Իմրալըի արձանագրությունների բացահայտումները

Փետրվարի 23-ին Թուրքիայում «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) պատվիրակությունն Ազգային հետախուզական ծառայության (MIT) բարձրաստիճան աշխատակցի հսկողությամբ այցելեց Իմրալը կղզի՝ Աբդուլլահ Օջալանին՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ցմահ ազատազրկված առաջնորդին: Հանդիպմանը քննարկվել են Քանդիլի (Հյուսիսային Իրաքի քրդական ռազմական հենակետեր), Եվրոպայի քրդական կենտրոնի, BDP-ի դերակատարությունները և ապագա քայլերը: Կարելի է ասել՝ դրանց շուրջ նախնական համաձայնություններ են ձեռք բերվել:

Հանդիպումից անմիջապես հետո «Միլիեթ» թերթը հրապարակեց Ափոյի հետ հանդիպման սղագրությունը: Իմրալը կղզի այցելող BDP-ի ներկայացուցիչների հիմնական նպատակը Ափոյին Քանդիլի և Եվրոպական թևի պատրաստած հարցերի ուղղումը և նրա պատասխանները հասցեատերերին հասցնելն էր: Նրանք հանդիպման առաջին իսկ վայրկյանից սղագրել են իրենց երկխոսությունը: Այդ պատճառով բոլորի հայացքը սևեռվեց կուսակցականներին և մամուլի հրապարակմանը:

Ի՞նչ ասվեց հանդիպման ժամանակ: Օջալանն ասել է, որ եթե այս գործընթացը չպսակվի հաջողությամբ, ինքն այլևս քրդական հարցում դերակատարում չի ունենալու, իրեն կարող են համարել մահացած: Ինքը մինչև Նովրուզ զենքերի ցած դնելու մասին հայտարարությունն անձամբ պետք է կատարի, և դրան պետք է համաձայնի Քանդիլը: Անկախ Քուրդիստանի մասին խոսք չկա: Խոսք կա քրդերի իրավահավասարության, ազատությունների և սահմանադրական փոփոխությունների մասին: Բանտարկված քուրդ մտավորականներն ազատվելու են, օրինագիծ է ընդունվելու քրդական բարեփոխումների վերաբերյալ: Անկախության կամ տարածքային վարչական ինքնավարության պահանջի պնդման գործընթացը կարող է տանել ձախողման:

Հրապարակումից դատելով՝ Ափոն հանդիպումների ժամանակ բավական եսակենտրոն և սեփական անձի կարևորումն ընդգծող պահվածք է դրսևորում: Նա օրինակներ է բերում, որ եթե նախկինում համաձայնեին իր առաջարկներին, Էջևիթի ժամանակահատվածում Էրգենեկոնի նման կազմակերպություն չէր առաջանա…

Ափոն հարց է տալիս՝ «ինչո՞ւ այսօրվա քաղաքականության մեջ ներկա չէ Բայկալը», և ինքն էլ պատասխանում, «քանի որ նա Ափոյին չլսեց»:

2001-2004 թթ. նրանք ցած դնելով զենքը՝ փորձեցին իսլամիստներին աջակցել և ուժեղացնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) իշխանությունը, իսկ AKP-ն, փոխանակ շնորհակալություն հայտնելու, սկսեց ավելի շատ ճնշել քրդերին:

Ափոն ավելացնում է, որ ինքը փորձել է AKP կառավարությանը չդարձնել թուրքական խորքային պետության զոհ: Զինվորականությունը, ըստ Ափոյի, փորձում էր MIT-ում ներքին հեղաշրջում իրականացնել, իսկ դրանից հետո հաջորդ թիրախը լինելու էր Էրդողանը:

«Ես այս ամենից պաշտպանեցի և՛ Հաքան Ֆիդանին, և՛ Էրդողանին: Ես զգացի որ կկարողանամ կասեցնել զինվորական միջամտությունը»,– ասել է Ափոն:

alin-ozinyanՀատկանշական է, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը և MIT-ն, համեմատելով հանդիպման սղագրությունները «Միլիեթի» հրապարակման հետ, հայտարարել են, որ դրանք մեծ մասամբ ճիշտ են, չնայած արված կրճատումների պատճառով առաջացել է որոշ իմաստային կորուստ: Էրդողանը, ընդգծելով, որ վերոհիշյալ հրապարակումը լրագրողական էթիկայից դուրս է, ինքնավստահ հայտարարեց, որ գործընթացն ամբողջ թափով շարունակվում է:

Քրդական հիմնախնդրի լուծման ու երկխոսությանը դեմ անձինք, մամուլը և որոշ կառույցներ շահարկեցին վերոհիշյալ հրապարակումը: Կարելի է ասել, որ Փարիզի սպանությունից հետո սա գործընթացին սպառնացող երկրորդ ուժեղ հարվածն է: AKP-ն մեղադրվում է տարիներ շարունակ Ափոյի խորհուրդներով շարժված լինելու և իր իշխանությունը Ափոյի շնորհիվ ամրապնդելու մեջ, իսկ քրդերը նեղացած են Օջալանի ու AKP-ի սերտ կապերի և անկախության պահանջի բացակայության համար: Քրդական շրջանակներից հայտարարություններ են հնչում, որ տասնամյակներ շարունակ ազատագրության համար թափված արյունն այսքան էժան չի կարելի վաճառել:

Այս բոլորով հանդերձ՝ քրդական հիմնախնդրի լուծման գործընթացը հաջողությամբ շարունակվում է, և առաջին անգամ կողմերն այսքան մոտ են հայտնվել հարցի հնարավոր լուծմանը:

Շաբաթ, 9 մարտ, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s