Քեմալիզմը վերագտնելու ճանապարհով

7b_Դժվար է ասել՝ ի՞նչ է քեմալիզմը. այն մերթ նոր մարդ և նոր հասարակության ձևավորելու պետական ջանք է, մերթ՝ աշխարհիկ քաղաքական կրոն, մերթ էլ՝ վաղուց հնացած մտածելակերպի ամբողջություն։

Քեմալիզմը հնարավոր չէ ընդունել որպես գաղափարախոսություն, ինչպես սոցիալիզմը կամ լիբերալիզմը, քանի որ գաղափարախոսությունները վեր են ժամանակից ու տարածքից, պարունակում են հասարակությանը և ժամանակաշրջանին հուզող հարցերի պատասխաններ ու բանաձևեր առաջարկող հստակ և համակարգված գաղափարներ։

Քեմալիզմ հասկացությունն առաջին անգամ հանդիպում է Անգլիական բարձր կոմիսար Դե Ռոբեջքի հաշվետվության մեջ, որում նա նշում է, թե ֆրանսիացիները կարծես լավ են «քեմալիստների» հետ։

Թուրքիայում քեմալիզմ բառը միշտ փոխարինել է Atatürkçülük (աթաթուրքություն) հասկացությանը, որը ոչ թե գաղափարախոսություն, այլ նպատակասլաց շարժում է եղել: Ինչպես Անատոլիայում սուլթանական կարգերի դեմ պայքարողներին են անվանվել ջելալիներ (Celaliler), այնպես էլ առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հակասուլթանականներին սկսեցին անվանել քեմալիստներ (Kemaliner):

Քեմալիզմը երկրում ձևավորվում էր մարքսիստական-կոմունիստական խմբավորման (որն արգելվեց 1934թ.) և ֆաշիստական Հանրապետական ժողովրդական կուսակցության շրջանակներում: Մուստաֆա Քեմալի համար ո՛չ կոմունիզմը, ո՛չ ֆաշիզմը չէին կարողանում ապահովել այն ամենը, ինչը կօգներ նրան ստեղծել իր երազած երկիրը: Հետևաբար՝ սկսեց ձևավորվել տոտալիտար, միլիտարիստական, ֆաշիստական, պետականակենտրոն, իշխանամետ, գոյություն չունեցող իդեալական պատմության կեղծիքների վրա հիմնված փակ հասարակություն՝ սեփական գաղափարախոսությամբ: Այն այդպես էլ չհասավ իր տրամաբանական ավարտին, ոչ էլ ամբողջովին արմատախիլ արվեց պետական կառույցներից ու քեմալիզմը որպես կրոն ընդունած ժողովրդի մի հատվածից։

Շերիֆ Մարդինը, որը Թուրքիայի ամենահեղինակավոր և միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետ սոցիոլոգներից է, երկար տարիներ ուսումնասիրելով քեմալիզմը, հանգել է այն եզրակացության, որ ինչքան շատ եք ուսումնասիրում «քեմալիզմը», այնքան ավելի ակնհայտ է դառնում՝ այն չոր, անպտուղ, գաղափարների փունջ է: Այսօր թուրք հասարակության զգալի մի մասն արդեն իսկ տառապում է քեմալիզմի անբուժելի հիվանդությամբ։

Թուրքիայում դժվար է Քեմալի արձաններից բացի այլ արձաններ տեսնելը։ Դպրոցներում, պետական հիմնարկներում Քեմալի պլակատային «անմահ» խոսքերը, պարզվում է, մեծ մասամբ վերցված են տարբեր երկրների ու ժողովուրդների ղեկավարների ելույթներից: Քեմալի նկարներով, ստորագրությամբ գրիչները, տետրերը, կրծքանշանները, մատանիները և այլ զարդեր, բաժակները, վերնաշապիկները, դրոշները, գորգերը շարունակում են մնալ մարդկանց առօրյայում: Դրանց ավելանում են Քեմալի նկարով դաջվածքները, բջջային հեռախոսի պատյանները և այլն։

Օրեր առաջ թուրք հայտնի արվեստագետներից մեկը Աթաթուրքի գրած «Ուղերձ» աշխատության մասին ասել է. «Այն ինձ համար երկնքից իջած վերջին սուրբ գիրքն է»: Գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կառավարության անդամներին սպառնացել է՝ «Աթաթուրքից չեք վախենում, գոնե Աստծուց վախեցեք»։

Հիվանդագին նման մթնոլորտում, հասարակությանը բացատրելու փոխարեն, որ Քեմալը ո՛չ մարգարե էր, ո՛չ էլ սրբություն, երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է՝ Աթաթուրքի հասակը ոչ թե 168 սմ է եղել, այլ 174՝ ավելացնելով նրա քաշի և կոշիկի համարի մասին «հույժ կարևոր» այլ տեղեկություններ։

Հիշելով դպրոցական չարաճճիությունները՝ «Իմ հայրը քո հորից ուժեղ է և քաջ…», դժվար է զսպել՝ «հասակը չէ կարևոր, այլ գործը»։

ՈՒրբաթ, 22 փետրվար, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s