Հայաստանի հետ հոգևոր կապի բացակայության օրինակ ՝ թուրքահայերը…

images-11Թուրքիայում ապրող հայերը (ինչքան էլ չսիրեմ այդ բառը` թուրքահայերը) շատ հաճախ պարտավորված են բացատրել թուրքերին, որ իրենք Հայաստանից չեն եկել: Այն թուրքահայերը, որոնք հասարակության մեջ օգտագործում են իրենց իսկական անունները (դրանք արդեն մեծ մասամբ եվրոպական են և ավելի քիչ՝ բուն հայկական) թուրքերի մոտ հետաքրքրություն են առաջացնում:

Թուրք զրուցակցի մի քիչ կիրթ լինելու դեպքում առաջին հարցը սովորաբար հետևյալն է. «Ի՞նչ հետաքրքիր անուն է՝ ներքուստ մտածելով՝ հո լատինամերիկյան հեռուստասերիալի հերոս չէ, տարօրինակ է, ո՞վ երեխային նման անուն կդնի, իսկ ի՞նչ է նշանակում»: Սովորաբար նման դեպքերում հայը սկսում է կմկմալ, փորձում է անհեթեթ բացատրություններ տալ, իսկ որոշ «քաջեր» միանգամից «հանձնվում են» ու խոստովանում, որ հայ են:

Դիմացինն անմիջապես հիշում է իրենց հայ հարևանին, դերձակին, վարսավիրին, ոսկերիչին՝ շեշտելով որ ոչ մի խնդիր չեն ունեցել, շատ լավ մարդիկ էին, բայց ցավոք բոլորը հեռացան արտասահման` իրենց ազգականների մոտ: Ավելի հաճախ դիմացինը գոհ զարմանք հայտնելով, թե ինչ լավ թուրքերեն են խոսում, հարցնում է՝ ե՞րբ եք եկել Հայաստանից:

Ցանկացած նման հարցադրման ժամանակ մեր պոլսաբնակ  «քաջերի» մեծամասնությունը սկսում է հավատացնել, թե ինչքան է սիրում Թուրքիան, որ, իհարկե, ոչ մի խնդիր չի ունեցել և չունի թուրքերի հետ, կիսավրդովմունքով և հիասթափությամբ նշում է, որ  Հայաստանից չէ, բացատրելով, թե հայաստանցին ինչքան ուրիշ է և իր հետ ոչ մի կապ չունի, հպարտորեն ընդգծում է, որ ծնվել է Թուրքիայում:

Այստեղ պետք է հիշել, որ 2000թ. սկզբին Հայաստանի քաղաքացիների հոսքը դեպի Թուրքիա ոչ մի հիմք չի հանդիսանում նման թյուրիմացության համար, քանի որ Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացիներին որպես իրավահավասար քաղաքացի չընդունելու սովորությունը գալիս է ավելի վաղ ժամանակներից:

Թուրք լրագրող Ջենգիզ Չանդարը, օրինակ բերելով վերջին օրերին Գեզի այգու ցույցերին մասնակցող հայերի դեմ ուղղված «եթե գոհ չեք, գնացեք Հայաստան» կոչերը, նշում է, որ դրանք նորություն չեն և հիշեցնում են իրավահավասար հայազգի քաղաքացու դժգոհություն հայտնելու ժամանակ նրան ուղղված «ուրեմն գնա Հայաստան» սպառնալիքները: Չանդարը նշում է. «Էրդողանը, որ եկել էր Հրանտ Դինքի ընտանիքին ցավակցելու, երբ դժգոհություն հայտնեցին, սկսեց պատմել, թե Թուրքիայի վարած բարեկամական քաղաքականության դիմաց Հայաստանն ինչպիսի սխալ քաղաքականություն է որդեգրել:

Թուրքիայի հայերն այսօր շատ մեծ ցավին զուգահեռ նաև անվստահություն են զգում իրենց պետության նկատմամբ: Չեն ընդունվում որպես իրավահավասար քաղաքացիներ: Այդ զգացումը հասկանալի է և իսկապես ցավոտ,  սակայն հայերն իրենց հերթին, փոխանակ թուրքերին բացատրեն, որ այս հողերի վրա ոչ թե իրենք են նորեկ, այլ թուրքերը, փորձում են ապացուցել, որ իրենք ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, իրենք արևմտահայեր են, նույնիսկ լեզուն է ուրիշ, ոչ մի անգամ չեն եղել Հայաստանում, չեն քայլել Երևանի փողոցներով, չեն սիրահարվել երևանցի աղջկա, չեն հարբել Երևանի գինետներում…..

Համենայնդեպս, թուրքահայերի՝ հավասար քաղաքացիական իրավունքները պահանջելու համար Հայաստանի հետ ունեցած կամ ունենալիք հոգևոր կապի բացակայությունը շեշտելը, ինչպես նաև եղած կապի ժխտումը դժվար է ասել, թե պայմանավորված է միայն Թուրքիայի հայկական քաղաքականությամբ: Հայն էլ իր հերթին սխալ ուղի է բռնել:

Հասկանալի է նրանց հակազդեցությունը թուրքերի անգիտակից կամ գուցե նաև գիտակցված վերաբերմունքին, սակայն այն հպարտությունը և համոզվածությունը, որով նրանք ընդգծում են, որ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն  տխրություն և ցավ է պատճառում….

ՈՒրբաթ, 4 հոկտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s