Թուրքիան կշահագործի, հետո թաշկինակի նման կշպրտի հայերին. Բագրատ Էստուկյան

Pakrat1_1103-270x300Պոլսի «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը Ալին Օզինյանի հետ զրույցում խոսել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության համար Թուրքիայի հայ համայնքի պայքարի մասին: Տեսանյութը՝ այստեղ:

Կարծեք թե վերջերս պատրիարքի ընտրությունների հարցում հայ համայնքում տեղի են ունենում նոր իրադարձություններ: Կպատմե՞ք մեզ այդ մասին:

Այո, ճիշտ եք: Նոր իրադարձություններ կան, իրադարձություններ, որոնք մերթ ընդ մերթ ակտիվանում են, հետո՝ աչքաթող արվում: Այս պահին այդ գործընթացը բարձիթողի վիճակում է: Առաջնորդ ասելով մենք պատրիարք ենք հասկանում, որովհետև Թուրքիայի օրենքների համաձայն մենք կրոնական համայնք  ենք: Դա այդպես էր Օսմանական կայսրության օրերից: Հետևաբար պատրիարքը ներկայանում է որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: 1863 թվականից սկսած ժողովուրդը պատրիարք է անվանում նրան, ով ընտրվում է ժողովրդի ձայներով: Իսկ վերջին ութ տարին ժողովուրդը զրկվել է այդ իրավունքից: Խնդիրը հետևյալն է. ժողովրդի կողմից ընտրված այդ անձը կա՝ Մեսրոպ Բ պատրիարքն է: Սակայն նա ի վիճակի չէ իր պաշտոնը զբաղեցնել, քանի որ անբուժելի հիվանդությամբ է տառապում: Բժիշկներն արդեն հայտարարել էին, որ այս հիվանդությունն անբուժելի է: Այս ամենից հետո մենք ստիպված էինք գոհանալ նրա փոխարեն նշանակված փոխանորդով: Նույնիսկ համարձակություն ունեմ ասելու, որ այս փոխանորդը նշանակվել է հենց թուրքական պետության կողմից: Երբ նոր պատրիարքի ընտրության հարցով դիմում ներկայացվեց՝ պետությունը մերժեց այն՝ պատճառաբանելով, որ պատրիարքը դեռ ողջ է և նրանք չեն կարող երկու հոգու պատրիարք ճանաչել: Պետությունն ասաց՝ քանի պատրիարքը ողջ է, պետք է նրա փոխանորդը վարի համայնքի գործերը: Սա էր պետության թելադրանքը:

Այս որոշումը տալուց առաջ պետությունը տեղյակ չէ՞ր բժիշկների ներկայացրած տեղեկանքից, որ Մեսրոպ պատրիարքն ի վիճակի չէ պաշտոնավարել:

Պետությունն առաջին օրից էլ տեղյակ էր, հավանաբար իմ տեղյակ լինելուց առաջ էլ տեղյակ էր: Սակայն պետության խնդիրը իմանալու կամ չիմանալու խնդիր չէ, այլ իր հաշիվներին համապատասխան շարժելու խնդիր: Այդ պատճառով պետությունը  կարող է ձևացնել, որ չգիտի: Այդ ժամանակ թելադրեցին, որ պատրիարքարանի կրոնական ժողովը պետք է մեկին ընտրի որպես փոխանորդ: Արդեն հստակ էր, թե կրոնական ժողովը ում կարող է ընտրել: Հետևաբար՝ կարող եմ ասել, որ սա նշանակում էր պետության կողմից: Պետությունը նրանց ցույց տվեց, թե ինչպես անել այդ ամենը: Իսկ մեր կրոնական ժողովի անդամները, մի քանի քահանա ու մի քանի եպիսկոպոս, որոշեցին Արամ եպիսկոպոս Աթեշյանին Պատրիարքական փոխանորդ նշանակել: Արամ սրբազանն էլ այդ պաշտոնն ստանձնեց ու իրենց թվաց, թե ամեն ինչ կարգին է: Սակայն անհանգստությունը շարունակվեց ու ի վերջո արծարծվեց գրեթե ամբողջ ստամբուլահայությունը ներկայացնող VADIP-ում (Հայկական հիմնադրամների միասնության հարթակ): Վերջինը մեր բոլոր թաղային խորհուրդների և խնամակալ կառույցների միությունն է: Այս հարթակը մի քանի ամիս առաջ որոշեց, որ անհրաժեշտ է նոր պատրիարքի ընտրություն կատարել: Այսպիսով նրանք միասնական կամք դրսևորեցին ու այդ մասին որոշումը պաշտոնական պատվիրակությամբ փոխանցեցին պատրիարքարանին:

Ի՞նչ զարգացումներ գրանցեցիք այդ քայլից հետո:

