Թուրքիայում կոդավորում են հայերին, նո՞ր իմացաք

primary-mediumԹուրքիայում հայերը, հույները, ասորիները, հրեաները, քրդերը, ալևիները, չերքեզները, արաբները և էթնիկական այլ խմբեր պարտավոր են վեց տարեկանից երդվել «երջանիկ է նա, ով ասում է թուրք է»:

Այս կարգախոսը, որն ավելի բարձրաձայն ու հաճախ է հնչում ազգային փոքրամասնությունների դպրոցներում, մանկուց հուշում է Թուրքիայի քաղաքացի «այլերին», որ չես կարողանալու երջանկանալ, քանի որ թուրք չես:

Այս բոլորով հանդերձ, կրկին մանկության տարիներից սկսած թելադրում են՝ թե ով կարող է լինել թուրք: Բանաձևը կարծես թե շատ մատչելի և կիրառելի է. «Թուրքական պետության ցանկացած քաղաքացի թուրք է, ցանկացած թուրք՝ Թուրքիայի քաղաքացի» (Թուրքիայի Հանրապետության Սահմանադրություն. Հոդված 66):

Վերջին օրերին Թուրքիայում շատ բուռն քննարկումներ է առաջացրել այն լուրը, որ ներքին գործերի նախարարությունը անձնագրային հիմնական ձևաթղթում հույներին, հայերին, հրեաներին համարակալում է համապատասխանաբար 1, 2, 3 անձնագրային կոդերով: Հայերին բաժին ընկած «թիվ երկու» կոդը երկրի դեմոկրատական շրջանակների կողմից որակվեց մարդու իրավունքների կոպիտ խախտում, այնինչ որոշ հայեր շտապեցին գոհունակություն հայտնել «բարեխնամ կառավարության կողմից իրենց շնորհված» և Լոզանի պայմանագրից օգտվելու հնարավորություն ապահովող կոդի համար:

Կոդավորման կիրառումը, եթե նույնիսկ անծանոթ լիներ թուրքերին, երբևիցէ չպետք է զարմացներ վերջին հարյուրամյակում տարբեր խտրականությունների զոհ դարձած հայերին:

Հայերն ինչքան էլ դպրոցներում պարտավորված երդվում էին, որ թուրք են, ներքուստ գիտեին, որ հավասար իրավունքները պայմանավորված չեն միայն թուրքական պետության քաղաքացիությամբ և պարտականությունների կատարմամբ:

Թուրքիայում քաղաքացին ունի ներքին անձնագիր՝ ինքնության քարտ երկրի ներսում օգտագործելու համար, և արտաքին անձնագիր՝ արտասահման մեկնելու համար: Առաջին փաստաթղթում հայերի համար նախկինում գրվում էր. «հայ առաքելական» կամ «հայ կաթոլիկ»: Վերջին տարիներին սկսեցին գրել «քրիստոնյա», որը թույլ է տալիս ցանկացած պետական պաշտոնյայի շատ արագ ի հայտ բերել հայկական ինքնությունը և ըստ այդմ դանդաղեցնել կամ մերժել հայի ցանկացած դիմում:

Հայկական վարժարան ընդունվելու համար պարտադիր էր երկու ծնողների 100-տոկոսանոց հայ լինելու մասին փաստաթուղթ ներկայացնել ՆԳՆ-ից (ճիշտ է՝ ներկայում բավական է փաստել մի ծնողի հայ լինելը):

Արտասահմանյան անձնագիր ստանալու համար հայերը պետք է դիմեին ՆԳՆ Ոստիկանության «Արտասահմանցիների բաժանմունք», որը միայն վերջերս վերանվանվեց «Փոքրամասնությունների բաժանմունք», որտեղ պետք է պարզաբանվեր մեկնման նպատակը, պետության գլխին փորձանք չդառնալու մասին խոստում տրվեր և լսվեր ԱՍԱԼԱ-ի կողմից իրականացված դեպքերի մասին դասախոսություններ: Նույնիսկ նրանք, որ կարողանում էին ծանոթով կամ կաշառքով ստանալ այդ փաստաթուղթը, տեսնում էին, որ իրենց անձնագրի համարը սկսվում է «31-ով»:

Երևի ամենադաժանը կատարվում էր հայ տղամարդկանց հետ բանակում, երբ անունն արձանագրվում է «անբարեհույսների ցանկում», որոնք զինծառայության ժամանակ երբեք չեն կարողանալու զինամթերքի պահեստի հեթապահ դառնալ կամ համանման այլ չնչին պաշտոն զբաղեցնել, ու հրամանատարը հազարավոր զինվորների ներկայությամբ հրամայում էր՝ «աջ անցնեն նախկինում բանտարկվածներն ու քրիստոնյաները»:

Հիրավի զարմանալի է վերջերս պաշտոնապես ի հայտ եկած կոդի մասին այս աստիճանի զարմանքը, քանի որ թուրքական պետության ներկայացուցիչները նախկինում էլ բազմիցս հայտարարել են, որ հստակ թվեր ունեն նույնիսկ իսլամ ընդունած հայերի մասին:

Առկա են բազմաթիվ հստակ փաստեր, որ պետությունը միշտ էլ հետևել, զգուշացել և նույնիսկ վախեցել ու փորձել է ոչնչացնել այլազգի քաղաքացիներին, որոնք իսլամ են ընդունել և կամավոր ձուլվել են՝ նույնիսկ տեղյակ չլինելով իրենց այլազգի ծագման մասին: Դրա մասին են վկայում «ունեցվածքի հարկի», «20 սերնդի զորակոչի» խտրական կիրառումը, երբ որոշ «հայեր» զարմանքով և ցավով տեղեկացան իրենց «հայ» լինելու մասին:

Չորեքշաբթի, 7 օգոստոս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s