Մահչուփյանի նշանակումը՝ Ցեղասպանության հերքման քաղաքականության նոր քայլ

etyen_mahcupyanzamandanayrildi_h52561Թուրքիայի «Սաբահ» օրաթերթը, որը հատկապես վերջին տարիներին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ձայնափողն է համարվում, հոկտեմբերի 25-ին հայտարարեց Էթյեն Մահչուփյանի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակելու մասին: «Սաբահը» նշանակման լուրը «զարդարել էր» այն փաստերով, որ Էրդողանի ապրիլի 24-ի «կառուցողական» ուղերձից հետո, այս անգամ Դավութօղլուն իր հերթին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների «զարգացման» (Հայաստան-Թուրքիա արձանագրություններում օգտագործված եզրը) ուղղությամբ ևս մի կարևոր քայլ արեց՝ գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելով հայազգի Մահչուփյանին:

Թուրքական մամուլում այս նշանակումը որակվեց կարևոր քայլ, որը փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականության և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բարելավման գործում որոշակի աջակցություն է բերելու Դավութօղլուին: Միևնույն ժամանակ, Մահչուփյանը հերքում է իր նշանակման հայ-թուրքական ուղղվածությունը՝ ավելի լայն դերակատարում վերապահելով իր գործունեությանը: Մահչուփյանը ասել է, որ սա այն անմերժելի առաջարկներից էր, որն ինքն ուրախությամբ ընդունեց: Իսկ մամուլը շեշտում է նրա հայ լինելը՝ ընդգծելով, որ ԱԶԿ-ն անգամ հային հասցրեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին:

Ով է Էթյեն Մահչուփյանը

Մահչուփյանի ծանոթությունը Դավութօղլուի հետ հին, ինտելեկտուալ անցյալ ունի։ Նրանք հանդիպում էին, երբ Դավութօղլուն դեռ գիտնական էր, և այդ հանդիպումները շարունակվել են նաև նրա արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին։ Մահչուփյանն ընդգրկված էր կառավարության կողմից քրդական հարցին լուծում տալու նպատակով ստեղծված «իմաստունների խորհրդի» կազմում:

Էթյեն Մահչուփյանը Թուրքիայում բավական հեղինակավոր Բողազիչիի և Անկարայի համալսարաններում ուսանելուց հետո, դասախոսել է նույն համալսարաններում: Մինչև 1996թ. զբաղվել է սեփական բիզնեսով և որպես խորհրդատու աշխատել նաև այլ ընկերություններում: 1996թ. վերջ դնելով իր գործարար կյանքին, անցել է քաղաքական դաշտ և սյունակներ գրել հիմնականում դեմոկրատական և ձախ դեմոկրատական ուղղվածություն ունեցող մամուլում: Մահչուփյանը նաև բազմաթիվ գիտական աշխատությունների ու մենագրությունների հեղինակ է, որոնց հիմնական թեմաներն են Թուրքիայի ժողովրդավարացման և արևմտյան կողմնորոշման խնդիրները, լիբերալ ժողովրդավարությունը, բանակ-պետություն հարաբերությունները, կրոնը և ժողովրդավարացումը, թուրք-քրդական հակամարտությունը և այլն:

Մահչուփյանը 2001 թվականից աշխատակցել է գյուլենական՝ իսլամական-պահպանողական «Զաման» օրաթերթին՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ նոր Թուրքիայի կառուցման ամենամեծ ներուժն ունեն իսլամիստները:

Մահչուփյանը նաև Հրանտ Դինքի մտերիմներից էր, նրա լավագույն ընկերներից մեկ: Բացի քաղաքական համախոհ լինելուն՝ նրանք նաև ազատ ժամանակն էին միասին անցկացնում, ճամփորդում, համատեղ խաղադրույքներ կատարում ձիարշավարանում և բուռն քննարկում ֆուտբոլային թեմաները: Այն տարիներին նույնիսկ քննարկվում էր ԱԶԿ-ից նրանց պատգամավոր առաջադրելու հնարավորությունը:

«Ակօս»-ում հաճախակի հանդես եկող Մահչուփյանը, Դինքի սպանությունից հետո  ստանձնեց թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Մահչուփյանն ԱԶԿ պաշտպան

2010թ. հրաժարվելով «Ակօս»-ի խմբագրի պաշտոնից՝ նա կրկին աշխատանքի անցավ «Զաման»-ում: ԱԶԿ իշխանության առաջին տարիներին որոշ դեմոկրատներ և լիբերալներ, չկիսելով հանդերձ  կուսակցության իսլամական և պահպանողական դիրքորոշումները, աջակցում էին կուսակցության քաղաքականությանը: Դրանցից մեկն էր Մահչուփյանը, որը համարվում էր ձախ դեմոկրատական հայացքներով մտավորական: Կուսակցության դանդաղ և չկամ քայլերը Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում, ինչպես նաև թուրք-քրդական հակամարտության լուծման գործում պատճառ դարձան, որ վերոհիշյալ քաղաքական ուժերը դադարեն իշխանություններին աջակցելուց:  Այս ամենից անմիջապես հետո գյուլենականները նույնպես հեռացան իշխանամետ դիրքերից, ինչին հաջորդեց «Մեծ կաշառք» օպերացիան:   