VADIP-ի ներկայացուցիչները պահանջեցին, որ շուտով նոր պատրիարքի ընտրություններ կատարվեն: Պատրիարքական փոխանորդն էլ հայտնեց, թե համակարծիք է, ու արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այդ օրից սկսած ոչ մի բացատրություն կամ պաշտոնական հայտարարություն չի արվել: Չի ասվել, թե ովքեր են լինելու թեկնածուները: Երբ երեք տարի առաջ նման փորձ էր արվել՝ երեք թեկնածու էր հայտնվել: Իրականում Հայ առաքելական եկեղեցում այդ պաշտոնը զբաղեցնելու պայմաններին համապատասխանող եպիսկոպոսների թիվն այդքան էլ մեծ չէ: Ամբողջ աշխարհում հազիվ 6-7 անուն կարող ենք թվարկել: Նախապես նրանցից մի քանիսը հրաժարվել էին թեկնածու լինելուց և միայն երեքն էին ընդունել: Սակայն այդպես էլ ընտրությունները չկայացան: Եթե այդ ընտրությունները դարձյալ օրակարգ մտնեն՝ այդ երեքը կպահե՞ն իրենց թեկնածությունը: Նախապես թեկնածությունից հրաժարվողներից հիմա կրկին առաջադրվողներ կլինե՞ն: Պատասխան չունենք:

Եթե ընտրությունները տեղի ունենան՝ ընտրված պատրիարքը պե՞տք է վավերացվի թուրքական պետության կողմից: Կա՞ նման պայման:

Կա, բայց չկա: Այսինքն՝ օրինավոր վավերացման խնդիր չկա, սակայն գործնականում նախարարների խորհուրդը նրան թույլ է տալիս շուրջառով փողոց դուրս գալ, քանի որ Թուրքիայի օրենքներով բոլոր տեսակի կրոնական տարազներն արգելված են հասարակական տարածքներում: Դա արտոնված չէ թե՛ քրիստոնյա, թե՛ հրեա, թե՛ իսլամ կղերականներին: Բացառություն է արվում միայն պատրիարքների համար, և միայն նախարարների խորհրդի որոշմամբ: Սա արդեն նշանակում է վավերացում: Այլապես վավերացման համար ուրիշ օրինական ձև գոյություն չունի: Հայ ժողովուրդը կատարում է իր ընտրությունն ու վերջ: Իսկ եթե նախարարների խորհուրդը նրան չտա շուրջառով փողոց դուրս գալու թույլտվություն՝ նշանակում է, որ պետությունը համակարծիք չէ հայկական համայնքի հետ, սակայն նման դեպք ոչ մի անգամ չի եղել Հանրապետության պատմության մեջ:

Իսկ եթե պատրիարքարանը պատասխան չտա VADIP-ի (Հայկական հիմնադրամների միասնության հարթակ) բարձրացրած պահանջներին՝ ի՞նչ այլ միջոցների կարող եք դիմել:

Պետք է խոտովանել, որ շատ միջոցներ չունենք, սակայն ունենք ակնկալիքներ: Մենք ակնկալիքներ ունենք Ամենայն Հայոց Կաթողիկոսից: Մեր եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ, սակայն բոլորն էլ ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերիշխանությունը: Պոլսահայությունը միշտ հարգել է այդ գերիշխանությունը, այսօր էլ հարգում է: Հետևաբար՝ մենք ակնկալում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես իր դերակատարությունը կունենա այս խնդիրը ի նպաստ ժողովրդի լուծելու գործում: Ներկա իրավիճակից, իհարկե, օգտվողներ կան: Գուցե մամուլի մի մասն էլ այս վիճակից դժգոհ չէ, այդ պատճառով էլ այս հարցում հաճախ իմ աշխատակցած թերթը մենակ է մնում, և նույնիսկ ժողովրդի մի մասի կողմից դիտվում որպես խոչընդոտ ստեղծող: Սակայն խոչընդոտ ստեղծողները մենք չենք, այլ խնդիրներն անտեսողները: Բացի մամուլից՝ կան նաև զանազան հաստատություններ, որոնք գոհ են այս ընթացքից:

Այսինքն՝ նրանց համար ուրախալի՞ է այն փաստը, որ այս պահին պատրիարքարանի առաջնորդը լավ կապեր ունի թուրքական իշխանությունների հետ:

Ինձ համար սա շատ վիճելի է: Ես բնավ վստահ չեմ, որ նա լավ կապեր ունի թուրքական իշխանությունների հետ: Սա խաբկանք է: Թուրքիայի պետական իշխանությունները երբեք լավ կապեր չեն ունեցել մեզ հետ: Սակայն ուզում եմ հիշել վերջերս թուրքական «Զաման» թերթում Ձեր գրած հոդվածը, որտեղ պատմում եք, թե որն է «նախընտրելի հայ քաղաքացին», որ դա միայն շահագործվելու ունակ տիպարն է, ում պետությունը կշահագործի և հետո թաշկինակի նման կշպրտի: Հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ այս պատրիարքական փոխանորդը լավ կապեր ունի պետության հետ: Նա բավական հավատարիմ է իշխող կուսակցությանը, իշխող վարչակազմին, դրա ներկայացուցիչներին, նախագահին, բայց դժվար է ասել, թե այդ համակրանքը փոխադարձ է: Միգուցե նրանց համար նա այսօր ընդամենը նախընտրելի մի կերպար է: Այդքանը: Չենք կարող ասել, որ նրա շնորհիվ այսօր համայնքը լավ կապեր ունի պետության հետ:

5 մարտ, 2015

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s