Ուրախանում ենք, որ ի՞նչ անենք….

Ուրախանում ենք: Չափազանց ուրախանում ենք: Խոր բավարարվածություն ենք զգում, երբ թուրքերը կամ ազերիները (չենք էլ ուզում գիտակցել, որ դրանք տարբեր բաներ են) հայ են սպանում, հայ սպանողին չեն դատապարտում, հայ սպանողին հերոսացնում են:

Մեր հրճվանքը սահման չի ճանաչում, երբ թուրքը կամ ազերին (չնայած երկուսն էլ նույն բանն են մեզ համար), գրում են հայամետ հոդվածներ, իրենց կառավարությանն ու ժողովրդին խրախուսում են վերջ տալ թշնամանքին, հասկանալ հայերին և նրանց չբուժված վերքերը, ցավերը և դրա համար հալածվում են իրենց երկրում:

Հազիվ ենք զսպում երջանկության արցունքները, երբ թուրքը ընդունում է Ցեղասպանության փաստը, բարձրաձայնում դրա մասին, ներողություն հայցում: Իսկ նրանց Ծիծեռնակաբերդ այցը մեր երջանկության գագաթնակետն է, չնայած կողքից նաև շշնջում են՝ «հաստատ սրա տատը հայ ա եղել»:

Մեր աչքերից ուրախության կայծեր են ցայտում, երբ ազերին կամ թուրքը (իրենցից առաջ մենք ենք համոզված, որ դրանք նույն ազգն են) ամերիկուհու է սպանում, ութ տարեկան երեխային նամուսի համար ջարդուփշուր է անում կամ բադ և այլ գյուղատնտեսական նշանակության կենդանիներ է բռնաբարում:

Հարկ ենք համարում նաև ուրախանալ, երբ Ադրբեջանում կամ Թուրքիայում (դե նույն բանն են, էլի) երկրաշարժ ջրհեղեղ, հրդեհ և բնական այլ աղետներ են տեղի ունենում: Մեկ-մեկ ուրախության պատճառ կարող են դառնալ դրանց մոտ բեռնատար կամ մարդատար մեքենաների, օդանավերի, ուղղաթիռների վթարները՝ համոզվելով, որ ժամանակ առ ժամանակ նրանց բախտն էլ չի բերում:

Կարճ ասած՝ «դրանք՝ էդ երկուսն էլ», ինչքան սխալ անեն, ինչքան հեռանան ժամանակակից մարդկային արժեքներից (չնայած չունեն էլ) և վարեն սխալ քաղաքականություն, մեզ համար այդքան լավ:

Նման դեպքերում մենք չենք հասկանում, որ մեր դիմացինը, որի հետ մենք դեռ տարբեր հարցեր ունենք լուծելու, երբ սխալվում է, վիրավորվում է ու գազանանում, առաջինը մենք ենք հայտնվում փակուղու մեջ, այսինքն՝ «նրանք» ինչքան «նորմալանան», առաջինը մենք ենք շահելու:

Ավելին, «հարբելով» նրանց արած սխալներից, սկսում ենք մեծամտանալ: Երևանում ոմն համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ոմն դասախոս թուրքական գրականության առաջին դասին ուսանողներին բարևելուց հետո ներկայացնում է իր առարկան հետևյալ բառերով. թուրքերը չեն ունեցել, չունեն և չեն էլ ունենա գրականություն: Բայց այդ նույն կուրսի ուսանողներին խորհուրդ է տրվում կարդալ Օրհան Փամուկ, Էլիֆ Շաֆակ, Նազմ Հիքմեթ և այլ իսկապես շատ արժեքավոր թուրք գրողների: Այս պարադոքսային իրավիճակը կարելի է համառոտ բացատրել այսպես. մենք՝ հայերս, չընդունելով Թուրքիայում ժամանակակից արժեքավոր գրողների առկայությունը, կարդում ենք միայն նրանց, ովքեր քննադատում են պետությանը և խոսում են քրդերի ու հայերի ջարդերի մասին:

Ստամբուլում հանդիպել եմ Հայաստանի բազմաթիվ «թուրքագետներից» մեկին, որին երբ հարցրի՝ կարողանում է արդյոք թուրքերենով հանգիստ հաղորդակցվել, նա զարմանքախառն զայրույթով ասաց. «Հո ես թուրքերեն չեմ սովորել, որ թուրքերի հետ խոսեմ, ես սովորել եմ թշնամու լեզուն»: Երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ այդ «մասնագետի» կարիերայի գագաթնակետը լինելու էր առաջիկա պատերազմում ռադիոկլանման թարգմանչի պաշտոնը կամ հարցաքննելու էր հավանական թուրք ռազմագերիներին:

Ազգովի համոզված ենք, որ դրանք չունեն և չեն էլ ունեցել երաժշտություն, բայց հայ երաժիշտներին մեղադրում ենք «գոյություն չունեցող» թուրքական մոտիվները կապկելու մեջ: Չունեն խոհանոց, պատմություն, արվեստ, թատրոն, կինո. հենց այդ պատճառով էլ ազգովի բորբոքվում ենք, երբ երկու-երեք ադրբեջանական կարճ ֆիլմ են փորձում ցուցադրել Երևանում: Այն աստիճան ենք զայրանում, որ արգելում ենք դրանց ցուցադրությունը, բողոքի ցույցեր անում:

Երբ լսում ենք Ալաքբար Ալիևի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «Արտուշ և Զաուր» վեպի մասին, որը նվիրված էր սիրահարված հայ և ադրբեջանցի միասեռականներին, ուրախանում ենք, որ ադրբեջանական հրատարակչությունները հրաժարվեցին այն տպել, իսկ հայերս հետաքրքրված ենք միայն մի բանով՝ Արտո՞ւշն էր ակտիվ տղամարդը, թե՞ Զաուրը…

Շաբաթ, 16 փետրվար, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s