Հայերը Թուրքիայում՝ Ապրիլ 24-ի շեմին

danzikyan-300x153«Ակօս» շաբաթաթերթի նորանշանակ գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը, ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանի հետ զրուցում է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախօրեին Թուրքիայի հայերի տրամադրությունների, պատրաստությունների և դրանց նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքի մասին: Տեսանյութը այստեղ:

Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին պատրաստվում է ժխտողական քաղաքականության շրջանակներում: Դարդանելի ճակատամարտին նվիրված հիշատակումները, 1915 մետր երկարությամբ թուրքական դրոշների պատրաստումը տեսնելով՝ Թուրքիայի հայերն ի՞նչ են զգում, զայրանո՞ւմ են։

Վստահ՝ պետք է, որ զարմացած լինեն, կան նաև մարդիկ, որոնք սպասում էին սրան։ Սպասում էին, որ Թուրքիայի կառավարությունն ինչ-որ կերպ կարձագանքի հարյուրերորդ տարելիցին, բայց չէին կարող պատկերացնել, որ այս աստիճանի կհասնի։ Այդ պատճառով՝ Թուրքիայի հայերի մի մասն ուղղակի սպասում է 101-րդ տարվա մեկնարկին, քանի որ այս լարվածությունը նրանց սպառնում է, ինչը և կարելի էր ակնկալել: Հատկապես տարեցներին է ասածս վերաբերում, կամ այս հարցերով չզբաղվող մարդկանց, կամ նրանց, ովքեր երբևէ հետաքրքված չեն էլ եղել, կամ նրանց, ովքեր պարզապես հոգնել են այս հարցից։ Այս բոլոր մարդկանց համար այս բաները շատ հոգնեցնող են։ Շատերի համար սա այնքան էլ զարմանալի չէ․ կարելի էր ակնկալել, որ Թուրքիան ժխտման դաժան քարոզարշավ կսկսի։ Այս տարի որոշել են ապրիլի 24-ին անցկացնել Գալլիպոլիի միջոցառումները, ինչն իսկապես զարմացրեց մեզ, քանի որ մինչ օրս նման միջոցառում ապրիլի 24-ին երբևէ չի կազմակերպվել։ Մարտի 18-ին էին կազմակերպում, այն օրը, երբ բրիտանական զորքերի առաջընթացը կասեցվեց Գալլիպոլի նավահանգստի մոտ։ Նշվում է նաև ANZAC-ը (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական ստորաբաժանումների հիշատակումը), որը, սակայն ամեն տարի տեղի է ունենում ապրիլի 25-ի առավոտյան: Հիշատակի միջոցառումը կազմակերպում են ավստրալացիներն ու նորզելանդացիները։ Այս տարի, սակայն, հիշատակի այս միջոցառումները տեղափոխվել են ապրիլի 24, հրավերներ են ուղարկվել պետությունների ղեկավարներին։ Իհարկե, այս ամենը զարմանալի և տարօրինակ թվաց Թուրքիայի հայերին և իհարկե, այս ամենը քննադատեցին Թուրքիայի դեմոկրատ ուժերը, որոնք տարբեր հարցերում ավելի արդարամիտ են։ Կարծես այս ամենը հերիք չէր՝ հրավերք է ուղարկվել նաև Սերժ Սարգսյանին՝ իբր ասելու՝ թող քո երկրի հիշատակի միջոցառումները, արի մեզ հետ տոնելու Գալլիպոլիի հաղթանակն ու ANZAC-ը։ Սա անշուշտ տարօրինակ ու ամոթալի գործողություն է, այն լայնորեն քննադատվում է Թուրքիայում ոչ միայն հայերի, այլև դեմոկրատ, լիբերալ ուժերի և ընդհանրապես բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց հեռու են պահում «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։ Երբ հենց կուսակցության անդամներին են հարցադրումներ արվել այս կապակցությամբ՝ նրանք ասել են, որ որևէ վատ մտադրություն չեն ունեցել, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես միջոցառում է լինելու, սակայն ավելի լայնամասշտաբ, քանի որ 100-րդ տարելիցն է։ Ինչպես արդեն ասացի՝ լավ կանխամտածված քայլ է հսկայական մի միջոցառում կազմակերպել Գալլիպոլիի հետ կապված, որպեսզի այն ստվերի ապրիլքսանչորսյան ցանկացած միջոցառում Թուրքիայում։ Այդուհանդերձ՝ հենց ապրիլի 24-ին դրա կազմակերպումը անսպասելի էր, անսպասելի էր և հիասթափեցնող։ Իրականում՝ չի կարելի դա անվանել հիասթափություն, պարզապես մի զգացողություն է, կարծես Թուրքիայի հայերի շրջանում ոչ մի բան էլ չփոխվեց։

