Ի՞նչ ասաց Օջալանը

images-17Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական թևի (KCK) համանախագահ Բեսե Հոզաթի՝ հայերին և հատկապես հայկական սփյուռքին  ուղղված անհիմն մեղադրանքներից հետո, քուրդ որոշ գործիչներ, փորձելով մեղմել նրա հայտարարությունները, արդյունքում ավելի խճճեցին հարցը: Նման խառը ժամանակահատվածում շեֆը՝ Ափոն, այսինքն PKK-ի առաջնորդը, Իմրալըի կալանավոր Աբդուլլահ Օջալանը, բանտից ուղերձ հղեց, որ հատուկ նամակ է ուղարկելու հայերին, ու մենք՝ հայերս, պատմության ընթացքում չգիտեմ արդեն քանիերորդ անգամ սխալվեցինք՝ կարծելով, որ նախկինում էլ Սփյուռքի մասին հակասական հայտարարություններով հայտնի գործիչը պարզաբանումներ է բերելու, շտկելու և սրբագրելու է գործընկերոջ սխալները:

Օջալանի նամակը հրապարակվեց հունվարի 30-ին:Այն ոչ թե ներողության փորձ էր, այլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հայերին ուղղված հանդարտության կոչ և նախազգուշացում:

Ափոն աշխարհում և Թուրքիայում վաղուց մոդայից դուրս եկած ձախակողմյան քաղաքական «ժարգոնով» զարդարած նամակում հաճախ օգտագործելով «կապիտալիստ, փողային ուժեր, ժողովուրդներ, լոբբիներ, արտաքին ուժեր, ազգայնական և ռասիստական թակարդներ» բառերը, Թուրքիայի պատմական սխալների մեղքը նետում է անհասկանալի արևմտյան ուժերի վրա:

Նա 1915-ին տեղի ունեցածը բնութագրում է որպես նույն տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիվ ցեղասպանություններից մեկը:  Թուրքիային և աշխարհին կոչ է անում առերեսվել իրականության հետ: Սա նամակի այն մասն է, որ ունելիով դուրս է քաշվել, կտրվել ընդհանուր բովանդակությունից և խանդավառ մեկնաբանություններով տեղ գտել հայաստանյան և Սփյուռքի մամուլում:

Օջալանը, ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, ուշադրություն է հրավիրում, որ այն միակը չի եղել «Անատոլիայում» (Օջալանը և քրդերն առհասարակ խուսափում են Արևմտյան Հայաստան բառն օգտագործել), որտեղ հարյուրամյակների ընթացքում տարբեր դավանանքներ և լեզուներ են կորսվել: Դրանից անմիջապես հետո նա խորհուրդ է տալիս հայերին «չխաբվել արտասահմանյան կապիտալի աղբյուրների սոսկալի խաղերին», այսինքն՝ Սփյուռքին, որը պայքար է մղում Ցեղասպանության ճանաչման համար:

Թուրքական բանտի «կալանավորը» չգիտես ինչու խուսափում է արտահայտվել 1915-ի պատճառահետևանքային կապերի մասին, նույնիսկ բառ չի ասում Ցեղասպանությունում քրդերի ներգրավվածության, Համիդիե ջոկատների, հայերի «լքյալ» գույքին քրդերի տիրանալու, առևանգված, դաջված և բռնի քրդուհի դարձված հայ երեխաների մասին:

Ափոն չի բավարարվում հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացն անվանել «սոսկալի կապիտալիստական խաղ» և կոչ է անում հեռու մնալ լոբբիստական գործողություններից: Քաջ գիտակցելով, որ Ցեղասպանության ճանաչման գործում հիմնական դերակատարումը լոբբիստական շարժումն է և հույս տալով, որ Թուրքիան միևնույն է՝ մի օր ճանաչելու է ոճիրը՝  «դուք հանգիստ մնացե՛ք» բանաձևով փափուկ բարձ է դնում հայերի գլխի տակ:

Բացի Ցեղասպանության ճանաչման գործը «կապիտալիստական խաղ» անվանելուց՝ Ափոն փոխհատուցման գործընթացն էլ հանգեցնում է ««Անատոլիան» մեր բոլորի օրրանն է, բոլորս էլ կտեղավորվենք» ձևակերպմանը:

Անցյալի հետ առերեսվելու անխուսափելիությունը, որ նա առաջարկում է Թուրքիային, ցավոք ինքն էլ չի կարողանում հաղթահարել՝ հաշվի չառնելով ո՛չ «լոբբիստ կապիտալիստներ» անվանած Սփյուռքին, ո՛չ էլ Հայաստանի հայությանը: Կարճ ասած՝ նրա նամակն ուղղված է Թուրքիայում դեռ գոյություն պահպանելու փորձեր անող 50 հազար հայերին, հատկապես «Ակօսի» ընթերցողներին:

Որոշ շրջանակներ ինչքան էլ փորձեն նրան ներկայացնել Թուրքիայի սահմաններից դուրս քաղաքական ուժ ու կարողություն ունեցող առաջնորդ՝ իրականությունը մի քիչ այլ է: Ափոն  Հայոց ցեղասպանությունը թուրքական պետության հետ ոչ թե սակարկության առարկա է դարձնում, այլ լինելով պետության գերին՝ փաստորեն առաջադրանք է կատարում: Թուրքիայի կողմից արդեն տասը տարի առաջ քաշված «աղքատ Հայաստան – բոբո Սփյուռք – խեղճ թրքահայություն» բանաձևն այսօր շատ ցայտուն արտահայտվում է Ափոյի նամակում:

Ուշագրավ է նամակն ուղղելու առիթը և ժամանակը: Ճիշտ է՝ ուշացավ նամակը, սակայն այն գրի է առնվել Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ և այնտեղ հատուկ ընդգծվում է թուրքերի կողմից շատ հաճախ բարձրաձայնված Հրանտ-Սփյուռք շինծու հակադրությունը: Նամակի մեջ հաճախ է ընդգծվում նաև Հրանտի նվիրվածությունն «ազգերի եղբայրությանը» և դրանով կարծես թե կրկին շեշտվում է Ցեղասպանության հարցում Հրանտի ու Սփյուռքի կարծիքների տարբերությունը: Իրականում Հրանտի գործունեության հիմնական նպատակը Ցեղասպանության ընդունումը և Արևմտյան Հայաստանի հայկական տարածք լինելն ապացուցելն է, որն Ափոն մոռանում է:

Ափոն օգտագործելով Հրանտի հիշատակը, փորձում է թուրքական հայատյաց քաղաքականության իրագործողներից մեկը դառնալ: Ցեղասպանության հետևանքով էթնիկապես ոչնչացված ազգից մնացած մշակութային և հոգևոր արժեքներն էլ վայրագորեն ավերելով՝ հայի անունն ու պատմությունը մաքրվեց Արևմտյան Հայաստանից, հայկական տարածքներն աստիճանաբար վերածվեցին «Քրդստանի»…

Որպես վերջաբան՝ Ափոյի նամակի մեջ ոչ մի դրական բան չկա, իսկ Ցեղասպանություն բառն օգտագործելը փափուկ բարձ է, որից չպետք է թուլանալ, այլ հակառակը….

ՈՒրբաթ, 31 հունվար, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s