Քրդերը Ցեղասպանության գործում. պետության գործի՞ք, թե՞ շահող կողմ

11016142_894264500604906_7002874941105296479_o-208x300Ի՞նչ մասնակցություն ու դերակատարություն են ունեցել քրդերը Հայոց ցեղասպանության գործում: Այդ խնդրահարույց հարցի մասին է պատմում Թուրքիայում լույս տեսած «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գիրքը: Գրքի հեղինակներ Նամըք Քեմալ Դինչը և Ադնան Չելիքը Դիարբեքիրում ապրող քրդերից գրի են առել, թե ինչ են վերջիններս հիշում Հայոց ցեղասպանության մասին: Բանավոր հիշողություններից զատ գրքում հավաքվել են նաև Ցեղասպանության վերաբերյալ քուրդ գործիչների հայտարարությունները: ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանը գրքի համահեղինակ, պատմաբան Նամըք Քեմալ Դինչի հետ զրուցել է այն մասին, թե 100 տարի հետո ինչպե՞ս են քրդերը և քրդական քաղաքական շարժումը գնահատում իրենց մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը: Տեսանյութն այստեղ:

Հայոց ցեղասպանության ամենից խնդրահարույց հարցերից մեկն այն է, թե ինչ մասնակցություն ու դերակատարություն են ունեցել քրդերը դրանում: Այդ մասին է պատմում Թուրքիայում լույս տեսած «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գիրքը: Կպատմե՞ք ինչը Ձեզ դրդեց նման աշխատանք կատարել: 

Գաղափարն ի հայտ եկավ երկու տարի առաջ այն համոզման հիման վրա, որ վերջին տարիներին քրդերն սկսել են չափազանց շատ խոսել 1915թ․ մասին: Քրդերը մեծ ցանկություն ունեն խոսելու 1915թ. մասին, և, հիմք ընդունելով հենց այս հանգամանքը, մենք անցանք գործի:

Մոտավորապես քանի՞ մարդու հետ եք զրուցել բանավոր պատմության հետազոտության ընթացքում, միայն Դիարբեքիրի՞ տարածքում են տեղի ունեցել հարցազրույցները:

Մենք դաշտային ուսումնասիրություն ենք իրականացրել Դիարբեքիրի տարածքում, այն չի ընդգրկել Դիարբեքիրի սահմաններից դուրս գտնվող շրջանները: Դիարբեքիր ասելով՝ նկատի ունենք ներկայում Դիարբեքիրի նահանգի կազմում ընդգրկված բնակավայրերը: Հանդիպել և զրուցել ենք մոտավորապես 70 մարդու հետ:

Այո, Դիարբեքիրը սկզբնակետ է: Այն ունի մի շարք առանձնահատկություններ թե՛ անցյալի, թե՛ ներկայի, թե՛ հայ-քրդական հարաբերությունների տեսանկյունից: Այս երեք հանգամանքը հաշվի առնելով ընտրեցինք Դիարբեքիրը: Այն շատ կարևոր պատմական կենտրոն է եղել: Երբ ասում ենք «օսմանյան արևելք»՝ հասկանում ենք հենց Դիարբեքիրը: Այստեղ էին մշտապես կենտրոնացված Օսմանյան կայսրության ռազմական ուժերը, Դիարբեքիրը նահանգապետի նստավայրն էր, որն էլ կառավարում է մյուս շրջանները:

Երկրորդ․ Դիարբեքիրը հայաշատ վիլայեթներից էր: Հայ և քուրդ ժողովուրդները երկար ժամանակ Դիարբեքիրում միասին են ապրել, այդ ընդհանուր անցյալը հիմք է դրել մի շարք ընդհանրությունների, որոնք այսօր էլ շարունակվում են:

Երրորդ․ ներկայի տեսանկյունից Դիարբեքիրը քրդական քաղաքական շարժման խորհրդանշական կենտրոնն է: Այն այժմ մի քաղաք է, որ ձևավորում է նոր ինքնություն ու նոր մշակույթ: Քրդերն Ամեդ են կոչում Դիարբեքիրը: Այն անվանում են նաև «փայթախտ», որը նշանակում է մայրաքաղաք: Դիարբեքիրը քրդական քաղաքական պայքարի ամենաուժեղ կենտրոնն է: Քաղաքապետի ընտրություններին քրդերն այստեղ մինչև 70% ձայն են հավաքում: Եվ Դիարբեքիրն աջակցում է երեսուն-քառասուն տարի շարունակվող քրդական պայքարին:

Դատելով Ձեր ասածներից՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Դիարբեքիրի քրդերն ավելի հանգիստ ու խիզախորեն են խոսում Հայոց ցեղասպանության մասին:

