Օջալանի հետ լուծել Քրդական հարցը. Իմրալը-Քանդիլ-Եվրոպա բանաձև

7-alin-ocalan
Թուրք պաշտոնյաները գուցե սկսել են հասկանալ, որ քուրդ ժողովրդին ազատություն շնորհելն ավելի շահավետ է, քան ապագա Քրդստանին ստիպված տարածք տրամադրելը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև տեղի ունեցող բանակցությունների պաշտոնապես բացահայտման մասին տեղեկատվությունը բոլորի հայացքներն ուղղեց Իմրալը կղզի: Թուրքական կողմը նախ նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Աքդողանի միջոցով հայտնեց, որ բանակցություններն ընթանում են, որպեսզի «ահաբեկչական խմբավորումը» ցած դնի զենքերը: Իրականում Թուրքական պետության և Իմրալըի շփումները երբեք էլ չեն ընդհատվել: Օջալանը 1999-ից Իմրալը կղզուց ղեկավարում է քրդական և՛ զինյալ, և՛ քաղաքական պայքարը՝ միջամտելով PKK-ի տարբեր գործողությունների, որոնցից ամենաուշագրավը բանտերում քուրդ բանտարկյալների սկսած հացադուլի դադարեցումն էր:

MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանի անմիջական մասնակցությամբ վարվող բանակցությունների նոր ոճը և մոտեցումները վկայում են, որ հաջողության հնարավորություններն ավելի մեծ են, եթե համեմատելու լինենք նախկինում իրականացված քայլերի, մասնավորապես Օսլոյի գործողությունների հետ:

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) կենտրոնակայանից, Քանդիլից և ՔԱԿ եվրոպական կառավարման կենտրոններից ձայներ հնչեցին, որպեսզի իրենք էլ մասնակցություն ունենան «Ափոյի» հետ հանդիպումներին: BDP-ն՝ որպես քուրդ ժողովրդի քաղաքական կամքի արտահայտող, գործընթացի սկզբից էլ ճիշտ էր համարում իր մասնակցությունը: Իսկ Քանդիլը՝ որպես հյուսիսային Իրաքում գործող ռազմական հենակետ, որտեղից ղեկավարվում է զինված պայքարը Թուրքիայի դեմ, ցանկանում է անձամբ Ափոյի շուրթերից լսել զինադադարի մասին հայատարարությունները: Քրդական ազատագրական շարժման ղեկավարի հավակնություն ունի նաև PKK-ի եվրոպական կենտրոնը, որը ևս ձգտում է մասնակցել թուրքերի՝ Ափոյի հետ բանակցություններին:

Հատկանշական է, որ Փարիզի մահափորձը, չնայած կարող էր խանգարել գործընթացը, սակայն, կարծես, տեսանելի բացասական ազդեցություն չունեցավ, մինչև MIT-ի նախկին աշխատակից Մուրադ Շահինը հանդես եկավ մահափորձի հիմնական կասկածյալ Օմեր Գյունեյի՝ MIT-ի գործակալ լինելու մասին հայտարարությամբ: Ակնհայտ էր, որ մահափորձին MIT-ի առնչության մասին պնդումներն ուղղված էին թուրք-քրդական բանակցությունների գործընթացի դեմ, և քանի որ երկու կողմերն էլ գիտակցում են այս փաստը, գործընթացը շարունակվում է:

Նախատեսվում է, որ՝
Տասն օրվա ընթացքում BDP պատվիրակությունը մեկնելու է Իմրալը կղզի Ափոյի հետ բանակցությունների: Պատվիրակության կազմում են լինելու Մարդինի անկախ պատգամավոր Ահմեդ Թուրքը, Բաթմանի պատգամավոր Այլը Աքատը, Մուշի պատգամավոր Սըրը Սաքըկը: Նրանք BDP երկրորդ պատվիրակությունն են, որ պատրաստվում է այցելել Իմրալը կղզի:

