Թուրքերի մզկիթասիրությունը կամ վանդալիզմ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոքրամասնություններին և քրիստոնյաներին ուղղված քաղաքականությունը որքան էլ շահեկանորեն տարբերվի նախորդներից,  իրականում դեռ հնարավոր չէ դա դրական համարել:

Եվրամիության ինտեգրման, Ամերիկայի հետ հարաբերությունների բարելավման կամ տարածաշրջանում «չափավոր իսլամ» և «հանդուրժողականություն ոչ մուսուլմանների նկատմամբ» քաղաքականությամբ առաջնորդվող կառավարությունը չի կարողանում զերծ մնալ իր օսմանյան պապերից եկած ավերելու, թալանելու, գրավելու և գրավածը չվերադարձնելու սովորությունից:

Բոլորովին վերջերս Թեքիրդաղում գտնվող հայկական գերեզմանոցի վրա կառուցվող խորովածանոցի շինարարության ժամանակ ի հայտ եկան բազմաթիվ մարդկային ոսկորներ, որոնք անտարբերությամբ աղբանոց նետվեցին, իսկ տապանաքարերն օգտագործվեցին կոյուղու փոսերը ծածկելու համար:

Սվազում գտնվող հայկական գերեզմանոցի մոտով անցնող մայրուղու շինարարության ժամանակ տեղացիները, հարձակվելով գերեզմանների վրա, փնտրում էին թանկարժեք մետաղներ, այդ թվում ոչ միայն ականջօղեր և զարդեր, այլև ոսկե ատամնաշապիկներ:

Սիիրտում (Սղերդ) գտնվող Սբ Հովհաննես եկեղեցին կուսակալի օգնությամբ վաճառվեց, իսկ Մուշի հայկական թաղամասը Նախարարների խորհրդի դեռ անցյալ տարի ընդունված որոշման համաձայն՝ իբր վերանորոգվում է, սակայն իրականում  հզոր շինարարական տեխնիկայի միջոցով հիմնահատակ քանդվում է, քանի որ հույս ունեն գտնել հայերի պահած ոսկիները:

Վանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիների սեփականաշնորհման վկայականները պատկանում են Թուրքիայի հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլըին: Նա հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող իր ծրագրում հյուրընկալելով «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշին ասել էր հետևյալը. «Կթքեմ նրա երեսին, ով կասի, որ 15 թվականի դեպքերը ցեղասպանություն են»:

Ինչքան էլ հավաստի աղբյուրները համոզմունք են հայտնում տվյալ լրագրողի հայկական ծագման վերաբերյալ, հետաքրքիր է՝ նա ի՞նչ կարծիք ունի իր եկեղեցական ժառանգության ծագման վերաբերյալ, քանի որ նրա պապը կա՛մ առնվազն հայտնի թալանչի պետք է լիներ, կա՛մ հայ հոգևորական: Կարծում եմ, նրա համար ավելի ընդունելի է թալանչի պապի ժառանգ լինելը:

Ճիշտ է՝ մոտ 1500 դիմում է արվել թալանված հայկական սեփականությունների վերադարձի վերաբերյալ, որոնցից չի մերժվել միայն 250-ը, սակայն նույնիսկ դրանց ճակատագիրը դեռ անհայտ է:

Չպետք է մոռանալ, թեկուզ եկեղեցիները վերանորոգելու և թանգարանի վերածելու վտանգը: Վանի Աղթամար կղզում գտնվող Սբ Խաչ եկեղեցին վերանորոգվեց ու վերջին տարիներին զբոսաշրջության մեծ աճ ապահովեց քաղաքի համար:

2012թ., երբ Իզնիկի (Նիկեա) հունական Այա Սոֆիա եկեղեցին մզկիթի վերածվեց, փոխվարչապետ Բյուլենթ Առընչը բացման ժամանակ ասել էր. «Բուրսայի այս եկեղեցին 700 տարի է՝ օգտագործվում է որպես թանգարան, և այստեղ աղոթք չի հնչում: Այս տարածքները վերածվել էին թանգարանների, բայց մեր կառավարության օրոք Ալլահի տները կրկին պիտի դառնան աղոթավայրեր: Հիմա մենք աշխատում ենք Տրապիզոնի Այա Սոֆիա մզկիթը կյանքի կոչելու համար»:

Մի քանի oր առաջ հայտնի դարձավ բազմաթիվ մզկիթներ ունեցող Տրապիզոն քաղաքի Այա Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելու մասին լուրը: Այս պահին արդեն պաստառներով ու ծածկերով փակվում են արվեստի գլուխգործոց համարվող հնադարյան որմնանկարները և ամեն ինչ արվում է, որ եկեղեցին դադարի եկեղեցու նմանվելուց:

Այնպես որ, դժվար է հասկանալ ո՞րն է բարի Հայ առաքելական եկեղեցու համար՝ ամայացված Արևմտյան Հայաստանի մի անկյունում կովերի համար ապաստան մնա՞լը, թե՞ թուրքական դրոշներով ու Աթաթուրքի նկարներով զարդարված «թանգարանի» վերածվելն դրա սարսափելի հետևանքներով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s