BeFunky_Namık-Kemal-Miran-Final-1.jpg

Դուք կարող եք քրդերից նման պատմություններ լսել նաև այլ քրդաբնակ վայրերից: 1915-ի վերաբերյալ այդ տեսակ պատմություններ գիտեն ու պատմում են նաև Վանում, Մուշում, Բիթլիսում, Արարատ լեռան շրջակայքի բնակավայրերում: Այնուամենայնիվ, Դիարբեքիրը տարբերվում է մնացած վայրերից, մարդիկ այստեղ պատրաստակամ են խոսել և ավելի համարձակ են ու քաջ: Դիարբեքիրը կենտրոնական դեր է խաղացել, ինչը մեծապես պայմանավորում է պատմելու մեծ ցանկությունը:

Հայաստանում ընդհանուր առմամբ այսպես են մտածում: Կան որոշ թվով թուրքեր, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն  թուրքերի մեծագույն մասը ժխտում է այն: Իսկ քրդե՞րը: Ելնելով Ձեր հետազոտության արդյունքներից՝ քրդերի վերաբերյալ ի՞նչ ընդհանրացում կարող եք անել:

Չեմ կարող ասել, թե բոլոր քրդերը, սակայն այսօր քրդերի մեծագույն մասը ընդունում է, որ տեղի ունեցածը կոտորած է, զուլում, ցեղասպանություն, ընդունում է որ հայ ժողովրդի դեմ մեծ անիրավություն  և հանցագործություն է իրականացվել: Այսօրվա իրենց ճնշված վիճակն ու առկա խնդիրները քրդերը համեմատում են 1915թ.  հայ ժողովրդին պատուհասածի հետ և դրանով բացատրում իրենց դրությունը:

Սա շատ կարևոր է, կուզեի մեկ-երկու խոսքով անդրադառնալ այս թեմային: 1915-ից հետո քրդերն իրենց պատուհասած բոլոր աղետները, զուլումները համեմատում են 1915-ի հետ, այդ բոլոր դեպքերում միանգամից իրենց մտքին 1915-ն է գալիս: Այդպես էր 1925թ. Շեյխ Սաիդի ապստամբության ժամանակ, նույնը՝ 1980-ականներին, երբ Դիարբեքիրի բանտերում մարդկանց տանջում էին, ծեծում, բռնության ենթարկում: Այդ իրադարձությունների ժամանակ քրդերը կրկին հիշում էին 1915-ը և այդպես նկարագրում իրենց վիճակը: 1990-ականներին էլ, երբ ավերում էին քրդերի գյուղերն ու մարդկանց իրենց տնից-տեղից հանում, արտաքսում էին, նորից հիշում էին 1915-ը: Հետաքրքիր է, բայց այսօր էլ հիշում են 1915-ը: Անչափ հետաքրքիր է, որ իրենց հալածանքների ու կորուստների և 1915-ի միջև կապ են ստեղծում:

Ձեր նշած այդ կապի մեջ խղճի խա՞յթ էլ կա, ինչպիսի՞ն է այդ կապը, հանգե՞լ են հետևյալ ձևակերպմանը. մենք նրանց կոտորեցինք, հիմա էլ թուրքերը նույնը մեզ են անում:

Իրենց հալածանքները 1915-ի հետ համեմատելով՝ հիշում են հայերի այն խոսքը, որ ասել են աքսորի ճանապարհին: Քրդերեն այդպես է հնչում. «էմ շիվին, հուն պաշիվին», այսինքն՝ մենք (հայերը) նախաճաշն ենք, դուք՝ ընթրիքը: Այս նախադասությունն օգտագործում են Թուրքիայի քրդաբնակ բոլոր վայրերում: Սա մի միտք է, որ ի հայտ եկել հետագայում՝ կենսափորձի արդյունքում: Մյուս կողմից՝ այս արտահայտությունը ցույց է տալիս, թե այս բնակավայրերի համար ինչ ճակատագրական նշանակություն է ունեցել հայերի աքսորը: Այսինքն՝ 1915-ը այնքան մեծ նշանակություն է ունեցել, որ հետագայի  դժբախտություններն ու հանցագործությունները պայմանավորված են դրանով: 1915-ը չարիքների սկիզբն էր…

1915-ը մեծ էթնիկ զտումների առաջին քայլն էր այս տարածքում: 

