռնպահ էին մնում ստամբուլահայ մամուլի կամ եկեղեցականների հետ ոչ միայն քննարկելու պատահարի մանրամասները, այլև կիսելու իրենց ցավը: Այշեն կարողանում էր այքան անկեղծ ու ճիշտ մոտեցում ցույց տալ, որ նրանք անտեսելով վախն ու սարսափը՝ կիսվում էին ու պատմում…

Նրա ուրույն մոտեցումը զգացվում էր յուրօրինակ մեկնաբանություններում: Մեր հարցազրույցի ժամանակ նա հիշեց  1960-կան թվականներին Թուրքիայի արևելքից, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի քաղաքներից իրենց երեխաներին որպես հայ մեծացնելու իղձով Ստամբուլ հասած և հանուն իրենց երեխաների համար ամեն դժվարություն կրելու պատրաստ հայ ընտանիքներին: Այս մարդիկ հասկանում էին, որ Անատոլիայում կենդանի մնալու համար կա միայն մեկ ձև՝ կրոնափոխվել, անվանափոխվել և ուծացման ենթարկվել: Սակայն նրանք չգնացին այն քայլին և եկան Ստամբուլի հասարակ, սակայն հայաշատ Սամաթիա թաղամաս՝ հայի կյանք կառուցելու համար: Իսկ այսօր Սամաթիան վերջին դեպքերի թիրախը դարձավ:

Այշեն լսել էր թաղամասի բնակիչներից մեկի ասածները և շատ տպավորվել: Նա ասաց․ «Չափազանց տխրեցի, երբ այդ ծեր կինն ինձ ասում էր՝ մենք եկանք այստեղ, որպեսզի փրկենք մեր աղջիկներին, բայց տես ինչ եղավ»:

Սամաթիայի դեպքերից հետո Այշեի ուշադրությունը գրավեցին նաև հարձակումների համար մեղադրվող խեղճուկրակ Մուրադ Նազարյանի հետ կապված զարգացումները: Նրա կարծիքով, Մուրադ Նազարյանը նույնպիսի զոհ և տուժող է, ինչպիսիք են հարձակման ենթարկված հայ տարեց կանայք: Այշեն առաջինը բարձրաձայնեց, որ Ստամբուլի մեկ այլ հայաշատ Ֆերիքյո թաղամասում շարունակվեցին հայ տարեց կանանց վրա հարձակումները Նազարյանի ձերբակալությունից հետո ևս:

Երբ Այշեին առաջարկեցի հարցազրույց անել, որպեսզի հայ հասարակությունը կարողանա առնչվել այլ տեսակի թուրքի և նրա տեսակետների հետ, նա շատ ուրախացավ, քանի որ լինելով բավական հայտնի իրավապաշտպան արտերկրում, անծանոթ էր Հայաստանում և Սփյուռքում: Միաժամանակ նա մտահոգված հիշեցրեց, որ հատկապես լարված ժամանակ կակազում է: Նրան փորձեցի հանգստացնել՝ ասելով հայ հասարակությունը կարիք ունի լսելու Ցեղասպանության մասին ճշմարտությունն ընդունող թուրքերին, անգամ եթե նրանք կակազում են: Ասացի՝ «ասա՛ ցեղասպանություն, թեկուզ կակազելով»: Նա երկար ծիծաղեց, սակայն հետո տխրեց՝ երևի զգալով, որ մենք անկեղծ և ցավակից խոսքի որքան կարիք ունենք:

Հինգշաբթի, 24 հոկտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s