Սա մեր Հայրենիքն է, ոչ՝ «նրանց»

Aline-Ozinyan-Voice2–        Ուրախ եմ, ուրախ:

–        Ինչու՞ ես ուրախ:

–        Հայոց հողի վրա գտնվելու համար:

Այսպես է ասում հերոսը ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿԸ ֆիլմի թրեյլերի առաջին կադրում:

Որքան էլ կյանքը, կենցաղը Հայրենիքում օրեցօր դառնում են ավելի դժվար, որոշ խնդիրներ անլուծելի, պայքարը` ապարդյուն, պետք է միայն ու միայն հիշել հերոսի ասածը և մեր մեջ ուժ գտնել ապրելու, դիմադրելու և ի վերջո ուրախանալու մեր՝ դեռևս երիտասարդ անկախ Հայրենիքում:

Երևանի պետական համալսարանում ուսանելիս, երբ ինձ հարց էին տալիս, թե «հայրենիքիցդ ինչ՞ նորություն կա», ես նախ շատ խոր վիրավորանք էի ապրում և նույնիսկ կոպտելով նման հարց տվողին, հեռանում էի՝ ասելով՝ «Հայաստանն է իմ Հայրենիքը»: Երկար տարիներ տևեց, մինչև ես հասկացա, որ դիմացինը միշտ չէ, որ ուզում էր ինձ վիրավորել: Դա ուղղակի սովորություն էր, խոսելաձև, սփյուռքահայերին «ախպար» կոչելու նման մի բան:

Ինչքան էլ օտար չէի ընկալվում իմ դասախոսների կողմից, հակառակը՝ նույնիսկ ավելի լավ էին վերաբերվում, քան մյուս դասընկերներիս, հանդիպում էին նաև հատուկենտ «ուրիշներ»: Չեմ կարողանում մոռանալ անգլերենի երիտասադ և հմայիչ այն դասախոսին, որը լսարանում Ամերիկայում փոքրամասնությունների կարգավիճակի մասին հոդվածը քննարկելիս, դասագրքի մեջ ներառված «Ինչպես՞ են վերաբերվում և արդյո՞ք ճնշվում են փոքրամասնությունները Ձեր երկրում» հարցին անդրադառնալով,  մեր 15-հոգանոց խմբում քամահրական ծիծաղով ցուցամատն ինձ ուղղելով՝ ասաց. «Ահա մարդը նստած է, թող ասի՝ ճնշվա՞ծ է: Իհարկե՝ ոչ»:

Հազիվ վրդովմունքս թաքցնելով՝ ես կարողացա միայն պատասխանել. «Ես Հայաստանում փոքրամասնություն չեմ»: Ինձ շատ արագ պարզ դարձավ, որ Հայաստանում հմայիչ կանայք բախտի բերմամբ կարող են դառնալ ոչ միայն դասախոս, այլև պետական բարձրաստիճան պաշտոնյա, բժիշկ, դիվանագետ, ոստիկան…. Բայց մինչև օրս, յուրաքանչյուր անգամ այս դեպքը հիշելիս, չեմ կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե իմ տասնչորս համակուրսեցիներից թեկուզ մեկն ինչո՞ւ չկարողացավ կամ չուզեց դասախոսին մի երկու բառ ասել, չնայած նրանցից մի քանիսն առանձին մոտեցան ինձ և հորդորեցին ուշադրություն չդարձնել նմաններին:

Ես  առաջին օրվանից սիրում էի Հայաստանը՝ որպես գաղափար, թեկուզ նրա համար, որ իմն էր: Եվ, բացի գաղափարից, ամեն ինչ ինձ երկրորդական էր թվում: Փորձում էի բացատրել Սփյուռքի բազմաշերտությունը, միևնույն ժամանակ առերեսվում էի Հայաստանի բազմաշերտությանը:

Ինչպես այն սփյուռքահայը, որը իր համար անսովոր համեմ կանաչիի պատճառով հեռանում էր Հայաստանից, չէր կարող լինել Սփյուռքի ներկայացուցիչ, այնպես էլ դրսից եկած հային լավ աչքով չնայող հայաստանցին ինձ համար Հայաստանը չէր ներկայացնում:

Շատ ժամանակ չանցած ինձ համար պարզ դարձավ, որ Հայաստանում խնդիրը սփյուռքահայ կամ տեղացի լինելուց շատ ավելի բարդ էր: Ականատես էի դառնում ղարաբաղցու, ջավախցու, գյումրեցու, ապարանցու, արտաշատցու, նույնիսկ երևանցու հասցեին հնչած քամահրանքի:

Հայաստանում հաճախ է հնչում. «Էս երկիրը երկիր չի, էս ազգը՝ ազգ չի», «Մեկ ա սրանք մարդ չեն դառնա»: Այս արտահայտությունները Հայրենիքից հեռացողների համար արդարացման անցագիր են դառնում:  Ծանոթներիցս մեկը փորձում էր ազատվել բանակից և դա արդարացնում էր՝ «հո դրանց բանակում չեմ ծառայելու», իսկ մեկ ուրիշը՝ զինվորականի կին, իր նորածին տղային  գրկած ասում էր. «Մինչև ծնվելը ես իր հորից խոստում եմ ստացել, որ տղայիս դրանց բանակից ազատելու է»:

Անջրպետը նման դեպքերում մեծանում է: Ինձ համար այլևս բանաձևը շատ պարզ է՝ չկա սփյուռքահայ, չկա հայաստանցի, չկա ղարաբաղցի, կան հայեր, որոնք Հայրենիքը՝ Հայաստանը, կոչում են իրենցը և պայքարում են բարելավման համար: Այսօր, կարծում եմ, Հայրենիքը չլքելն ինքնին հայրենասիրական պայքար է:

Անկախության օրը զուգադիպում է ՍիվիլՆեթի տարեդարձի հետ: ՍիվիլՆեթը երեք տարի առաջ հենց այս օրն է սկսել իր գործունեությունը: Այստեղ կան երիտասարդ և աշխատասեր հայեր, որոնք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած պետությունը, հասարակությունը, մամուլը և մարդկային հարաբերությունները: ՍիվիլՆեթում մարդկանց չի բաժանում տարբեր երկրների, համայնքների, շրջանների հայեր լինելը. նրանց միավորում է երազանքի ուժը:

ՍիվիլՆեթում, երբ ծնունդ ենք նշում, տարեդարձի երգին հաջորդում է Հայաստանի հիմնն ու երբ յուրաքանչյուրիս շրթերից դուրս է գալիս «Մեր Հայրենիք, ազատ անկախ»-ը, չեմ կասկածում, թե նույնիսկ մի հոգի չի մտահոգվում Հայաստանի այժմյան վիճակով և միևնույն ժամանակ՝ հավատում է մեր երկրի ապագային:

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հուսահատվում ենք, նեղսրտում, բողոքում ու մտածում՝ քիչ է անկախությունը լավ ու գոհ լինելու համար: Այո՛, բավարար չէ,  սակայն քիչ էլ չէ:

Ինչպես ասում էր հերոսը՝ մենք էլ ասենք, որ ուրախ ենք այն բանի համար, որ հայրենի ազատ հողի վրա ենք ապրում: Միգուցե դա նման չէ մեր երազած երկրին, ուրեմն պետք է դեռ շատ մտահոգվել, երազել և ի վերջո նաև պայքարել Հայրենիքի համար:

Երկուշաբաթի, 22 սեպտեմբեր, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s