Ինչպես Յաշար Քեմալը փրկեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

pict382-copyՓետրվարի 28-ին կյանքին հրաժեշտ տվեց թուրքական գրականության ամենանշանավոր դեմքերից մեկը՝ հանրաճանաչ գրող Յաշար Քեմալը: Ազգությամբ քուրդ Յաշար Քեմալը մեծացել է Վանի թուրքմենաբնակ գյուղերից մեկում: Նրա անվան  հետ է կապվում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու քանդումը կասեցնելու պատմությունը: «Յաշար Քեմալը պատմում է իր մասին. հանդիպումներ Ալեն Բոսկեի հետ» գրքից…

Նավ նստեցի: Վան եմ գնում: Գնում եմ չիմանալով՝ թերթին ուղարկած հոդվածներս տպվելո՞ւ են, թե՞ ոչ: Նավի տախտակամածին մի սպա էր նստած՝ օձիքին օձի նշան:  Հասկացա՝ բժիշկ է:

Բժիշկը կողքին ուներ մի կույտ «Ջումհուրիյեթ» (քեմալիստական ուղղվածության թերթ՝ «Հանրապետություն»-ՍիվիլՆեթ), մոտ քսան հատ: Թերթ էր կարդում, երբ  որսացի անունս: Պատկերացրեք ինձ պատած ուրախությունը: Իսկույն բժշկի մոտ վազեցի և, առանց թաքցնելու ուրախությունս, հարցրի. «Կապիտան, կարո՞ղ եմ նայել Ձեր թերթը»:

Հրճվանքս զարմացրեց կապիտանին: Պատմեցի եղելությունը: Հարցրեց՝ դուք Յաշար Քեմա՞լն եք: Ասացի՝ այո՛, Յաշար Քեմալն եմ, ու  ձեռքից վերցրի թերթերը: Ուղարկածս բոլոր հոդվածները տպագրվել էին «Լուրեր Անատոլիայից» խորագրի տակ: Կարդացի բոլոր թերթերը: Կապիտանը կարդացած, մշակութասեր մարդ էր:  Զարմանքով հետևում էր ինձ համակած ուրախությանը: Ստիպված կապիտանին պատմեցի ուրախությանս պատճառը: Եթե հոդվածներս չտպագրվեին՝ գնալու էի Արճեշի բարեկամների մոտ և այնտեղ աշխատեի, որպեսզի կարողանայի իմ պարտքը վճարել «Ջումհուրիյեթ» թերթին: Լրագրության մեջ առաջին քայլն էի արել: Մտածում էի՝ կարող եմ շարունակել ու գործը գլուխ բերել:

Կապիտանն ասաց. «Ի՜նչ բարեբախտություն, լավ է, որ Ձեզ հանդիպեցինք: Այստեղ Աղթամար կղզում հայերից մնացած եկեղեցի կա: Գլուխգործոց է, հիասքանչ կառույց: Էս քանի օրը եկեղեցին քանդելու են: Եկեք վաղը Ձեզ այնտեղ տանեմ: Եկեղեցին պատմության հետքն է, թեկուզ և հայերն են այն կառուցել: Այն մարդկությանն է՝ ով էլ կառուցած լինի: Ինձ և երկրին կարո՞ղ եք օգնել»:

Նորելուկ լրագրող եմ, ձեռքս ինչ կա որ․․․ Նաև վախենում էի․ եթե խառնվեմ նման գործերի՝ անցյալս միանգամից ի հայտ կգա (քուրդ լինելու պատճառով կաշկանդված է, վախենում է ինքնության բարձրաձայնումից-ՍիվիլՆեթ), լրագրող լինելու երազը, դեռ չսկսած, կտապալվի:

Երեկոյան Վանի նավամատույցում իջանք նավից, կապիտան Ջավիդ բեյը, որը նաև վիրաբույժ էր, ինձ տարավ Վանի միակ հյուրանոցը: Բաժանվեցինք՝ մյուս օրը հանդիպելու պայմանով: Մյուս օրն առավոտյան եկավ իմ հետևից: Գնալու էինք Աղթամար կղզի: Այդ ժամանակ «Ջումհուրիյեթի» Վանի թղթակիցը Իլյաս Քիթափչըն էր: Վաթսուն տարեկանից բարձր, խոհեմ մարդ էր: Կապիտանի հետ նախ գնացինք նրան տեսնելու: Իլյաս բեյը եկեղեցու գլխին գալիքի վերաբերյալ ավել վատ բաներ պատմեց, ասաց՝ արել է իրենից կախված հնարավոր ու անհնար ամեն բան, չի կարողանում կանխել եկեղեցու քանդումը: «Նահանգապետն էլ շատ լավ, բանաստեղծ մարդ է, հիմա որոշումը դուրս է եկել, ոչինչ չի կարողանում անել»:

Իլյաս բեյն ասաց.  «Նադիրին, Նադիրին ( «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր-ՍիվիլՆեթ) զանգենք, եթե մեկը կարող է կանգնեցել եկեղեցու ավերումը՝ Նադիր բեյն է»: Զանգեցի Նադիր բեյին ու ներկայացրի մեզ հուզող հարցը:

Բժշկի հետ ճանապարհ ընկանք դեպի Աղթամար կղզի: Վանա լճի ջուրը մոգական է, ժամանակ առ ժամանակ փոխում է գույնը: Փոքրիկ մակույկով հասանք կղզի: Դեռ հերթը չէր հասել Աղթամարի եկեղեցուն, նոր-նոր  քանդում էին եկեղեցու կողքին գտնվող փոքրիկ մատուռը:

Կապիտանը հրամայական տոնով ասաց. «Մինչև ես չասեմ՝ ձեռք չեք տալու եկեղեցուն, ես գնում եմ նահանգապետի մոտ…»:

Բանվորները պատրաստակամորեն դադարեցրին գործը: Նրանց գլխավորն ասաց. «Աչքիս վրա, կապիտա՛ն»: Մենք եկանք Վան: Զանգեցինք «Ջումհուրիյեթ»: Այդ օրը մինչև երեկո սպասեցինք, այդպես էլ չվերցրին հեռախոսը: Հաջորդ օրը կեսօրից կրկին փորձեցինք կապ հաստատել թերթի հետ: Մի քանի ժամ անց Նադիր բեյը մեր կողքին էր: Պատմեցի նրան այն, ինչ լսել էի կապիտանից:

Նադիր բեյն ասաց. «Մի՛ տխրեք, Ավնի բեյն է այս գործն իրականացնում: Լավ եմ ճանաչում նրան, քաղաքակիրթ մարդ է»: Ավնի Բաշմանը այդ ժամանակ կրթության նախարարն էր:

Երկու օր անց Իլյաս Քիթափչըն, կապիտան Ջավիդ բեյի հետ եկավ այն հյուրանոցը, որտեղ իջևանել էի: Ավնի Բաշմանը եկեղեցու քանդումը դադարեցնելու մասին  հեռագիր էր ուղարկել:

1951թ. հունիսի 25-ը Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու փրկության օրն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s