Screen Shot 2015-04-10 at 3

Վերջերս Դավութօղլուի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանն էիք մասնակցել: Ովքե՞ր էին մասնակիցները, ինչպե՞ս անցավ, կարողացա՞ք Ձեր դժգոհությունների մասին հայտնել: Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի և Սփյուռքի հետ հարաբերությունների մասին որևէ բան ասվե՞ց:

Դավութօղլուի հետ հանդիպմանը ներկա էին բոլոր փոքրամասնությունների՝ հայերի, հույների, հրեաների, ասորիների, ուղղափառ արաբների, կաթոլիկների ներկայացուցիչները։ Շուրջ 40-50 մարդ էր հավաքվել։ Ակնհայտ են «Արդարություն և զարգացում» կուսակցության ջանքերը՝ ավելի սերտ կապեր հաստատելու փոքրամասնությունների հետ՝ ի տարբերություն հանրապետության ավելի վաղ ժամանակների: Բացի այդ՝ կա փոքրամասնությունների հիմնադրամներին նախկինում առգրավված անշարժ գույքը վերադարձնելու քաղաքականություն։ Փոքրամասնությունների ներկայացուցիչների համար սա դրական զարգացում է։ Նրանք էլ ներկա էին հանդիպմանը ու խոսում էին գույքի վերադարձման հետ կապված խնդիրներից։ Հրեական համայնքի ներկայացուցիչները գանգատվում էին, որ ամեն անգամ, երբ Իսրայելի հետ կապված խնդիր է ծագում, ատելության կոչերը դրվում են շրջանառության մեջ, ու ամեն անգամ շատ ավելի ծանր է լինում։ Որպես փոքր խումբ՝ մենք նույնպես հնարավորություն ունեցանք բարձրաձայնելու մեր մտահոգությունները վարչապետին։ Հարցրինք, թե ինչպե՞ս մտահղացան այս քարոզարշավն անել ընդդեմ Ապրիլ 24-ի, նաև հարցրինք, թե ինչո՞ւ է Հայաստանի հետ սահմանը դեռևս փակ, ինչո՞ւ Թուրքիան այն չի բացում, չէ՞ որ դա խաղաղությանն ընդառաջ մեծ քայլ կլինի։ Ասացինք նաև, որ Խոջալուի հետ կապված ցույցերը Թուրքիայում ապրող հայերի վրա մեծ ճնշումներ են ստեղծում։ Նշեցինք, որ Դողու Փերինչեքի գործում կառավարության դիրքորոշումը խնդրահարույց է, նա «Թալեաթ փաշա» կոմիտեների ղեկավարն է, նրա գործողությունները ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատություն, նրա կոմիտեի անվանումն ինքնին խոսուն է։ Նրանց նպատակն է Թուրքիայում ապրող հայերի վրա շատ ավելի մեծ ճնշում բանեցնել։ Խոսեցինք նաև հայկական ժառանգությունից, Անատոլիայի եկեղեցիներից ու հուշարձաններից, որոնք շատ վատ վիճակում են։ Ինչպես նախկինում՝ հիմա նույնպես հանրային քննարկման մեջ շրջանառության է դրվում «հայկական սփյուռքի լոբբի» արտահայտությունը։ Դավութօղլուն այս բոլոր հարցերին միանգամից պատասխանեց, ասաց, որ այս հարցերն իրենցից կանխամտածված արշավ չեն ներկայացնում, որ Հայաստանի հետ սահմանը կբացվի, եթե Հայաստանը համաձայնի Ղարաբաղի գեթ մեկ շրջան վերադարձնել Ադրբեջանին, սակայն հայերը դրան չեն համաձայնել։ Ըստ նրա՝ հայկական կողմը դիմադրում է։ «Սփյուռքի լոբբի» արտահայտության հետ կապված ասաց, որ հայկական Սփյուռքը մեր (Թուրքիայի) սփյուռքն է։ Սփյուռքի հետ կապված աշխատանքները պետք է շարունակվեն, բայց կան ահա այդ «լոբբիները»։ Այս մեկնաբանությունը ցույց տվեց, որ նա հարցին մոտենում է նույն դիտանկյունից, ինչ նախորդ կառավարությունները։ Սրանք էին, կարճ ասած, նրա մեկնաբանությունները։ Անշուշտ, մինչ Դավութօղլուն այսպիսի մեկնաբանություններ է տալիս, Էրդողանը նույն օրերին Կոլումբիայում իրեն թույլ է տալիս այսպիսի արտահայտություն՝ «Եթե Սփյուռքն անկեղծ լինի․․․»։ Սրանք մատնանշում են, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակում է իր դասական քաղաքականությունը։ Այսպիսին էր ընդհանուր առմամբ հանդիպումը։

Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ են լինելու, ովքե՞ր են այդ միջոցառումների կազմակերպիչները, արդյո՞ք հնարավոր է նրանց կամ մասնակիցների մեջ հայեր գտնել։ Արդյո՞ք այդ միջոցառումները հայերի որոշ մասի համար կարող են անհարմարություններ առաջացնել կամ անկարևոր լինել, թե՞ հակառակը՝ դրանք հայերին ցույց են տալիս, որ մենակ չեն և դրանով ավելի լավ են զգում իրենց։

1366844681-armenian-genocide-commemorated-in-istanbul-after-98-years_1991618

Ընդհանուր առմամբ, այս միջոցառումները Թուրքիայի հայերի կողմից լավ են ընդունվում, վերջին 5-6 տարին Թաքսիմի հրապարակում, օրինակ, հիշատակի միջոցառում է կազմակերպվում։ Անշուշտ՝ դա արվում է շատ փոքր խմբի կողմից, բացի այդ, միշտ կա մտավախություն, որ հիշատակի միջոցառումները կարող են հայերի դեմ հարձակումներ հրահրել։ Ընդհանուր առմամբ՝ հայերի համար սա լավ է, քանի որ այս օրը չի անցնում այնպես, կարծես ոչինչ նախկինում չի եղել։ Կազմակերպողները DURDE («Ասա ո՛չ ռասիզմին ու ազգայնամոլությանը») հակազգայնական հասարակական կազմակերպությունը և Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիան են, նրանց նախաձեռնությունն է։ Մարդու իրավունքների ասոցիացիան հավաք է կազմակերպում նաև Սուլթանահմեդ հրապարակում՝ Հայդարփաշա կայարանի դիմաց, որտեղից 1915թ․ ապրիլի 24-ին աքսորվեցին ձերբակալված հայ մտավորականները։ DURDE-ն Թաքսիմ հրապարակում լուռ նստացույց է կազմակերպում ապրիլի 24-ի երեկոյան։ Այս ամենը հնարավոր է անել ընդամենը վերջին 4-5 տարում, մասնակիցների թիվը տատանվում է հազարից երկու հազարի միջև։ Այս տարի միջոցառումներին ներկա են լինելու նաև խմբեր հայկական Սփյուռքից, ԱՄՆ-ից։ Նմանատիպ մի խումբ ներկա է եղել մի քանի տարի առաջ։ Նրանք մտածում են, որ այս տեսակ մասնակցությունն իմաստալից է, իրենց նախաձեռնությունն անվանել են Project2015, որն ընդհանուր առմամբ հետաքրքիր է: Մասնակիցների մեջ հայեր էլ կան, սակայն միայն հայերի կողմից հիշատակի միջոցառումներ դեռևս չեն կազմակերպվում։ Վստահ չեմ, որ դա տեղի կունենա հարյուրերորդ տարելիցին, սակայն մինչ այժմ բոլոր միջոցառումները կազմակերպվում են ձախական գաղափարախոսություն կրող թուրքերի կողմից։ Հայերը մասնակցում են դրանց առնվազն անհատապես, եթե ոչ՝ որպես խումբ։ Ինչպես ասացի՝ հայերի կողմից միջոցառումներ դեռևս չեն կազմակերպվում, և ի վիճակի չենք ասելու՝ արդյո՞ք քաղաքական մթնոլորտը թույլ կտա նման բան անել, թե՞ ոչ։ Անվտանգության ծառայությունները վերջին չորս տարին հիշատակի միջոցառումներին ըմբռնումով են մոտենում, նրանք ապահովում են տարածքի անվտանգությունը՝ հավաքվածների շուրջ շղթա կազմելով։ Բայց մինչ օրս Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված ոչ մի միջոցառում հայերը չեն կազմակերպել, միգուցե ավելի ուշ կազմակերպվի, չգիտեմ։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս տարի տարօրինակ քայլով է հանդես գալիս և իր համար ընդունելի հայերին խոստանում բյուրոկրատական որոշ պաշտոններ։ Նման քաղաքական դերակատարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

Այո, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցանկանում է սերտացնել հարաբերությունները հայերի հետ, նաև՝ հույների։ Իրականում՝ սա օսմանյան ավանդույթին և մոդելին հետևելու արդյունքն է։ Հանրապետության տարիներին այնքան շատ ճնշում է եղել այլադավան ժողովուրդների նկատմամբ, որ այդ ժամանակաշրջանը նրանք կարծես փակագծի մեջ են մտցնում և մոտենում օսմանյան ժամանակաշրջանին, որը նրանք իդեալականացնում են, հատկապես 1800-ականները, երբ հայ նախարարներ նշանակվեցին։ Անշուշտ նրանք չեն շեղվում հայերի մասին պաշտոնական տեսակետից, բայց, քանի որ հրապուրված են այդ շրջանով, կրկին ուզում են հայերին նշանակել որպես պետական կառույցների բյուրոկրատներ, խորհրդատուներ, միգուցե՝ նաև խորհրդարանականներ, սակայն զգուշորեն են ընտրում։