Այո, առաջինը հայերն էին, հետո եկավ քրդերի ու մյուսների հերթը: Ասեմ նաև, որ հենց 1915-ի դեպքերն են համարում հետագա իրադարձությունների հիմնական պատճառն ու աղբյուրը: Ասում են, որ այս հողերն անիծված են: Կոնկրետ օրինակ բերեմ. Լիջեում (Լճե, Դիարբեքիրի նահանգի գավառներից, հենց այս գավառի գյուղերից մեկում է հռչակվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ստեղծումը: Այժմ էլ քրդական պայքարի ակտիվ կենտրոն է-ՍիվիլՆեթ)  98 տարեկան մի պապիկ նստած լաց էր լինում, հարցնում են՝ ինչու ես լացում, ասում է՝ 1915-ին հայերին կոտորելու պատճառով է, որ էս օրին ենք:

Մարդիկ կրկնում են՝ էս հողերն անիծված են: Սա շատ-շատ տարածված  արտահայտություն է:  Գրքի անունն էլ «Հարյուրամյա ցավ» է: Այնտեղ էլ տեսնում ենք նույն մտայնությունը: Նման արտահայտության ի հայտ գալը կապված է անիծված լինելու պատկերացումների հետ: «Հարյուրամյա ցավ»  արտահայտության հեղինակը Չունգուշի (Չնքուշ, Դիարբեքիրի նահանգում, մինչ 1915թ. հայաշատ բնակավայր-ՍիվիլՆեթ) մեր զրուցակիցներից մեկն էր: Նա մեզ տարավ հայկական մատուռ, եկեղեցի ու հայերից մնացած այլ վայրեր: Զբոսնելուց հետո գնացինք քաղաքի ամենաբարձր կետերից մեկում նստեցինք, թեյ էինք խմում, բլուրից նայում քաղաքին: Չունգուշը շատ թշվառ ու ողբալի վիճակում էր. տնտեսական, սոցիալական, մշակութային և ամեն-ամեն առումով ողբալի վիճակում էր: Նա ասաց, որ էս ամենը անեծքի հետևանքն է, որ իր հայրն ասում էր․ «Մինչև 100 տարի չանցնի, էս տարածքից հայերի ցավը չի անցնելու», ու ավելացրեց.  «Հարյուր տարի էլ անցնի, ցավը  չի վերանալու»:

100 տարի է անցել, ինչպե՞ս են քրդերն իրենց դերակատարությունը գնահատում: Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց մասնակցությունը. պետության քաղաքականության գործի՞քն են եղել, թե՞ իրենք էլ իրենց շահն ունեին: 

Քրդերն իրենց չեն դիտարկում որպես առանձին հավաքական, ընդհանուր ազգային միավոր, սակայն նշում են այն քրդերի անունները, որոնք դերակատարություն են ունեցել կոտորածի ժամանակ: Եվ այնքան թարմ ու կենդանի է հիշողությունը, որ պատմում են շատ հստակ, այնպես, կարծես երեկ է տեղի ունեցել: Ամենից հետաքրքիրն էլ սա է. մեկ հայերն են, որ 1915-ը չեն մոռանում, պատմում են այնպես, կարծես երեկ է եղել, մեկ էլ՝ քրդերը:

BeFunky_adnan-namik-kemal-dinc.jpg

Ժամանակը կանգ է առել:

Այո, կարծես ժամանակը կանգ է առել: Ինչպես մարդ կպատմի երեկ պատահած դեպքը, այնպես էլ քրդերը մանրամասն ու հանգամանորեն պատմում են՝ ովքեր են սպանել, որտեղ են սպանել, որտեղ են հավաքել հայերին, ուր են տարել, ովքեր են կոնկրետ սպանողները: Շատ-շատ զարմանալի է: Իսկ թե ինչո՞ւ է մինչ օրս հիշողությունն այդքան կենդանի՝ չնայած ժամանակի հեռավորությանը, արդեն այլ ուսումնասիրության հարց է:

Պատմություններում քրդերը բացեիբաց մատնանշում այն հանցագործներին, որոնք մասնակցել են հայերի կոտորածներին: Ասում են՝ Խուլփի այսինչ աշիրեթի (ցեղախմբի) այսինչ աղան, կամ, ասենք, Սիլվանի այսինչ բեյի, այսինչ ընտանիքը մասնակցել է կոտորածներին:

