Հայկական տրանսֆորմացիա թուրքական Starbucks-ով

images-14Այսօր Հայաստանում ապրող հայ մարդը միանշանակ վատ կարծիք ունի Թուրքիայի ու թուրքի մասին: Բացառվում է այն միտքը, որ կարելի է կարդալ թուրք հեղինակի գիրք, էլ չեմ ասում` հավանել թուրքի գործը կամ համակարծիք լինել թուրքի հետ:

Դրանց պատճառաբանությունները շատ պարզ, հասարակ և հայտնի են՝ թուրքը վանդալ է, արյունարբու, մշակույթ չունի, դրանց գրածն ի՞նչ պիտի լինի և «ամենահիմնավորը»՝ հայի նյարդերը չեն դիմանում այդ լեզուն լսել: Դրանք այդքան էլ պայմանավորված չեն մեզ թուրքերի պատճառած ցավերով ու կորուստներով, ինչպես մենք ենք կարծում, այսինքն չեն բխում  քաղաքական և պատմական շարժառիթներից, քանի որ մեր մոտեցումը համարյա նույնչափ օրիենտալիստական է նաև արևելյան և իսլամադավան մյուս ազգերի՝ պարսիկների և արաբների նկատմամբ: Դրանք մեղմ ասած մեր «առաջադիմության» և չմահավանության հետքերն են…

Ամենևին չեմ փորձում հերքել վերոհիշյալ գնահատականները ու դրական կարծիք առաջարկել ողջ թուրք ազգի մասին, սակայն ինձ համար հանելուկ է մնում այն, որ առանց տեսնելու, ճանաչելու, ուսումնասիրելու և հետաքրքրվելու ինչպես կարելի է նման եզրակացության գալ և բարձրաձայնել որպես միանշանակ, բացարձակ և վերջնական ճշմարտություն:

Ես տարիներ շարունակ փորձում եմ հասկանալ այս ամենի պատճառ դարձող հոգեական վիճակը, մեկ էլ՝ հո՜պ, թուրքերի վերաբերյալ զարգանում է մի ուրիշ մոտեցում, որը շատ ավելի անհասկանալի է:

Հայաստանցի որոշ երիտասարդներ, ուսանողներ, մասնագետներ, լրագրողներ, հասնելով Ստամբուլ, համարյա հյուրանոցում արթնացած առաջին առավոտից ենթարկվում են «տրանսֆորմացիայի», և ընդամենը մի երեք օր անցկացնելով Թուրքիայի ամենազարգացած քաղաքի՝ Ստամբուլի, կենտրոնական մի քանի փողոցներում,  գալիս են այն եզրակացության, որ այնտեղ լրիվ ուրիշ կյանք է: Մարդիկ բարեհամբույր են, քաղաքավարի, ժպտադեմ, հյուրընկալ, փողոցներն անընդհատ մաքրվում են, լի են զարգացած եվրոպական բրենդներով …

Տեսնելով նույն փողոցի վրա գտնվող չորս Stաrbucks և «հարբելով» այնտեղից գնված Java Chip Frappuccino-ով, ամբողջովին վերափոխվում են:  Անգլերեն խոսող մի քանի թուրքերի հետ շփվելով՝ նրանց համար թուրքը դառնում է մոդեռն:

Ականջօղերով տղաներին և դեկոլտեով աղջիկներին (երևի թվում էր, թե բոլոր կանայք գլխաշորով են, իրենց բառերով՝ չադրայով) տեսնելով, թուրքական հասարակությունը պատկերանում է միանգամայն հանդուրժող: Իսկ երբ ասում են, որ Հայաստանից են ու իրենց տեղում չեն մորթում, թուրքերը դառնում են «շատ մարդասեր»:

Մեծ և շքեղ գրախանութներում տեսնելով Օրհան Փամուկի և Էլիֆ Շաֆակի տարբեր լեզուներով թարգմանված գրքերը, աշխարհի ժամանակակից գրականության մեծ մասի թուրքերեն թարգմանությունները, թուրք բազմաթիվ հեղինակների ստեղծագործությունները, թուրքական հասարակությունը նրանց աչքին դառնում է ընթերցող և կիրթ…

Ավելի զարմանալին հայկական համայնքի մասին ունեցած նախապաշարված կարծիքի փոփոխությունն է, այսինքն՝ տարիներ շարունակ թուրքահայությանը Թուրքիայում մնալու և թրքանալու համար մեղադրելով և համայնքը պահելու սրբությունն այդպես էլ չըմբռնելով, գոյություն ունեցող 36 գործող հայկական եկեղեցիներից, 16 հայկական դպրոցներից ընդամենը մեկի կողքով անցնելով, պնդում են, թե ինչպիսի խորությամբ են զգացել «Պոլսի հայկական ոգին ու իրենց  արմատները»:

Հիրավի չես կարող չհիշել «շատ մի սիրի, ատել կա, շատ մի ատի, սիրել կա» ժողովրդական իմաստությունը: Հայի համար Թուրքիան, թուրքական պատմությունը և վերջապես թուրքը ուրույն տեղ ունեն և կարոտ են լուրջ ուսումնասիրության և ճանաչման՝ հանուն պատմության և իրականության բացահայտման, Ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանությունից հետո շարունակվող հայկականության և հայ արժեքների ոչնչացման և, գալով մեր օրերին, տարածաշրջանում մեծ ուժ հանդիսացող հարևանի հետ հարաբերությունների ճիշտ կառուցման, ավելին՝ հայ համանյքի գոյատևմանն աջակցելու և հայապահպանության համար:

Չպետք է մոռանալ, որ Ստամբուլի Իսթիքլալ փողոցում գտնվող սրճարանի new age ոճի bergère-ում նստած stаrbucks սուրճի թղթե բաժակը ձեռքին պողոտա ուղղած հայացքդ ու տեսածներդ իրականության ընդամենը մի փոքր մասն են… մնացածը հասկանալու համար ցանկություն, անկողմնակալ հետաքրքրություն և ժամանակ է պետք….

Հինգշաբթի, 28 նոյեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s