Ինչ է տեղի ունենում Թուրքիայում

Վերջին օրերի ընթացքում Թուրքիայում տեղի ունեցան բավական բուռն իրադարձություններ: Դեկտեմբերի 17-ից սկսած՝ թուրքական մամուլի կողմից «մեծ կաշառք» անվանումը ստացած օպերացիայի շրջանակում տեղի ունեցած ձերբակալություններն ուղղված էին կաշառակերության և խարդախության վերաբերյալ գործերին, որոնց մեջ ընդգրկված էին հիսունից ավելի անձինք, այդ թվում ներքին գործերի նախարար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Չաղլայանի և քաղաքաշինության նախարար Բայրաքթարի որդիները:

Զարմանալի էր այն փաստը, որ առավոտ վաղ տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում պաշտոնյաների տներում գտնվեցին տասնյակ միլիոնավոր դոլարներ, իսկ կառավարության անդամները, ժողովուրդը և նույնիսկ մամուլը ոչ թե զարմանում էին կաշառակերության չափերի վրա, այլ փորձում էին հասկանալ, թե այդ գաղտնի օպերացիան ում հրամանով էր իրականացվել, քանի որ կարողացել էին ձերբակալել նույնիսկ ներքին գործերի նախարարի տղային:

Էրդողանն այսօր իր միակ մրցակիցը և թշնամին, որքան էլ փորձի ցույց չտալ, համարում է գյուլենական շարժումը: Այժմ Թուրքիայում ոչ քեմալիստները, ոչ ազգայնականները, ոչ էլ ձախակողմյանները քաղաքական լուրջ ուժ չեն ներկայացնում, հետևաբար կառավարությանն ուղղված ցանկացած քննադատության կամ նույնիսկ գործողության ժամանակ Էրդողանն ինչքան էլ բարձրաձայնի Իսրայելի, ԱՄՆ-ի, խորքային պետության անունները , ինքն էլ չհավատալով իր ասածին, գալիս է այն եզրակացության, որ իրեն կարող է տապալել միայն գյուլենական շարժումը՝ հիշելով, որ այդ նույն շարժումն է իրեն օգնել ստանձնելու պետության ղեկը:

Սակայն այսօր իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Գյուլեն-Էրդողան հակամարտությունը: ՆԱՏՕ-ի սեղանի շուրջ միասին նստող և ստրատեգիական գործընկեր հանդիսացող Ամերիկան չի հավանում Էրդողանի՝ պետականությունն ուժեղացնելուն ուղղված քաղաքականությունը, Եվրամիության հետ 2000թ. սկսված աշխույժ բանակցություններն այսօր տեղատվություն են ապրում: Բացի վերոհիշյալ որոշիչ ուղղություններում քաղաքական անհաջողություններից, Թուրքիան այս պահին չափազանց վատ հարաբերությունների մեջ է բոլոր հարևանների հետ: Սաուդյան Արաբիայի, Իրաքի հետ հարաբերությունները բավականին լարված են, Սիրիայի և Եգիպտոսի հետ հարաբերություններ չկան, Իրանը արմատական փոփոխություններից հետո փորձում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ և վերացնել շրջափակումը, նույնիսկ որոշակի ակնկալություններ կան Իսրայելի հետ հարաբերությունները մեղմացնելու ուղղությամբ և այսօր «մոլայական» ընկալվող իրանական մամուլը Էրդողանի կառավարությունը նմանեցնում է Ահմեդինեջադի համակարգին:

Այսօր ակնհայտ է, որ Դավութօղլուի արտաքին քաղաքականությունը կամ մնում է զուտ որպես տեսություն և արտացոլվում է նրա գիտական աշխատություններում, կամ էլ Էրդողանի նման ավտորիտար վարչապետով ղեկավարվող երկրում ուղղակի հնարավոր չէ, որ ԱԳ նախարարը կարողանա առաջնորդվել իր սեփական մեթոդներով:

Ռուսաստանին հայտարարելով հնարավոր գործընկեր՝ Թուրքիան փորձում է այլընտրանքով վախեցնել Արևմուտքին, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստան- Թուրքիա եղբայրությունն իրականանալի չէ: Էրդողանը դարավոր հայատյաց թուրքական պետականությանն ավելացնելով Ադրբեջանի հետ ուժեղացող տնտեսական և գաղափարախոսական կապերը՝ այսօր փակուղուց չի կարողնում դուրս բերել Հայաստանի հետ հարաբերությունները: Երկրի ներսում շարունակվում և խորանում են հակասությունները քրդերի, ալևիների, գյուլենականների, փոքրամասնությունների, քեմալիստների և ազգայնականների հետ:

Մայիսին` Գեզի զբոսայգու դեպքերից հետո վերոհիշյալ «մեծ կաշառք» օպերացիան մինչև օրս Էրդողանին հասցված ամենածանր հարվածն էր, որից հետո նախկին դիրքերի վերականգնումը բավականին դժվար է լինելու:

Այս բոլորից ելնելով՝ կարող ենք գալ այն եզրակացության, որ ինչքան էլ երկրի խորքային ուժերը փորձում են թուլացնել Էրդողանի դիրքերը, իսկ Արևմուտքն իր հերթին տվյալ տարածաշրջանում նախընտրելով ամենավատ տոտալիտար աշխարհիկ վարչակազմը, ժողովրդավարության հարցում որոշակի քայլեր ձեռնարկող կրոնական դեմոկրատական կուսակցություններից, լրջորեն աջակցում է Էրդողանի կոպիտ, չլսող, իր ժողովրդին ազատություններից զրկող առաջնորդի իմիջ ձևավորելուն, միևնույնն է՝ Էրդողանը այլևս չի կարողանում երկիրը լավ ղեկավարել:

Էրդողանի կառավարությունը, պետությունը տապալելու տարբեր դավադրություններից որոշները կամ բոլորը կարող են որոշ չափով իրատեսական թվալ, սակայն ներքին և արտաքին քաղաքականության յուրաքանչյուր հիմնախնդրի ժամանակ մեղքը գյուլենականների կամ ընդամենը մեկ տարի առաջ ոչնչացված հայտարարված «խորքային պետության» վրա բարդելն այլևս ծիծաղելի է:

Տասը նախարարի հրաժարական տալ ստիպելը և կառավարության կազմի փոփոխությունն այս պահին Էրդողանի ամենախելամիտ քայլն էր: Կարո՞ղ է արդյոք դա փրկել իրավիճակը, ցույց կտա միայն ժամանակը…

Չորեքշաբթի, 1 հունվար, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s