«Ժամանակը» ժամանակի մեջ

ara-kochunyan
«Ժամանակ» թերթի հրատարակումը դարձել է Գոչունյան գերդաստանի ընտանեկան գործը, որի արդեն չորրորդ սերունդն է զբաղվում դրանով: (Լուսանկարում՝ թերթի ներկայիս խմբագիր Արա Գոչունյանը):

Թուրքիայում հրատարակվող ամենահին օրաթերթը՝ «Ժամանակը», արդեն 105 տարեկան է: «Ժամանակը» հիմնադրվել է 1908թ. հոկտեմբերի 28-ին՝ երիտթուրքական հեղափոխությունից անմիջապես հետո, համընդհանուր ցնծության մթնոլորտում, հավատալով փոփոխությունների ու ազատությունների խոստումներին: Ժամանակաշրջանը ոչ թե բերեց սպասված ազատությունները, այլ սկիզբ դրեց Հայոց ցեղասպանությանը: Սակայն նույնիսկ արհավիրքը և Թուրքիայի պատմության հանրապետական ժամանակահատվածի ընթացքում հայերի ունեցած խնդիրները, կորուստներն ու ճնշումները պատճառ չդարձան «Ժամանակի» գործունեության դադարեցման համար:

Թերթը հիմնադրվել է Սարգիս և Միսաք (գրական կեղծանունը` Քասիմ) Գոչունյան եղբայրների կողմից: Այնուհետև թերթի հրատարակումը դարձավ Գոչունյան գերդաստանի ընտանեկան գործը, որի արդեն չորրորդ սերունդն է զբաղվում դրանով:

Տարիների ընթացքում «Ժամանակին» աշխատակցել են հայ գրականության այնպիսի ռահվիրաներ և հանրաճանաչ մտավորականներ, ինչպիսիք էին Գրիգոր Զոհրապը, Զապել Եսայանը, Երվանդ Օտյանը, Արշակ Չոպանյանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Օշականը, Վազգեն Շուշանյանը, Լևոն Զավեն Սյուրմելյանը, Զահրատը, Արա Գյուլերը, Երվանդ Կոբելյանը, Արա Ակինյանը, Վարդան Օզինյանը, Բարսեղ Թուղլաջյանը և այլք:

«Ժամանակը» և նրա աշխատակազմը չխուսափեցին հայության ճակատագրից, սակայն թերթը շարունակեց լույս տեսնել նույնիսկ 1915 թվականին, թուրքական դաժան գրաքննության պայմաններում հնարավորինս փորձելով չդադարել տեղեկատվության աղբյուր հանդիսանալ Պոլսո հայության համար: Այդ ժամանակ թերթը լույս էր տեսնում ընդմենը երկու էջով: Ավելի ուշ թերթը կրկին ենթարկվեց զանազան սահմանափակումների, սակայն հզորագույն ճիգերի գնով շարունակեց գոյությունը: Հատկանշական է, որ Դեյր Զորի աքսորից վերադառնալուց անմիջապես հետո, Պոլիս ժամանելու հաջորդ օրն իսկ, Երվանդ Օտյանը «Ժամանակ» օրաթերթում սկսեց հրատարակել իր «Անիծյալ տարիներ» հուշագրությունը:

Իր գոյության 105 տարիների ընթացքում «Ժամանակը» որդեգրել է իրադարձությունների հնարավորինս անաչառ լուսաբանման, արձագանքման ոսկե միջինը գտնելու ուղին, հնարավորինս դիմադրելով թուրքական գրաքննությանը: «Ժամանակն» առաջին հերթին Թուրքիայի հայության համար հրատարակվող թերթ է, որը փորձում է առավելապես ընդգրկել համայնքային հետաքրքրություն ներկայացնող հիմնական խնդիրները, միաժամանակ լուսաբանելով երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները: Տարիներ շարունակ «Ժամանակը» հայկական Սփյուռքի համար եղել է ոչ միայն հայկական համայնքի իրադարձությունները լուսաբանող թերթ, այլև Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի ու զարգացումների վերաբերյալ տեղեկատվական աղբյուր:

Վերջին ժամանակաշրջանում «Ժամանակը» լայն տեղ է տալիս հայաստանյան իրադարձություններին՝ հանդես գալով նաև հետաքրքիր մեկնաբանություններով  ու վերլուծություններով: «Ժամանակի» էջերից հայկական համայնքը տեղեկություններ ստացավ Սպիտակի երկրաշարժի, Հայաստանի Հանրապետության հռչակման, Ղարաբաղյան շարժման, ազատագրական պատերազմի, Շուշիի ազատագրման, զինադադարի հաստատման վերաբերյալ: Հատկապես մանրամասն են լուսաբանվել հայ-թուրքական հարաբերությունների վայրիվերումները: «Ժամանակի» ներկայիս խմբագիր Արա Գոչունյանին հաճախակի կարելի է տեսնել Հայաստանում, ինչպես նաև Սփյուռքի հայաշատ օջախներում:

2008թ. սկսեց տոնվել «Ժամանակի» դարադարձը, որն ուղեկցվեց մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպմամբ Ստամբուլում, Երևանում, Լոս Անջելեսում, Փարիզում և այլուր: Կազմակերպվեցին քննարկումներ Սփյուռքի դերակատարման, տեսլականի, Թուրքիայում հայ հավաքականության հեռանկարների վերաբերյալ: Թերթի հարյուրամյակն արժանացավ նաև Թուրքիայի իշխանությունների հետաքրքրությանը, թերթին բացառիկ հարցազրույցներ տվեցին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Էրդողանը: Թերթի հարյուրամյակը հատուկ կոնդակով շնորհավորեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Նման օրաթերթի 105 տարի շարունակ հրապարակվելը աննախադեպ հաջողություն է հատկապես մեր օրերում, երբ համայնքում, չնայած թերթի հավատավոր ընթերցողների առկայությանը, զգալիորեն պակասել է հետաքրքրությունը համայնքային և հայալեզու թերթի նկատմամբ:

Երկուշաբաթի, 8 հուլիս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s