Ինչ է տեղի ունենում Թուրքիայում

images-9Արդեն մի քանի օր է՝ Թուրքիայի մի շարք քաղաքներում չեն դադարում բողոքի ցույցերը, որոնց լուսաբանումը ԶԼՄ-ներում ենթարկվում է գրաքննության, իսկ ճշմարտացի տեղեկատվության բացակայությունը հանգեցնում է սոցիալական ցանցերում և արտասահմանյան մամուլում չափազանցությունների և սադրանքների տարածման:

Մոտ երկու ամիս է՝ Թաքսիմի հրապարակի հարևանությամբ գտնվող զբոսայգու առևտրային համալիր դառնալու ծրագրերը բավական սուր հակազդեցություն էին առաջացրել հասարակության մեծամասնության մոտ: Մարդիկ, նույնիսկ ձայն տալով իշխող կուսակցությանը, այլևս համաձայն չէին կուսակցության ղեկավար և վարչապետ Էրդողանի մտքերին ու որոշումներին:

Ստամբուլի կանաչ տարածքը ոչնչացնելու դեմ ցույցերից հետո Էրդողանը բավական կոպիտ հայտարարեց, որ որոշված է ու արվելու է: Էրդողանի նման «մենք կորոշենք ու կանենք, դուք ձեր գործով զբաղվեք» մոտեցումը  և տասը տարվա իշխանությամբ հարբելը վերջին ժամանակներում թուրք ժողովրդի մեծ մասի համար դարձել է անընդունելի և անտանելի:

Սկզբում ցուցարարները բաղկացած էին բնապահպաններից և տեղի ունեցածը իսկապես չքաղաքականացնող մարդկանցից, սակայն մեկ օրվա ընթացքում դեպքերի այսքան մեծ թափ ստանալուց հետո, հիմնական ընդդիմադիրները՝ քեմալիստները, և «խորքային պետության» որոշակի խմբավորումներ խառնվեցին  ցուցարարներին, և բողոքի ընթացքը վերաիմաստավորվեց: Հունիսի 3-ին ցուցարարների մեծ մասը, կրելով թուրքական դրոշներ, Աթաթուրքից մեջբերումներ անելով՝ Էրդողանին կոչ էր անում հրաժարական տալ: Ցույցերի թափը մեծացնելու և արտակարգ իրավիճակ ստեղծելու համար սոցիալական ցանցերոում սկսվեց որոշ խմբերի կողմից սուտ լրատվության տարածումը, որտեղ իբր, ապացույցներ էին բերվում, որ ոստիկանությունը զանգվածաբար սպանում է մարդկանց, օգտագործվում են մարդու օրգանիզմին ծանր վնասվածքներ հասցնող թունավոր գազեր և տարբեր այլ ստեր մարդկանց զայրացնելու և բորբոքելու համար:

«Արդարություն և զարգացում կուսակցությունը», 2002թ. գալով իշխանության, բավական մեծ դժգոհություն առաջացրեց իրեն էլիտա համարող ուլտրահանրապետականների շրջանակներում, որոնք ժողովրդի այն մեծամասնությանը, որ ընտրել էր Էրդողանին, անվանելով անգիտակից ոչխարներ, պնդում էին, որ իրենց ձայները թեկուզ ավելի քիչ են, սակայն՝ ավելի ճիշտ, և միշտ չէ, որ քանակն է որոշիչ: Մոտ տասը տարի կուսակցությունը, նստելով իշխանության ղեկին, պայքարեց տարբեր խոչընդոտների դեմ, ինչպիսիք են «խորքային պետությունը», իրեն իշխանությունից վեր դասող բանակը, և այս բոլորի հետ միասին՝ տասը տարվա ընթացքում գրանցվեց տնտեսական մեծ աճ: Բավական լուրջ քայլեր արվեցին քրդական հիմնախնդրի լուծման ուղղությամբ:

Կրոնականններ, մաոիստներ, կոմունիստներ, անարխիստներ…

Իշխանությունը կրոնական թեքում ունեցող ղեկավարին և նրա շրջապատին հանձնելու գործընթացի հետ չկարողացան հաշտվել երկրի փոքրաքանակ և որակյալ քեմալիստները: Սակայն այսօր այս բոլորը աշխարհիկ և կրոնական ուժերի պայքար որակավորելը, ոչ միայն սխալ է, այլև պարզունակ: Այսօր Թուրքիայում տեղի ունեցածը մեզ համար դեռ անհասկանալի ներուժով իրականացված քաղաքացիական բողոք է, որի մեջ կան տարբեր սոցիալական, քաղաքական, կրոնական շերտեր, մաոիստներ, կոմունիստներ, անարխիստներ, նույնիսկ կրոնականներ, ինչպես նաև վերջին ընտրությունների ժամանակ Էրդողանի օգտին ձայն տվողներ:

Էրդողանի հատկապես վերջին մեկ տարվա ելույթներում լսում էինք կարծես թե մի դիկտատորի կամ սուլթանի՝ հպատակների հետ խոսելաոճը: Վերջերս սահմանափակելով ալկոհոլի օգտագործումը՝ նա ասաց. «Հարբեցող սերունդ չեմ ուզում, մենք Ֆաթիհի թոռներն ենք»: Իսկ համբերության վերջին կաթիլը դարձավ այն, որ Էրդողանը հարկ չհամարեց Թուրքիայի նման մեծ երկրի ամենակարևոր քաղաքի հիմնական հրապարակի վերակառուցման ծրագիրը քննարկել իր ժողովրդի հետ և հայտարարեց. «Ինչ պետք է, կարվի, հաշիվ չեմ տալու»:

Բացի կրոնականներից, տարբեր մարդիկ ձայն տալով Էրդողանին, մտածում էին, որ Թուրքիայում կոտրվելու է իշխող քեմալիզմի կարծրատիպը, սակայն Էրդողանը, քանդելով նախկին կարծրատիպերը, այսօր փորձում է ստեղծել իր ուզած հասարակությունը և չի էլ թաքցնում իր ձգտումները: Մինչդեռ այսօր թուրք հասարակության հատկապես երիտասարդ թևը չի հանդուրժում Էրդողանի ինքնահավան և գոռոզ կեցվածքը և նոր կարծրատիպերի ստեղծումը: Հասարակությունը գիտակցում է, որ իրական ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրատեղամասում, և փորձում է իր ձայնը լսելի դարձնել իշխանություններին:

Երեքշաբթի, 4 հունիս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s