Գնանք գյուղական շրջաններ: Պատմում են՝  մեր գյուղում այսինչ մարդն ընդգրկվել է հայերին կոտորող հրոսակախմբերի մեջ, այս վայրում հայերին սպանել է, դահճի գործ կատարել: Եվ պատմելիս մշտապես անիծում են այդ մարդկանց: Իսկ կոտորածի մասնակիցներին ու իրականացրածներին միշտ հիշում են որպես մարդկանց, որոնք հետագայում տարաբախտ կյանք են ունեցել․ մեկի ցեղն է չորացել, մյուսի՝ տուն-տեղը վերացել: Բացի այդ՝ պատմություններ են պատմում այն մասին, որ կոտորածի մասնակիցները դժվարությամբ էին հոգին տալիս: Օրինակ՝ Խուլփի շրջանում պատմում էին Օնդո պապի պատմությունը: Օնդոն ընդգրկվում է հրոսակախմբերի մեջ, կոտորում հայերին, երբ դառնում է 80-90 տարեկան, մահվան մահճում չի կարողանում հոգին ավանդել: Եվ նա պատմում է մի պատմություն, թե ինչպես է մի փոքրիկ աղջիկ սպանել, և դա իրեն հանգիստ չի տալիս: Նրան անձամբ ճանաչողներն են ինձ այս պատմությունը պատմել:

Այսինքն՝ քրդերը մեղքը չեն տարածում ամբողջ ժողովրդի վրա, այլ միայն մի որոշ մասին են պատասխանատու ու մեղավոր համարում: Այդպե՞ս է:

Այո, մի կողմից քրդերը պատմում են այն մասին, որ մասնակցել են հայերի կոտորածներին, միաժամանակ  չեն տարբերակում ու շեշտում՝ թո՞ւրք է, քո՞ւրդ կամ այլ մեկը: Մյուս կողմից՝ քրդերը կոտորածի մասնակիցներին իրենց պապերը, նախնիները չեն համարում, հրաժարվում են նրանցից, չեն ընդունում: Մյուս կողմից էլ պատմում են պատմություններ այն մասին, որ օգնության ձեռք են մեկնել հայերին ու փրկել:

Երբ քրդերը մերժում են իրենց նախնիներին, որոնք մասնակցել են հայերի կոտորածին, ի՞նչ են մտածում այն հողերի մասին, այն տների մասին, որոնց մեջ են ապրում կամ առհասարակ այն մշակութային արժեքների ու պատմության, որ շրջապատում է իրենց: Ճիշտ է՝ մերժում եք ձեր հայրերին, սակայն ձեր առջև այն իրականությունն է, որը նաև ձեր պապերի արածի հետևանքն է: 

Գործ ունենք շատ զգայուն խնդրի հետ: Մարդիկ չեն վարանում կոտորած կամ ցեղասպանություն բառն արտասանելուց, սակայն երբ կենցաղային հարաբերություններում հողի կամ գույքի խնդիր է առաջանում, անմիջապես զգացվում է անհանգստություն ու վախ: Դժվար է ասել, թե նրանք հողի ու գույքի հարցում հանգիստ են: Քրդերի տեսանկյունից կարող եմ ասել, որ առերեսման նախադրյալ կա, ճիգ կա, նպաստավոր հող կա, սակայն առերեսվելու և ավելի առաջ քայլ անելու համար դեռ անցնելու շատ ճանապարհ կա:

Ճի՞շտ կլինի ասել, որ քրդերը, իմանալով Թուրքիայի դիրքորոշումն այս հարցերում, գիտակցելով, որ պետությունը երբեք չի գնալու այդ քայլին,  հանգիստ են հողի, փոխհատուցման հարցերում, իսկ մեղքը խոստովանելը․ ինչո՞ւ ոչ, կարելի է և խոսել այդ մասին:

Հնարավոր է: Անդրադառնանք մոտեցումների տարբերությանը: Այսպես, հանդիպեցինք Ռոման աշիրեթի կարևոր դեմքերից մեկի հետ: Աշիրեթը բնակվում է Բաթմանի Հասանքեյֆ գավառում: Այս աշիրեթը 1915-ին Դիարբեքիրի նշանավոր հայ ընտանիքներին ոչնչացնելու գործում մեծ դերակատարություն է ունեցել, որից հետո պետությունը այդ ծառայության դիմաց աշիրեթին է հանձնել  Հասանքեյֆի հայերին պատկանող հողերը: Մենք գնացինք և հանդիպեցինք այս աշիրեթի ազդեցիկ դեմքերից մեկի հետ: Նա ասում էր՝ ես պատրաստ եմ իմ հողերը վերադարձնել հայերին: Ահա այսպիսի մոտեցում:

Քրդական քաղաքական շարժմանը հարող շրջանակներն, օրինակ, հողերի հարցում  չեն քաշվում և ասում են,  թե պատրաստ են էլ ավելի մեծ քայլեր իրականացնել: Այսինքն՝ ըստ քաղաքական հայացքների՝ ականատես ենք լինում փոփոխվող պատկերի:

