Թուրքիան ընտրում է վատի և վատերի միջև

images-16Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է մեկ շաբաթ:

Մարտի 30-ին կայանալիք ընտրությունները ցույց են տալու նաև քաղաքական ուժերի հարաբերակցությունն ապագայում, այսինքն՝ Էրդողանի կառավարումը շարունակելու հնարավորությունը:

Ընտրություններից առաջ բավական խառը մթնոլորտ է հատկապես Ստամբուլում և Անկարայում: «Մեծ Կաշառք» օպերացիայից հետո վերջնակետին հասած Գյուլեն-Էրդողան հակասությունն ազդում է հասարակության բոլոր խավերի վրա և ստեղծում անկայունության և վախի մթնոլորտ: «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարության կարևոր նախարարների չափից ու տրամաբանությունից դուրս կաշառքներում ներգրավվածության բացահայտումները, ներքին քաղաքականության մեջ քաղաքացիներին հաշվի չառնող, բռնապետական կարգեր հիշեցնող, անձնական կյանքը սահմանափակող նոր օրենքները, խոսքի, մամուլի ազատության սահմանափակումը, և լրագրողներին ընտրելու և հարկավոր ժամանակ գործից հեռացնելու որոշումներ կայացնելը, AKP-ին տասը տարի առաջվա առաջադեմ և լիբերալ կուսակցությունից դարձնում են պահպանողական, արմատական իսլամիստական, ավտորիտար կուսակցություն:

Էրդողանը սահմանափակումների դեմ ժողովրդական ցանկացած բողոքների և հակազդեցությունների պատասխանում է երկրի տնտեսական զարգացման և տասը տարի առաջվա և այսօրվա Թուրքիայի միջև համեմատությունների մատնանշմամբ: Էրդողանը չի հասկանում, որ Թուրքիայում տեղի ունեցած տնտեսական զարգացումները, որոնք, ինչպես պարզվում է, ոչ միայն երկրի օգտին էին, այլև նրա ընտանիքի և մերձավորների, չեն կարող բավարար պատասխան լինել այն հարցերին, թե ինչու է սահմանափակվում ալկոհոլը, ինչու է արգելվում առանց ամուսնության գրանցման նույն հարկի տակ ապրելը, ինչու է ոչնչացվում ազատ մամուլը, ինչու են բանտերից ազատվում զինվորական հեղաշրջման կազմակերպման համար բազմաթիվ տարիների ազատազրկման դատապարտված փաշաները….

ԱՄՆ-ը և Եվրոպան բացահայտ ցույց են տալիս, որ Էրդողանն իրենց համար այլևս ցանկալի քաղաքական գործիչ չէ: Առաջիկա ընտրություններում Էրդողանը չի ստանալու նաև գյուլենականների աջակցությունը: Մոտ երկու տարի է, ինչ Էրդողանը կորցրել է թուրք լիբերալների աջակցությունը, և նրա բուն ընտրողներից բացի, նրան աջակցողները կարծես թե լինելու են իսլամիստ քրդերը և բանտարկված ու այսօր ազատված և վրեժով լցված թուրք զինվորականությունը:

Էրդողանը, հավաքելով իր կողմնակիցների երկու միլիոնանոց ցույցեր, փորձում է ցույց տալ, որ շարունակում է վայելել համաժողովրդական աջակցություն, սակայն ճիշտ չի լինի նաև ասել, որ AKP-ն մնացել է միայնակ, և լիովին կորցրել է հասարակության վստահությունը: Թուրքիայում առկա է բնակչության մի ստվար շերտ, որը կուրորեն ձայն է տալու Էրդողանին, ասելով՝ «եթե մեր աչքով էլ տեսնենք իր այգում թաղված կարասներով ոսկիները, մենք կրկին շարունակելու ենք մեր ձայնը տալ Էրդողանին»:

Իսկ էլ ի՞նչ է հարկավոր, որպեսզի Էրդողանի կողմնակիցները չքվեարկեն նրա օգտին, իսկ Էրդողանը հետ քաշվի քաղաքական պայքարից:

Այստեղ հարց է ծագում՝ ի՞նչն է կարևոր Թուրքիայում ապրող քաղաքացու համար. ժողովրդավարությո՞ւնը, խոսքի ազատությո՞ւնը, Եվրամիության անդամակցությո՞ւնը, թե՞ երրորդ աշխարհի պետություն մնալը, որն ունենալով նաև արտաքին քաղաքականության հիմնախնդիրներ, երկրի ներքին կյանքում սահմանափակում է մարդու իրավունքներն ու ազատությունները, սակայն կարողանում է իր քաղաքացուն ապահովել աշխատանքով, մատչելի վարկերով, էժան և համեմատաբար որակյալ բժշկությամբ, ավելացող թոշակներով և սոցիալական ապահովության հետագա զարգացման խոստումներով:

Բացի Էրդողանի պոտենցիալ ընտրողներից՝ անհասկանալի է դառնում նաև գյուլենականների կողմնորոշումը: Նրանք երկար տարիներ քննադատելով ազգայնամոլությունը և միլիտարիզմը, քեմալիզմի կրոնական ազատությունը սահմանափակող բռնի բնույթը, այսօր միանշանակ քվեարկելու են «Ազգայնական շարժում կուսակցության» կամ քեմալիստական «Հանրապետական ժողովրդական կուսակցության» օգտին միայն այն նպատակով, որպեսզի Էրդողանի կուսակցությունը այս անգամ չկարողանա հավաքել ձայների կեսից ավելին: Նրանք կարծում են, որ Էրդողանի պարտության պարագայում կկարողանան առաջիկա երեք-չորս տարում ստեղծել այլընտրանքային պահպանողական կուսակցություն:

Այս անգամ Թուրքիայում ընտրությունները տեղի են ունենալու նաև այլ նպատակներից ելնելով. օրինակ՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում քեմալիստական հանրապետական կուսակցության օգտին են քվեարկելու ազգայնականները, քրդերը, փոքրամասնությունները, որպեսզի Էրդողանի կուսակցությունը չկարողանա հաղթել Ստամբուլում: Եթե նրանք AKP-ին կարողանան դուրս մղել Ստամբուլից, ենթադրվում է, որ կկարողանան դուրս մղել նաև երկրից:

Բացի այս բոլոր զարգացումներից, վերջին օրերին Ստամբուլի ամենալայն շրջանակներում սկսված դիվանագիտական, քաղաքական, հասարակական, լրագրողական, փորձագիտական և նույնիսկ փողոցային առևտրականների մոտ, առկա է սպասում, որ ընտրություններից անմիջապես առաջ հեռարձակվելու է շատ կաևոր տեսանյութ կամ ձայնագրություն, որից հետո Էրդողանը ստիպված շատ արագ լքելու է երկիրը…..

Թուրքիայի քաղաքացիները հավանաբար սպասում են Էրդողանի սեքսի տեսագրության կամ Էրդողանի անմիջական մասնակցությամբ սպանության կազմակերպման բացահայտման:

Համենայն դեպս, Թուրքիայի քաղաքացիների ընտրությունը այս անգամ չի լինելու լավի և վատի միջև, այլ վատի և վատերի:

Երեքշաբթի, 25 մարտ, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s