Սակայն աշխատելով գյուլենական թերթում, մոտ մեկ տարի առաջ ծավալված «Գյուլեն-Էրդողան հակամարտության»  ժամանակ Մահչուփյանն անցավ Էրդողանի կողմը և պաշտպանեց ԱԶԿ դիրքերը , ինչը զարմանքով ընդունվեց երկար տարիներ գյուլենականների մեջ բարձր հեղինակություն ունեցող գիտնականի ընթերցողների կողմից:

Նրա նոր դիրքորոշման գնահատականը եղավ ամենաիշխանամետ թերթերից մեկից՝ «Աքշամ»-ից, աշխատակցության հրավերը , որն ընդունվեց Մահչուփյանի կողմից:

Մահչուփյանը վերջին շրջանում պաշտպանում էր Էրդողանին   նույնիսկ «կներեք ինձ անգամ հայ են ասում» ճգնաժամի ժամանակ: Դրանից անմիջապես հետո մի հարցազրույցում Մահչուփյանն Էրդողանի վարվելակերպը նմանացրեց իր սեփական հորը: Հայկական համայնքում և դեմոկրատական շրջանակներում ինչքան էլ քննադատվում էր Մահչուփյանի այս կտրուկ շրջադարձը և ԱԶԿ բոլոր քայլերի անվերապահ ողջունումը, նա պնդում էր, որ ԱԶԿ-ն շանս է քեմալիզմը և միլիտարիզմը կազմաքանդելու և «Նոր Թուրքիա»  ստեղծելու համար, գտնելով, որ հայերը ևս պետք է ակտիվորեն մասնակցեն «Նոր Թուրքիայի» կառուցմանը:

Մահչուփյանի նշանակումը՝ Ցեղասպանության հերքման քաղաքականության նոր քայլ

Այսօր իսկապես կարևոր է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայի նշանակումը՝ անկախ այն բանից այդ հայը իրեն հայ է համարում, հայ լինելն է կարևորում, թե Թուրքիայի քաղաքացի,  էթնիկական ծագումի բերած պատմական խնդիրների ճիշտ լուսաբանումն ու ընդունումն է կարևորում, թե Թուրքիայի ժողովրդավարացումը, կամ էլ նրանց փոխկապակցվածությունը: Դժվար է սպասել, որ անգամ տաղանդավոր գիտնական Մահչուփյանը այնքան խոհեմ կլինի, որպեսզի  չդառնա Թուրքիայի քաղաքականության հակահայկական քարոզչության գործիքն ու հրաժարվի գլխավոր խորհրդականի «բարձր» պաշտոնից:

Չնայած Մահչուփյանն ընդգծել է, որ գլխավոր խորհրդական լինելու վերաբերյալ առաջարկում չեն քննարկվել գործունեության հնարավոր ոլորտները, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ Թուրքիան գնում է նման քայլի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, որպեսզի աշխարհին ցուցադրի իր մեծահոգությունը և հայերի հետ խնդիրների բացակայությունը:  Բայց ԱԶԿ-ի՝ միջազգային հանրությանն ուղղված այս «խորամանկությունը» չի ընկալվում Թուրքիայում նույնիսկ իր սեփական ընտրազանգվածի և անգամ դեմոկրատ ձևացող կուսակցությունների համակիրների կողմից, որոնք հային բարձր պաշտոն տալը համարում են դավաճանություն: Չի բացառվում, որ գոնե իրենց կողմնակիցներին Մահչուփյանի նշանակումը կառավարական շրջանակները կբացատրեն Օսմանյան կայսրության շրջանում հայերի կողմից բարձր պաշտոններ վարելու բազմաթիվ օրինակներով: Այս ավանդույթը շարունակեցին նաև երիտթուրքերը, հանգամանք, որ բնավ էլ արգելք չեղավ Ցեղասպանության իրականացման համար:

Այն, ինչ տեսնում ենք, ոչ զարգացում է, ոչ էլ երկխոսության ճիգ, այլ հայերի համար անիմաստ դիվանագիտական խաղի հերթական քայլ, որի մեջ ցավոք ներգրավված է նաև Հայաստանը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու համար ՀՀ արտգործնախարարի մակադակով Էրդողանին առձեռն հանձնված հարսանիքի հրավիրատոմս հիշեցնող հրավերը Հայաստանի կողմից ներկայացվեց որպես դիվանագիտական հերթական «փայլուն» լուծում, որին  հաջորդեց արդեն տրիվիալ դարձած «հպարտ և հաղթական» հայտարարությունը՝ «գնդակը կրկին նրանց դաշտում է»: Սակայն վաղուց ժամանակն է գիտակցելու, որ խաղի նպատակը ոչ թե գնդակը անընդհատ հակառակորդի դաշտ ուղարկելն է, այլ գոլ խփելը:

Նույն տրամաբանությամբ ենթադրվում է, որ Հայաստանի հարվածը հակադարձված է: Մահչուփյանի նշանակումը Ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական նախապատրաստությունների կարևոր քայլերից է: Մոտ ապագայում չի բացառվում մեկ այլ հարված՝ հայազգի իշխանամետ լրագրող Մարգար Եսայանի պատգամավոր դառնալու հնարավորությունը:

Հոդվածի անգլերեն տարբերակը՝ այստեղ:

Կիրակի, 26 հոկտեմբեր, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s