Թուրքի համար ինչքան վատ, մեզ համար այնքան լա՞վ

turk-hacker-lar-is-basinda-3592528_1995_oՎերջին օրերին Թուրքիայում ազգային փոքրամասնությունների գաղտնի կոդավորման բացահայտումը, որն այնքան էլ մեծ նորություն չէր հայերի համար, կրկին փաստում է, որ երկիրն այս պահին ապրում է բավական հետաքրքիր և խնդրահարույց անցումային ժամանակշրջան: Բանակը թուլացնելուց, «խորքային պետության» կազմաքանդումից, «Էրգենեկոնի դատավարության» արդյունքում հարյուրավոր մարդկանց դատապարտելուց, քրդական հարցում զարգացումներից հետո երկիրը կարծես փոխվում է: Նման գաղտնազերծումները վկայում են այն մասին, որ կառավարությունն իր ժառանգած պետական կառուցվածքը և վարչակարգը փորձում է նախ բացահայտել, որպեսզի իրեն թույլ տա «հանգիստ խղճով» քանդել հինը և կառուցել «նորը»:

Քրդերին, ալևիներին քրիստոնյաներին, հրեաներին և կրոնականներին «երկրորդական» քաղաքացու աչքով նայող թուրքական տոտալիտար վարչակարգը հիմնված էր «ճիշտ» քաղաքացու հետևյալ կերպարի վրա.

Ազգությամբ՝ թուրք, հավատքով՝ սունի իսլամ, ապրելակերպով՝ աշխարհիկ:

Այսինքն՝ թուրքը տեսքով ու նիստուկացով չպետք է տարբերվեր եվրոպացուց, սակայն ամենևին չառաջնորդվեր եվրոպական արժեքներով, պիտի պահպաներ թրքությունը և ոչ իր նմաններին սովորեցներ, խրախուսեր կամ ստիպեր դառնալ «ճիշտ» թուրք: Քեմալիստական վարչակարգը հանրապետական կարգի առաջին տարիներից հետո փոխանակ իր տեղը զիջեր ավելի ժամանակակից և ընդգրկողական քաղաքական կարգերին, ավելի սաստկացավ և ամրապնդվեց բանակի դերակատարությամբ:

Թուրքիայում մինչև օրս բնակչության թվով երկրորդը կազմող քրդերը տարիներ շարունակ ենթարկվեցին բռնաճնշումների և 1938թ. Դերսիմում ցեղասպանվեցին:

Նույնիսկ սունի կրոնական թուրքերին չէր թույլատրվում բանակում, համալսարաններում և պետական կարևոր օղակներում պաշտոններ զբաղեցնել: Երբ ի հայտ էր գալիս տվյալ անձի գաղտնի նամազ անելը կամ կնոջ, մոր, քրոջ գլխաշոր կրելը, «թաքուն հավատացյալը» հեռացվում էր պաշտոնից, իսկ այդ մասին տեղեկացնողը խրախուսվում էր պաշտոնի բարձրացմամբ:

Ալևիներին, որոնք օսմանյան ժամանակներից ընկալվում էին որպես «այլասերվածներ» և «բողոքավորներ», հանրապետության ժամանակ ստացան նաև գաղտնի հայ լինելու մեղադրանքը: Տարիներ շարունակ ալևիներին փորձեցին ոչնչացնել: Երբ սկսեց ալևիական ձախակողմյան շարժումը, կոմունիզմի վտանգի դեմ պայքարի պատրվակով 70-ական թթ. տեղի ունեցան Չորումի, Մարաշի, Մալաթիայի ալևիական ջարդերը:

90-ական թթ. Սիվազի և Գազիի ջարդերով թուրքական «խորքային պետությունը» փորձեց ոչնչացնել ալևիներին և ցույց տալ, որ սպանությունները տեղի են ունեցել սունի հավատացյալների կողմից՝ դրանով ստեղծելով ալևի-սունի կոնֆլիկտը, և ցույց տվեց, թե իսլամը որքան վտանգավոր կարող է լինել:

«Ունեցվածքի հարկով», «6-7 սեպտեմբերի» դեպքերով ազգային փոքրամասնությունները ավելի ճնշվեցին: Հրեաները, հույները և հատկապես հայերը ինչքան էլ սիմվոլիկ խմբեր լինեին, չդադարեցին պետության կողմից սովորական թուրք քաղաքացու համար հիմնական թշնամու կերպարի պարտադրանքից:

«Արդարություն և զարգացում կուսակցության» առաջնորդ Էրդողանը իշխանության առաջին տարիներին հույս էր ներշնչում հասարակության տարբեր շերտերին, որ կարելի է ապրել իրավահավասար և ժողովրդավար երկրում: Քանդելով քեմալիստական վարչակարգը՝ նա հայտարարում էր, որ պիտի կառուցի նորը, որտեղ իշխելու էր արդարությունը, և երկիրն իր էթնիկական և կրոնական բազմազանությամբ «ճեղքելու էր» զորանոցային միանմանությունը: Քրիստոնյաները ազատ և անվախ էին զգալու, մահմեդականները պիտի ազատ լինեին իրենց հավատքի պաշտամունքում. կանայք գլխաշոր կրեին, տղամարդիկ ազատորեն մասնակցեին ուրբաթօրյա նամազին, հրեաների սինագոգերը չպետք է հարձակման թիրախ դառնային: Այսպիսով, մեկը մյուսին չէր խանգարելու, որի արդյունքում զարգանալու էր երկիրը: Սակայն Էրդողանն իր դատարկած «լայիկ քեմալիստների» տեղը լցնում է «իսլամիստ քեմալիստներով»: Թուրքիայում ստեղծվում է «ճիշտ» քաղաքացու նոր մոդել. ազգությամբ՝ թուրք, հավատքով՝ սունի իսլամ, ապրելակերպով՝ մահմեդական:

Հայաստանում քաղաքական որոշ շրջանակներում գերիշխում է այն մտայնությունը, որ Թուրքիան ինչքան հետադիմի, այնքան նպաստավոր կլինի Հայաստանի համար, սակայն չպետք է մոռանալ, որ ժողովրդավարական, կանխատեսելի Թուրքիայում շատ ավելի հեշտ կարող են լուծվել հայ-թուրքական հարաբերությունների թնջուկները, ներառյալ՝ Ցեղասպանության ճանաչումը, և ավելի պաշտպանված կլինեն ինչպես Թուրքիայի հայ քաղաքացիները, հայկական մշակույթի հուշարձանները, եկեղեցիները, այնպես էլ այնտեղ գտնվող հայաստանցիները: Ցավոք այդ ժամանակը դեռ բավական հեռու է:

Կիրակի, 11 օգոստոս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s