Հանրապետության տարիներն այնքան վատն էին հայերի համար, որ օսմանյան ժամանակաշրջանի ցանկացած հատված, բացի Իթթիհատ վե Թերակիի ժամանակաշրջանից, դրական է համարվում։ Մյուս կողմից՝ սա նաև կուսակցության մյուս դեմքն է, որը վերադառնում է հանրապետականների և բանակայինների ժամանակաշրջանին։ Իրականում, քրդական խնդրին և  հայկական հարցին առնչվող նրանց մոտեցումներն այդ մարտավարության մի մասն են, քանի որ որքան շատ բանակայինների ու հանրապետականների շրջանը նրանք դնեն դժվար կացության մեջ՝ այնքան ավելի լավ կլինի իրենց համար։ Բացի այդ՝ հասարակությունը նման յուրաքանչյուր քայլի համար վերադարձնելու մի բան ունի։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարկ է բարձրացնում քրդական հարցը լուծելու ուղղությամբ աշխատելու համար։ Մի տեսակ լեգիտիմիություն են շահում՝ փոքրամասնությունների հետ լեզու գտնելու իրենց փորձերով՝ ի հակադրություն այլ ոլորտներում նրանց բռնակալական գործողությունների։ Բայց ամեն անգամ, երբ նեղն են ընկնում, վերադառնում են հայերի նկատմամբ պաշտոնական գծին։ Նրանք կարծես կշեռքի վրա խաղան։ Ահա այդպիսին է քաղաքականությունը։ իմ կարծիքով, այն կարելի է նաև համարել PR քարոզարշավ, քանի որ ակնհայտ է, թե ինչ են անում Դողու Փերինչեքի և նմանատիպ այլ հարցերի դեպքում։ Այնպես որ, հարցականի տակ է, թե նրանց գործողություններից ո՞ր մեկն է ճշմարիտ կամ անկեղծ։

Ի՞նչ եք կարծում, Թուրքիայի հայերը ժողովրդավարության և հավասարության համար պայքարն ինչի՞ց պետք է սկսեն։ Կուսակցությունների կողմից առաջադրված հայ թեկնածուները կարո՞ղ են համարվել Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի քայլեր:

Թուրքական քաղաքական կուսակցությունների կողմից հայերին որպես թեկնածու առաջադրելն ավելի լավ բան է, անշուշտ, քան  չառաջադրելը, ինչպես նախկինում էր։ Վերջիվերջո, եթե խորհրդարանում մի քանի հայ, հույն, ասորի կամ եզդի անդամ լինի, լավ կլինի։ Սա որպես բացասական երևույթ չենք կարող դիտարկել, բայց կարևոր է նաև, թե ինչ մեխանիզմով է արվում։ Մինչև հիմա «Արդարություն և ազատություն» կուսակցությունը և Հանրապետական ժողովրդական կուսակցությունը սրան մոտենում են այնպես, կարծես լավություն են անում կամ գթասրտություն ցուցաբերում։ Մտածում են՝ արդյո՞ք լավ կլինի իրենց համար, եթե հայ թեկնածու առաջադրեն, թե՞ ոչ։ Քրդական ժողովրդական կուսակցությունն այս հարցում ավելի սկզբունքային է։ Սակայն մյուս կուսակցություններն այս առումով համարում են, թե գթասրտություն են անում։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, այո, լավ կլինի, որ խորհրդարանում հայ լինի, բայց, իմ կարծիքով, մենք պետք է այլ լուծումների մասին մտածենք։ Խորհրդարանը 550 անդամ ունի, կարելի է տեղերի 8-10 տոկոսը տրամադրել փոքրամասնություններին կամ խոցելի համայնքներին։ Այդ կերպ այս համայնքներն իրենց ներկայացուցիչներին անմիջապես խորհրդարան կուղարկեն, սա մի եղանակ է, երբ հնարավոր կլինի ունենալ հայերից, հույներից, ասորիներից և այլ անդամներից բաղկացած խորհրդարանական խումբ։ Այն կուսակցությունների գթասրտությունից կախված չի լինի։ Այս մեխանիզմը հիմա չկա, չնայած գործում է եվրոպական մի շարք երկրներում։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ պետք է մտածել, Թուրքիայում այս լուծման շուրջ չեն մտածել, բայց, կարծում եմ, լավ կլինի, որ մտածեն։

10 ապրիլ, 2015

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s