Շաբաթ օրվա մայրերը

Cumartesi-Anneleri-AO1Թուրքիան «Շաբաթ օրվա մայրերի» հետ ծանոթացավ 1995թ. մայիսի 27-ին: Այդ օրվանից սկսած` ամեն շաբաթ օր` ժամը 12-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակի շրջակայքում գտնվող Գալաթասարայի լիցեյի մոտ մայրերը և տատիկները սկսեցին նստացույց կազմակերպել ոստիկանության ձերբակալումներից հետո անհետ կորած իրենց զավակների, ամուսինների, եղբայրների ու քույրերի համար: Դա հիշեցնում էր 1967-73 թթ. Արգենտինայի զինվորական հեղաշրջման ընթացքում «Պլացա դել Մայո» հրապարակում անհայտ կորածների մայրերի և տատիկների ցույցերը:

Ձերբակալության հետևանքով անհետ կորած մարդկանց թիվը միանգամից աճեց 1970-80-ականների ընթացքում, հատկապես 1982թ. հեղաշրջման ժամանակ, երբ հիմնականում անհետանում էին ձախակողմյանները, որոնք ծանր տանջանքների ենթարկվելով` մահանում էին բանտերում:

1990-ականներին կրկին անհայտ կորածների աճ գրանցվեց: «Էրգենեքոնի» դատավարության ժամանակ ցուցմունք տվեցին այդ տարիներին թուրքական խորքային պետության թևերից JITEM-ի մաս կազմող զինվորականներ, որոնք պատմեցին, թե ինչպես էին դաժան ծեծի հետևանքով մահացածների անճանաչելի դարձած դիակները նետում գերեզմանոցների առաջ կամ ամայի վայրերոմ:

1990-ականներին թուրքական պետությունը, զինվորական հատուկ ստորաբաժանումների զինվորներին քրդերի, քուրդ տեռորիստի տարազներ հագցնելով, հաճախակի հարձակումներ էր կազմակերպում զինվորական կետերի, դպրոցների, արևելյան քաղաքների կենտրոնների վրա, որպեսզի ժողովրդի մոտ քրդերի դեմ ատելություն առաջացնի: Միաժամանակ` ձերբակալված քուրդ զինյալներին, մտավորականներին ոչ թե միայն ծեծով ու տանջանքներով էր ոչնչացնում, այլ նետում էր թթուներով լցված հորեր, իսկ հաճախ նաև կենդանի թաղում էր:

Անհետ կորածների մայրերի ցույցերն աստիճանաբար սկսեցին հասարակության մեջ արձագանք գտնել, կազմակերպվեցին մայրերի պատմություններից բաղկացած ցուցահանդեսներ, նկարահանվեցին և ցուցադրվեցին ֆիլմեր, հարցազրույցներ, և մայրերը կարողացան ոչ միայն տեղի մամուլի և կազմակերպությունների ուշադրությունը գրավել, այլև միջազգային լրատվամիջոցների:

Ի պատասխան` պետության կողմից սկսեցին ճնշումներ իրականացվել մայրերի ցույցերը ցրելու համար: Այդ տարիներին, երբ բանակը Թուրքիայի ներքաղաքական կյանքում դեռ ուժը չէր կորցրել, այս շարժումը թուլացնելու նպատակով ստեղծվեց «Ուրբաթ օրվա մայրերի» շարժումը, որում միավորվել էին բանակում զոհված թուրք զինվորների «հպարտ մայրերը»:

Այսօր թուրքական զինվորական նախկին ղեկավարների մի մասը, որ թուրք-քրդական կոնֆլիկտի լուծումներ որոնելիս ստորաբար օգտագործել է զավակ կորցրած մայրերին, «Էրգենեքոնի» դատավարության շրջանակում ցմահ դատապարտվել է, և կարծում եմ` ոչ մեկի սիրտը չի ցավում դրանց համար:

2000թ. սկզբին նստացույցին մասնակցող քուրդ մայրերը, հույսները կտրելով իրենց երեխաների ողջ վերադարձից և մեղավորներին պատժելու պահանջից, ուղղակի սկսեցին խնդրել երեխաների դիակները, որպեսզի կարողանան գերեզման ունենալ:

Մոտ քսան տարի շարունակ իրենց երեխաների մասին որևէ լուր ստանալու համար աղաչող թուրք, ալևի, քուրդ, չերքեզ, լազ մայրերը այս տարվա ապրիլին 1915-ին Ստամբուլից Այաշ և Չանկրի աքսորված և դրանից հետո նրանցից որևէ լուր չստացած 220 հայ մտավորականների նկարներով պաստառներ կրեցին և ցույցեր կազակերպելով` պահանջեցին բացահայտել ապրիլի 24-ին տեղի ունեցած դեպքերը:

Այս մայրերը կարողացան նաև «Հրանտ Դինք» հիմնադրամի ուշադրությունը գրավել և մի  քանի օր առաջ Հրանտ Դինքի անվան միջազգային  մրցանակը ստանալ:

Մի քանի տարի առաջ ցույցերի ժամանակ Ֆաթմա մայրիկն ինձ ասում էր. «Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում մեզ, նույնիսկ Էդողանն ընդունեց և լսեց… Ես տասնհինգ տարի է` մասնակցում եմ ցույցերին. այն ժամանակ երազում էի գտնել, գրկել իմ երեխային ողջ-առողջ և ուզում էի` մեղավորները պատժվեին, իսկ հինգ տարի առաջ սկսեցի հույսս կտրել, երազներում տեսնում էի մի հողակտոր, որն ինձ ցույց էին տալիս որպես տղայիս գերեզման, ուրախանում էի, որ գոնե կգնամ հողը կջրեմ ու կաղոթեմ…. Վերջին տասը տարվա ընթացում 20-ից ավելի դիակ եմ ստացել, ոչ մեկն իմ տղան չէր…. Հետո լսեցի թթվային հորերի մասին, ուր հալեցրել են երեխաներին….. Երազում եմ, որ գոնե մի օր ինձ կհանձնեն տղայիս ոսկորները, և այն ժամանակ տղայիս գերեզմանն իմ ձեռքերով կսարքեմ»:

Շաբաթ, 21 սեպտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s