Քրդական քաղաքական շարժման մեջ նշմարելի է հետևյալ մոտեցումը. այս տարածաշրջանում հայերը, ասորիները, քրդերը միասին են ապրել, այսօր էլ թող նրանք գան ու միասին ապրենք: Այս մոտեցման հստակ օրինակը Քոբանին է:

Խոսելը, պատմելը, խոստովանելը երկխոսության համար նպաստավոր հող է, սակայն կարո՞ղ է այն վնաս հասցնել երկխոսությանը: Այսինքն՝ մարդկանց մի մասը չգիտի քրդերի անմիջական մասնակցության մասին, թշնամություն կա միայն թուրքերի նկատմամբ: Իմանալով այդ մասին՝ քրդերի վերաբերյալ ավելի վատ վերաբերմունք չի՞ առաջանա հայերի շրջանում:

Հնարավոր է, չեմ բացառում: Սակայն չեմ կարծում, որ այն շատ բացասական նշանակություն կունենա. մենք պարզապես փորձել են ժողովրդի շրջանում եղած պատմությունները հանրայնացնել: Քաղաքական որոշում կայացնողները, ըստ իս, պետք է կարդան այս գրքերը, որպեսզի տեղյակ լինեն ու խոսեն այդ մասին: Պատմողների մի մասն իսկապես խոստովանում էր, մի մասը ձևացնում, թե խոստովանում է, միաժամանակ երկերեսանիություն ցուցաբերում, ասում՝ լավ էլ եղավ, բոլոր հողերը մեզ մնացին: Դրան էլ ենք անդրադառնում գրքում:

Ինչպե՞ս է այս երկերեսանի վերաբերմունքն առաջանում: Քրդական քաղաքական շարժումն այսօր 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունի սկզբունքային դիրքորոշում: Ո՞րն է այդ դիրքորոշումը. շարժումն ունի ինտերնացիոնալ բնույթ,  և այդ սկզբունքի հիման վրա նախատեսում է բոլոր ժողովուրդների համատեղ գոյակցություն: Քրդական քաղաքական շարժումը շատ ուժեղ է, իսկ նրան ընդդիմացողները Ցեղասպանությանը հետադիմական կերպով են նայում, հակադրվում են շարժմանը, այդ իսկ պատճառով այլ մոտեցում են որդեգրում, կողմ արտահայտվում քաղաքականության մեջ գերիշխող հոսանքին: Այսինքն՝ կան մարդիկ, որոնք խոսում են ըստ իրենց քաղաքական համոզմունքների:

Դատելով ձեր ասածից՝ քուրդ ժողովուրդն ասում է․ նախկինում միասին ապրել ենք, այժմ էլ թող նրանք գան, կրկին իրար հետ ապրենք:

Ոչ բոլորն են այդպես ասում:

Մի մասը: Գնացածների մեծ մասը հենց հայկական Սփյուռքն է: Քուրդ քաղաքական գործիչներից ոմանք Սփյուռքին քննադատում են, սևացնող հայտարարություններ անում, նույնիսկ՝ սատանայացնում: Կարո՞ղ ենք ասել, որ այս հարցում քրդական քաղաքական շարժման մեջ տարաձայնություններ կան, քաղաքական գործիչներն այլ կերպ են մտածում, քաղաքացիները՝ այլ: Ինչո՞ւ է նրանց համար Սփյուռք բառն այդքան սարսափելի:

Ճիշտն ասած՝ դեռևս չեմ հասկացել դրա պատճառը: Քրդական քաղաքական շարժման ներկայացուցիչները խոսում են ոչ թե Սփյուռքի, այլ հայկական լոբբիի մասին: Կարծում են, որ հայկական լոբբին ազդեցություն ունի քրդական հարցի լուծման վրա: Կրկնում եմ՝ դեռ չեմ հասկացել նրանց անհանգստության պատճառը: Շատ ժողովուրդներ, այդ թվում՝ քրդերը, զբաղվում են լոբբիստական գործունեությամբ, փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել միջազգային ասպարեզում:

Կարծում եմ, որ քրդական քաղաքական շարժումը 1915 թվականը ճշտելու և հստակեցնելու կարիք ունի: Ընդհանուր սկզբունքային մոտեցում ունեն, սակայն շատ լավ չեն պատկերացնում, թե 1915-ին իրականում ինչ է տեղի ունեցել, թե 1915-ն ինչ կարևոր և բախտորոշ դեր է ունեցել այս տարածքների համար: Քրդական քաղաքական շարժումը բավարար չափով չի տիրապետում պատմությանը:

16 մարտ, 2015

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s