Մեհմեդ Ալի Բիրանդ. մահախոսական

images
Մեհմեդ Ալի Բիրանդ

Հայաստանում թերևս ամենահայտնի թուրք հեռուստալրագրող, վերլուծաբան և քաղաքական մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը երկարատև ծանր հիվանդությունից հետո Ստամբուլի Ամերիկյան հիվանդանոցում հրաժեշտ տվեց կյանքին: Բիրանդը առաջին թուրք լրագրողն էր, որ այցելեց անկախ Հայաստան և թուրքերին բացահայտեց Հայաստանի Հանրապետությունը և հայ քաղաքական ու պետական գործիչներին:

Որպես լրագրող` Բիրանդի կայացման գործում լրջագույն դեր է խաղացել այն հանգամանքը, որ ավելի քան 20 տարի նա գործել է արտասահմանում, լինելով «Միլլիյեթի» թղթակիցը Բելգիայում: Նա գործուղվել է նաև Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Հունաստան: Նրա անմիջական ջանքերով է բացվել թուրքական թղթակցական կետ Մոսկվայում: Բիրանդի աստեղային ժամը 1974թ. Կիպրոսյան իրադարձություններն էին, երբ Թուրքիան առաջին անգամ  հայտնվեց համաշխարհային լուրերի կենտրոնում, և հիմնական քաղաքական մեկնաբանը Բիրանդն էր:

Բիրանդը Թուրքիայում առաջինը սկսեց հիմնավորել հեռուստատեսային քաղաքական բանավեճերի պրակտիկան: Նա սկսեց քաղաքական մեկնաբանություններով ու արտասահմանյան պետական գործիչների հետ հարցազրույցներով հանդես գալ թուրքական TRT պետական հեռուստատեսությամբ՝ կարճ ժամանակում զգալի հեղինակություն ձեռք բերելով: Նրա «32-րդ օր» հեռուստատեսային ծրագիրը իսկական հեղաշրջում էր թուրքական պետական հեռուստաընկերությունում և դարձավ ամենասպասված հաղորդումներից մեկը: Բիրանդը հարցազրույցներ է վարել այնպիսի նշանավոր քաղաքական գործիչների և պետական առաջին դեմքերի հետ, ինչպիսիք էին Ֆրանսուա Միտերանը, Ռոմանո Պրոդին, Ժակ Շիրակը, Հորդանանի Աբդալլահ թագավորը, Բաշար Ասադը, Սադամ Հուսեյնը, Գորբաչովը, Ելցինը, Շևարդնաձեն, Արաֆաթը, Կոլը, Թետչերը, Պերեսը, Օջալանը և նույնիսկ Մեհմեդ Ալի Աղջան: Թուրք հասարակության համար չափազանց շահեկան էր տեսնել ազգակցին աշխարհի հզորների հետ հավասարը հավասարի պես զրուցելիս, և Բիրանդը հսկայական հեղինակություն էր ձեռք բերում:

Նրա շուրջը հավաքվեցին երիտասարդ լրագրողներ, որոնք այսօր թուրք մտավորական լրագրողների առաջատար փաղանգն են կազմում: Հետաքրքրական է, որ Մ. Բիրանդի կյանքն անամպ չի անցել: 1988թ. Լիբանանում նա կարողացավ մուտք գործել Բեքաայում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության(PKK) զինվորական ճամբար և հարցազրույց ունեցավ Աբդուլլահ Օջալանի հետ: Այդ հարցազրույցի հետևանքով արգելափակվեց «Միլլիյեթ» թերթի հերթական համարը: Նրա դեմ նույնիսկ քրեական գործ հարուցվեց մեղադրելով հեռուստահաղորդումների կազմակերպման համար ստացված 33 հազ. դոլարը չարաշահելու և ոչ նպատակային օգտագործելու մեջ: Բիրանդը դատապարտվեց: Հետագայում պարզվեց, որ դատական գործը պատվիրվել է զինվորական շրջանակների կողմից: Այդ դեպքերն իրենց արտացոլումը գտան նրա «Հրամայիր հրամանատար» գրքում, որը թուրքական զինվորականության մասին առաջին աշխատությունն էր՝ գրված քաղաքացիական անձի կողմից:

Բիրանդը նկարահանեց նաև վավերագրական ֆիլմեր, որոնցից առանձնահատուկ դեր ունեցան 1974թ. կիպրոսյան հակամարտությունն արտացոլող «Կիպրոս», Մայիսի 27-ի հեղաշրջման ծալքերը բացահայտող «Դեմիր քրատ» (երկաթե սպիտակ ձի, բառախաղ է` դեմոկրատ բառի թուրքերեն տառադարձումը) և  զինվորական միջամտության վերաբերյալ «12 մարտ»,  «12 սեպտեմբեր», «Օզալի տարիներ» ֆիլմերը:

