Ինչ եղավ սեպտեմբեր 6-7-ին Թուրքիայում

ALin
Դեպքերից անցել է մոտ 60 տարի, սակայն ուղեղներից չվերացավ քրիստոնյային թշնամի տեսնող մոտեցումը:

1955թ. սեպտեմբերի 6 լույս 7-ի գիշերը ճակատագրական էր Թուրքիայում ապրող հայերի, հույների, հրեաների կյանքի և թուրքական տնտեսության վերաձևավորման համար:

Հանրապետական Թուրքիան ինչքան էլ առաջին համաշխարհային պատերազմից հետո երաշխավորել էր փոքրամասնությունների կյանքն ու իրավունքները, պետականության խորքերում թաքնված էր երկիրը քրիստոնյաներից լիովին մաքրելու ցանկությունը:

Պետությունը, անկախ կառավարություններից, ցանկանում էր դուրս մղել վտանգավոր տարրերին ու միաժամանակ խլել նրանց ունեցվածքը, թուրքացնել տնտեսությունը, որը շարունակում էր մնալ հիմնականում հայերի, հույների և հրեաների ձեռքում:

Առաջինը ունեցվածքի հարկն էր. անշարժ գույքի արժեքից ավելի բարձր սահմանված հարկերը քրիստոնյաներին ստիպեցին վաճառել իրենց գույքը, որպեսզի կարողանան վճարել հարկերի գոնե մի մասը, իսկ մնացածը մարելու համար կատարել ծանր ֆիզիկական աշխատանքներ, որոնց հետևանքով շատերը մահացան և հաշմանդամ դարձան Աշքալեի ցուրտ տափաստաններում:

Երկրորդը 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերն էին, որոնց արդյունքում Թուրքիան լքեց քրիստոնյաների  ճնշող մեծամասնությունը:

Սեպտեմբերի 6-ին լուր տարածվեց, որ Սալոնիկում` Աթաթուրքի ծննդավայրում, ռմբահարվել է առաջնորդի հայրական տունը: Այս լուրից «ցնցված» թուրք ամբոխը հարձակվեց հույների տների և խանութների վրա, սակայն քանի որ ոչ միայն հույներն էին գյավուր նրանց համար, հարձակումների իրենց բաժինը ստացան նաև հայերն ու հրեաները:

Առաջին իսկ վայրկյանից ակնհայտ էր հարձակումների նախապատրաստված լինելը: Հետագայում ապացուցվեց, որ ռմբահարումը կազմակերպված էր թուրքական անվտանգության ուժերի կողմից, ջարդարարներն օրեր առաջ Ստամբուլ էին բերվել արևելյան բնակավայրերից, և նրանց տրամադրված զենքերը պատկանում էին թուրքական բանակին:

Հարձակումները հստակ ուղղորդված էին. նրանք ավերեցին խանութներ, տներ, եկեղեցիներ, դպրոցներ, բնակարաններ, գերեզմանոցներ: Եկեղեցականների բռնի թլպատման դեպքեր եղան, համատարած հարձակումների ժամանակ, պաշտոնական տվյալներով, սպանվեցին տասներկու հույն և մեկ հայ,  վիրավորվեցին մոտ երեք հարյուրը, եղան զանգվածային բռնաբարություններ: Իրական զոհերի թիվը, անշուշտ, շատ ավելի մեծ էր: Ջարդարարները հստակ հրաման ունեին չսպանել, սակայն մինչև ուշ գիշեր, իրենց իսկ խոստովանությամբ, սպասում էին սպանելու հրահանգի: Ոստիկանությունը չէր միջամտում, ավելին` ոստիկանները հայտարարում էին, որ այդ օրն իրենք ոչ թե ոստիկան են, այլ թուրք: Սարսափի մթնոլորտը տիրել էր երկիրը: Հայերի և հույների համար կրկին հառնեց ցեղասպանության վտանգը:

Դեպքերից անցել է մոտ 60 տարի, սակայն ուղեղներից չվերացավ քրիստոնյային թշնամի տեսնող մոտեցումը: Այսօր Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության տարբեր կենտրոններում այս դեպքերը հիշատակվում են որպես դժբախտ պատահարներ: Քիչ չեն այն թուրք մտավորականները, որոնք այս դեպքերն անվանելով «պոգրոմ», համարում են հանրապետության շրջանի ամենասև էջը, սակայն հասարակության ընդհանուր կարծիքը շարունակում է մնալ անփոփոխ: Ըստ թուրք սոցիալիստների՝ դա շարժում էր կապիտալի պետականացման համար, աջակողմյան ուժերի համար` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսապես թույլ կառավարության պարտադրված քայլ չափից ավելի հարուստ քրիստոնյաների նկատմամբ:

Իհարկե, եղան թուրքեր, որ պաշտպանեցին իրենց հարևան հայերին և հույներին, սակայն նույնիսկ այդ պաշտպանների մի մասը ավելի ուշ միացել էր այլ թաղամասերում գործող ջարդարարներին: Պատճառաբանությունը պարզ էր.  հարևան Հակոբին կամ Էլենին պաշտպանելով՝ նրանք չէին մտածում, որ հայ կամ հույն են պաշտպանում, այլ ընդամենն իրենց ընկերոջն ու հարևանին: Այսինքն՝ նույնիսկ բացառությունների դեպքում, մարդկային խիղճը չէր վերածվում գիտակցության, որը պետք է դեմ կանգներ քրիստոնյաներին ուղղված պետական քաղաքականությանը և փորձեր փոխել այն:

Ընդամենը մի քանի տարի առաջ հայտնի դարձավ, որ Աթաթուրքի հայրական տունը պայթեցնողը թուրքական պետական կրթաթոշակով Հունաստանում սովորող թուրք էր, որը վերադառնալով Թուրքիա, բարձր պաշտոններ ստանձնեց տարբեր ասպարեզներում, դառնալով անգամ նահանգապետ և այժմ էլ շարունակում է  պաշտոնավարել: Սա հիշեցնում է Հրանտ Դինքի սպանությանն առնչվող տարբեր պաշտոնյաների պաշտոնական «անբացատրելի» առաջխաղացումները:

ՈՒրբաթ, 6 սեպտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s