Ափոն պատվիրակությանն է ներկայացնելու գործողությունների «ճանապարհային քարտեզը», որի առաջին քայլը պետք է լինի զինադադարի հաստատումը, որի արդյունքում Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալները պետք է հետ քաշվեն սահմանամերձ տարածքից: Ափոյի ուղերձն այս հանձնախմբի միջոցով պաշտոնապես պետք է հաղորդվի քուրդ ժողովրդին:
Քանդիլին և Եվրոպական թևերին Ափոն ուղղելու է իր անձնական նամակները, որտեղ մանրամասն ներկայացվելու են զինադադարի և հետագա քայլերի մասին հանձնարարականները:

Նախատեսվում է, որ MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանն անձամբ պետք է հանդիպի Էրբիլում գտնվող ՔԲԿ ներկայացուցիչների՝ հավանաբար Սաբրի Օքի և Մուրադ Քարայըլանի հետ:

Պետությունն իր կողմից, վերոհիշյալ զարգացումներին զուգահեռ, օրենսդրական նախաձեռնության չորրորդ փաթեթն է ներկայացնելու ԹԱՄԺ, որով նախատեսվում է Քրդական համայնքների միության դեմ գործողություններից (KCK) հետո ձերբակալված քուրդ քաղաքական գործիչների ազատ արձակումը, որոնց շարքում են քուրդ քաղաքապետները, պատգամավորները և BDP-ի անդամները:
Չի բացառվում, որ այս անգամ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, քանի որ թուրքական պետությունը կարծես գիտակցում է, որ զինված ճանապարհով հարցի լուծումն ապարդյուն է և իսկապես պետք է որոշակի փոփոխություններ իրականացնի: 1999թ. Ափոյի ձերբակալությունից հետո նրա ուղերձով հինգ տարի զինադադար եղավ, սակայն քաղաքական կամ ժողովրդավարական որևէ փոփոխություն չիրականացվելու հետևանքով քուրդ ժողովրդի զինված պայքարը վերսկսվեց:

Կան կարծիքներ, որ MIT-ի ներկայացուցիչները, որոնք Ափոյի հետ բանակցությունների մեջ են ներգրավված, նրան տարբեր բարեփոխումների երաշխիքներ են տալիս՝ հասարակական ու դատական ոլորտներում քրդերենի օգտագործման թույլատրում, բնակավայրերի նախկին քրդական անունների վերականգնում և կուսակցական բանտարկյալների ազատ արձակում: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարվում են:

Միևնույն ժամանակ, քրդական ազատագրական շարժման զինված թևի և քաղաքական թևի ներկայացուցիչների մեջ առկա է այն վախը, որ պետությունը, Ափոյի հետ անմիջական բանակցությունների մեջ մտնելով, իրենց կարող է հետին պլան մղել: Քրդական եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Զուբեիր Այդարի, Քանդիլի ներկայացուցիչ Մուրադ Քարայըլանի Օջալանի հետ անմիջական շփման մեջ լինելու ցանկությունը վկայում է այն մասին, որ նրանք համաձայն են վերոհիշյալ զարգացումներին, սակայն ցանկանում են տեսանելի դեր ունենալ գործընթացում՝ դրանով պահպանելով սեփական դեմքը:

Ընթացող բանակցությունների առանձնահատկությունն այն է, որ թուրքական պետությունը գիտակցում է, որ քրդերի հետ անհրաժեշտ է բանակցել միանգամից մի քանի տարբեր ուղղություններով՝ գերակայությունը տալով «Իմրալըիի բանտարկյալին» և զուգահեռ իրականացնել բարեփոխումներ: Թուրք պաշտոնյաները գուցե ինչքան էլ դեռ շարունակում են PKK-ն անվանել ահաբեկչական միավորում, առնվազն սկսել են հասկանալ, որ դա քուրդ հասարակության որոշ մասի քաղաքական հայացքները և շահերն արտահայտող կառույց է, և քուրդ ժողովրդին ազատություն շնորհելն ավելի շահավետ է, քան ապագա Քրդստանին ստիպված տարածք տրամադրելը:

Չորեքշաբթի, 6 փետրվար, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s