Մենք հայ չենք, չհամարձակվես պնդել…

1234037_303969449742398_663908211_nՏանը մենակ էի: Լաջիեն և Մեհմեդը հազիվ էին խոսում, շատ փոքր էին, իսկ մնացածը դասի էին գնացել: Զգում էի, որ ցավերս ուժեղանում են: Հորդ ասել էի. «Մարդ, մի՛ գնա, ես հիմա կունենամ»: Բայց ինքը քթի տակ մրթմրթաց՝ ասելով. «Միշտ այսպես ես ասում, բայց հինգ ժամից շուտ չես ունենում: Ես գնում եմ տղաների հետ թուղթ խաղալու»: 

Տեսա ցավերս շատանում են, վառարանի վրա ջուր դրեցի, որ տաքանա: Հետո հազիվ կարողացա ծնկներիս վրա ընկնել հատակին: Ցավերս շատ ուժեղացան, երկար ծամերս պարանի նման քաշեցի ու մտցրի ատամներիս արանքը: Հետո ծնկներիս արանքում տեսա քո փոքրիկ գլուխը: Ձեռքերով քաշեցի ու հանեցի քեզ: Պորտդ կտրեցի, առավոտվանից պատրաստված մկրատովս: Որպեսզի չմրսես ծնկերիս վրա հասա մինչև պատը ու քեզ փաթաթեցի մաքուր սավաններով: Այլևս ուժերս սպառվել էին, ընկա հատակին ու սկսեցի պատին խփել, մտածեցի հարևանս կլսի ու կգա: Երեխաները վախեցած ինձ էին նայում: Ասացի, գնացե՛ք, բացե՛ք դուռը, հարևանին կանչե՛ք:

Ահմեդ Աբաքայ. «Հոշանա»

Թուրք լրագրող Ահմեդ Աբաքային այսպես է ծննդաբերել նրա մայրը՝ հայուհի Հոշանան: Նա 82 տարի թաքցրել է իր  հայ լինելը և մահվանից միայն մի քանի շաբաթ առաջ կրտսեր որդուն բացահայտել է իր ինքնությունը:

Հոշանան ծնվելու առաջին իսկ օրվանից ոչ միայն զգացել է հայ ու որբ լինելու դժվարությունը, այլև դա թաքցնելու անհրաժեշտությունը, սակայն երբեք չի մոռացել իր անցյալը և իր ծնողներին: Գուցե մահվանից առաջ ցանկացել է այս բեռն ուսերից վայր դնել և թեթևացած գնալ վերին Երուսաղեմ: Որդին՝ Ահմեդ Աբաքայը, լսելով այս գաղտնիքի մասին, դիմել է այլ մեթոդի՝ մայրիկի հոգին թեթևացնելուց բացի, նաև ցանկացել է ցույց տալ, որ հայ լինելուց չպետք է ամաչել և վախենալ: Այս բոլորի մասին Աբաքայը հրապարակել է մի գիրք՝ բացահայտելով և բարձրաձայնելով իրականությունը:

Իր գրքում Աբաքայը պատմում է իր մոր հայ լինելը  խոստովանելու պահերի, հայ բառը ցածր ասելու և այդ գաղտնիքը մինչև իր մահը նույնիսկ կնոջ հետ չկիսելու մոր պատգամի և նրա կյանքի այլ դրվագների մասին: Աբաքայը տխուր է, քանի որ շատ քիչ բան գիտի իր մոր հայկական անցյալի մասին, քանի որ մայրը շատ բան չի հասցրել պատմել վատառողջության պատճառով:

Մինչև գրքի հրատարակումը Աբաքայի ընտանիքում տարաձայնություններ են սկսվել, նույնսիկ սպառնալիքներ են հնչել հրատարակումը կասեցնելու պահանջով: Այս բոլորը շատ ավելի պարզ են դարձնում Հոշանայի 82 տարվա լռությունը: Եթե այսօր մարդիկ, ապրելով Թուրքիայի զարգացած քաղաքներում, ամաչում են իրենց հայկական արմատներից, վախ են ապրում, ապա պարզ է, որ հիսուն տարի առաջ Հոշանան սարսափելու էր գյուղում խոսել իր հայ լինելու մասին: Սակայն մի կողմ թողնենք մինչև օրս Թուրքիայում հայ լինելը ամոթալի, մեղավոր, հանցանք, վտանգ  համարելը և մտածենք մի որբ երեխայի մասին….

Աբաքայի և գրքի բոլոր ընթերցողների համար մութ է մնում՝ Հոշանան հա՞յ ընտանիքում է մեծացել, թու՞րք, թե՞ քուրդ, նրա մայրն իրեն հասցրե՞լ է թեկուզ մի հայկական օրոր ասել, թե ոչ, ունեցե՞լ է քույրեր ու եղբայրներ, եղբայրներն ու քույրերը հարազա՞տ են եղել, թե՞ ոչ:

Ցեղասպանությունով հայերը կորցրին ոչ միայն իրենց հողը, տունը, ունեցվածքը և կյանքը: Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածները, վերապրողներ կոչվելով, Թուրքիայում ապրեցին առանց հոգու… Հայ մարդը շնչելով հանդերձ, չապրեց, թաքցրեց իր ինքնությունը, իր անունը, իր հավատը ու իր ցավը, սակայն չմոռացավ և նույնիսկ մահից մի քանի շաբաթ առաջ իր անթեղված հիշողությունը փսփսաց իր բազմաթիվ զավակներից միայն մեկի՝ ամենաարժանավորի ականջին՝ կարծես գիտակցելով, որ այն կդառնա հանրության սեփականություն:

Այս գիրքը, հույս ունենանք, կկարողանա թեթևացնել լուսահոգի այն ծեր, սակայն նաև մանուկ հայ որբերի հոգիները և ուժ տալ դեռ կենդանի որբուկներին, բացահայտելու իրենց հայկական ինքնությունը, վայր դնելու տարիների բեռի ծանրությունը:

Ահմեդ Աբաքայի հետ հարցազրույցը դիտեք այստեղ:

Հինգշաբթի, 31 հոկտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s