1991թ. նա վերադարձավ Ստամբուլ և սկսեց աշխատակցել «Սաբահ» թերթին՝ հանդես գալով սուր քննադատական հոդվածներով: 1997թ. փետրվարի 28-ից հետո, երբ զինվորականության պահանջով փակվեց իշխող իսլամամետ «Ռեֆահ» կուսակցությունը,  նրան զրկեցին լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքից և միայն յոթ ամիս անց Բիրանդը կարողացավ աշխատանք գտնել CNN Turk հեռուստաընկերությունում:

Իր հաղորդումներում, հրապարակումներում և աշխատություններում Բիրանդը հանդես էր գալիս սուր, հաճախ անընդունելի հարցադրումներով, առաջ էր քաշում տեսակետներ, որոնք տասնամյակներով մերժվել էին Թուրքիայում, և պատահական չէր, որ նրա անվան շուրջ հյուսվում էին զանազան առասպելներ: Նա համարվում էր և պետության մարդ, նույնիսկ Թուրքիայի արտաքին հետախուզության` MIT-ի, աշխատակից, մասոն, սաբաթայական, թաքնված հրեա, նույնիսկ` հայ: Իր հայկական ծագման մասին լուրերը Բիրանդը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ես հպարտ կլինեի, եթե հայ լինեի, բայց ես թուրքացած քուրդ եմ»:

Բիրանդն ու հայերը

Մեհմեդ Ալի Բիրանդն առաջին թուրք լրագրողներից էր, որ Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո ժամանեց Հայաստան, հարցազրույց ունեցավ Լևոն Տեր Պետրոսյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, Ռոբերտ  Քոչարյանի,  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նրա հրապարակումներն ու հոդվածները թարգմանվում էին հայերեն, իսկ մեկնաբանությունները և կարծիքները լայն արձագանք էին ստանում հայկական մամուլում:

Հատկապես վերջին ժամանակաշրջանում Բիրանդի մեկնաբանությունների հիմնական ուղղությունը քրդական հիմնախնդիրն էր, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտության բացահայտումը թուրքական հասարակության ամենլայն շրջանակների համար:

Բիրանդը քրդական հիմնախնդրի լուծումը տեսնում էր Քրդական աշխատավորական կուսակցության հետ քաղաքական երկխոսության հաստատման և վերջինիս առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատման և խորհրդարանում ներգրավելու ճանապարհով:

Հայկական թեմաները ևս բավական մեծ տեղ էին գրավում Բիրանդի հաղորդումներում և մեկնաբանություններում: Նա հանդես էր գալիս Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հայ-թուրքական սահմանը բացելու, Թուրքիայի հայկական փոքրամասնության իրավունքների պաշտպանության դիրքերից: Նա նույնիսկ առաջարկում էր թուրքական քաղաքացիություն շնորհել այն հայաստանցիներին, որոնք ապօրինի գտնվում են Թուրքիայում: Այդ առաջարկով հանդես եկավ այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը սպառնում էր արտաքսել նրանց:

Բիրանդը թուրքական իշխանություններին հորդորում էր Հայաստանի հետ հարաբերություններում առաջնորդվել Թուրքիայի շահերով և պատանդ չդառնալ Ադրբեջանի շահերի պաշտպանության պահանջին: Հատկանշական է, որ թուրքական պաշտոնական շրջանակներին նա առաջարկում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ազատվել այդ բեռից, որն ավելի ու ավելի ծանր է դառնում  Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Բիրանդը թուրք հասարակությանն էր ներկայացնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ եվրոպայում հրատարակված գիտական աշխատությունները՝ վերհանելով թուրքական պատմագրության թերություններն այդ գործում:

Անուրանալի է նրա դերը Հրանտ Դինքի սպանության բացահայտման թերությունների և թուրքական դատարանի կողմից գործը կոծկելուն ուղղված քայլերի բացահայտումներում: Դինքի սպանության յուրաքանչյուր տարելիցի, ինչպես նաև դատական պրոցեսի վայրիվերումների ժամանակ Բիրանդը հանդես էր գալիս լուրջ հարցադրումներով և բացահայտումներով, որոնք հասարակական մեծ արձագանք էին գտնում թե՛ Թուրքիայում, թե՛ արտերկրում:

Բիրանդը խարիզմատիկ անձնավորություն էր, շփումներում՝ անմիջական, հումորի մեծ զգացումով: Կյանքի փորձը և հեղինակությունը չէին խանգարում նրան ընկերական հարաբերություններ հաստատել երիտասարդների հետ, իր տեսակետներն արտահայտում էր առանց պարտադրման, զրուցակցին թողնելով իր հետ համաձայնելու հնարավորությունը որպես միակ ընդունելի տարբերակ, սակայն դա կատարվում էր դիմացինի համար գրեթե անզգայաբար:

Բիրանդի մահը դատարկեց հայ-թուրքական հարաբերությունները լուսաբանող լրագրողների առանց այն էլ նվազ շարքերը: Նրա սուր գրչի բացակայությունն  առավել զգալի կդառնա մոտ ապագայում:

Չորեքշաբթի, 23 հունվար, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s