Թուրքիայում ո՞վ հաղթի, որ հայն ուրախանա

112171Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին: Էրդողանը հաղթեց շնորհիվ իր ընտրողների: Ընտրողներ, որոնք վախենում էին քեմալիստների ձեռքում կրկին խաղալիք դառնալուց, տնտեսական անկայուն իրավիճակից, թույլ ղեկավարից և ուժեղ բանակից: Ընտրողներ, որոնց համար ժողովրդավարությունն այնքան էլ կարևոր չէր:

Էրդողանը 2009թ. ընտրություններում հավաքել էր 38.6 տոկոս, իսկ տարբեր սկանդալներինցույցերին, կռիվներին հաջորդած վերջին ընտրություններում կարողացավ քվեների թիվը բարձրացնել 45 տոկոսի։ Ըստ ներքին համաձայնության՝ հարավարևելյան շրջանը զիջեց քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը, իսկ Միջերկրական և Էգեյան ծովերի ափերին ապրող թուրքերին չկարողանալով հեռացնել քեմալիստներից՝ այդ տարածքները թողեց Հանրապետական կուսակցությանը:

Նույնիսկ չսպասելով քվեների հաշվարկի ավարտին՝ Անկարայում սկսեցին հաղթանակի տոնակատարությունները: Էրդողանը սուր և սպառնալի ելույթ ունեցավ: Նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքջեքն Անկարայի քաղաքապետի պաշտոնում ընտրվեց հինգերորդ անգամ, իսկ Քադըր Թոփբաշը՝ Ստամբուլում՝ երրորդ անգամ: Ընտրություններին նախորդած շրջանում այդքան մեղադրվելով անբարոյական գործողություններում՝ Էդրողանը 45 տոկոս քվե հավաքեց: Նրան թերևս ժողովրդի աջակցությունն է սպառնալիքներ շաղ տալու համարձակությունը տալիս:

Այսօր գնալով պարզ է դառնում, որ ներկուսակցական պառակտումներով հանդերձ, Էրդողանը ոչ մի կերպ չի փոխում իր քաղաքականությունը կուսակցության ներսում և երկրի քաղաքական կյանքում: Էրդողանը նպատակ էր դրել հաղթել ընտրություններում և այսպիսով արդարանալ ու մոռացության մատնել վերջին ամիսների սկանդալները: Իրականում, սակայն, դրանք փոխկապված չէին: Անկարայում հետընտրական առաջին ելույթի ժամանակ հետին պլան մղելով կուսակիցներին՝ իր կողքին տեղ տվեց կնոջն ու զավակներին, դրանով մեկ անգամ ևս ցույց տվեց կուսակցության միանձնյա ղեկավարումը, ընդգծեց սեփական դերակատարումը, շեշտեց իր աջակցությունը սկանդալներում հայտնված որդուն:

Էրդողանն իր ելույթով մի անգամ ևս հաստատեց, որ ոչ թե հավատացյալ լիբերալ է, այլ քաղաքական իսլամի առաջնորդը: Նրա՝ աշխարհի բոլոր կողմերում գտնվող հավատակից եղբայրներին ուղղված շնորհակալական խոսքերն աջակցության աղոթքների համար վկայում են խալիֆական նկրտումների մասին:  Էրդողանը ներկայացնելով միասնական Թուրքիայի գաղափարը, թուրքերից հետո  թվարկեց առաջինը քուրդ, հետո ալևի, լազ չերքեզ և գնչու ազություններին՝ չնշելով Լոզանի պայմանագրով ոչ մահմեդական իրավական փոքրամասնություն ճանաչված հայերին, հույներին և հրեաներին:

Էրդողանն իր ելույթում լրջորեն հայտարարեց, որ Թուրքիայի ժողովրդավարական կարգերը նախանձ են առաջացնում անգամ Եվրոպայում: Նման արտահայտության համար արդեն  բավարար չէ քաղաքական գործչի ստախոսությունը, հարցը շատ ավելի խոր հոգեբանական խնդիրների մասին է վկայում:

Այս ընտրությունները որոշիչ են լինելու երկրի ներքին ժողովրդավարացման և բավականին երկար տարիներ առաջ սկսած աշխարհիկ և կրոնական խավերի հարաբերակցության համար: Էրդողանն այն համոզմունքն ունի, որ իր բռնապետական քաղաքականությունը, սկանդալները, անկանխատեսելի և ագրեսիվ վերաբերմունքն անհանգստություն չեն առաջացնում ժողովրդի առնվազն 40 տոկոսի մոտ: Այսուհետև կասկած չկա՝ Էրդողանի ներքին և արտաքին քաղաքականությունը լինելու է ավելի ինքնագլուխ և հավակնոտ:

Էրդողանի կանխատեսված, սակայն անհեթեթ հաջողությունը բացի թույլ ընդդիմությունից՝ պայմանավորված էր քրդական քաղաքականությամբ:

Վերջին օրերին ինձ հաճախ եմ տալիս հետևյալ հարցը, որի մասին ինքս էլ շատ եմ մտածում ու նույնիսկ մոլորվում՝ թուրքական ո՞ր կուսակցության հաղթանակը դրական կլիներ Հայաստանի համար: Մտածում եմ՝ իսլամիստ Էրդողանի՞, ազգայնամոլ Բահչելիի՞, իթիհադական քեմալիստների՞, թե՞ իշխանամետ քրդերի, ու կրկին գալիս եմ նույն եզրահանգման՝ Թուրքիայում միայն ժողովրդավարության ու եվրոպական արժեքների զարգացումը և հաղթանակը կարող է դրական լինել Հայաստանի,  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, սահմանի բացման և Ցեղասպանության ճանաչման համար….

Երեքշաբթի, 1 ապրիլ, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s