1915թ. ընտանեկան պատմություն, որ կասկածի տակ չի դրվելու

10372759_10153040935541833_3356360001186881912_nՀամալսարան ավարտելուց հետո իմ առաջին գործնական ծրագիրը հայ-թուրքական հարաբերությունների մասին Թուրքիայում բավականին հայտնի և հայկական հարցում այլ կարծիք ունեցող պատմաբանների ու քաղաքագետների, իրավաբանների հետ հարցազրույցներ անելն ու դրանք հայերենի թարգմանելով հրատարակելն էր: Այն ժամանակ` 2005թ., Թուրքիայում տիրում էր այլ իրավիճակ: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ջանքեր էր գործադրում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ և առկա էր համաշխարհային ընկալում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը, սահմանների բացումը և Ցեղասպանության ընդունումը կարող է իրակականցնել ԵՄ ինտեգրման գործողությունների շրջանակներում:

Հրանտ Դինքն ինձ շատ էր օգնում իմ 35-հոգանոց ցանկի մեջ ներառված բավականին հայտնի և զբաղված մարդկանց հետ հանդիպումներս կազմակերպելու գործում:

Այս հանդիպումներից ինձ համար ամենացանկալին իր քրդական և հայկական հարցերում սուր և իրավացի դիրքորոշմամբ հանդես եկող թուրք լրագրող և գրող Ահմեդ Ալթանն էր: Վաղ հասակում ընթերցելով նրա գրքերը, որոնք մշտապես պարունակում էին պատմության չշոշափված մութ էջերը, մի տեսակ համակրանք էի ձեռք բերել քաջ և տաղանդավոր ռոմանտիկ գրողի նկատմամբ: Ճանապարհին որոշակի լարվածություն էի զգում, քանի որ տեսնելու էի մի մարդու, որի մասին պատկերացում էի ստեղծել նրա ստեղծագործություններով, որոնցից ոչ մեկը բաց չէի թողել: Մոտենալով նրա ապրած տանը՝ մի կողմից մտածում էի նաև ընդունված այն կարծիքի մասին, որ մարդ չպետք է ծանոթանա իր սիրած գրողի հետ:

Դուռը բացելուց հետո ինձ ներս հրավիրեց և, վերցնելով իմ ձեռքի հայկական գինին, ասաց. «Չգիտեի, որ հայերը գինի են արտադրում»: Այսօր մտածում եմ, որ տվածս պատասխանը բավական անշնորհք էր ու հարձակողական, երբ լարված ասացի. «Հայերի մասին կարծում եմ շատ բան չգիտեք»:

Հարցերիս պատասխանելիս՝ նա մերթ խոսում էր գրելու նման, մերթ՝ նաև ուսուցչի տոնով, բայց մշտապես զգացնել էր տալիս, որ ազնիվ է: Ես արդեն երկար տարիներ գիտեի, որ նա 1915թ. դեպքերն անվանում է Ցեղասպանություն, գրում դրանց մասին, և չէի փորձում նրան ստիպել սահմանումներ տալ: Հարցազրույցի վերջում նա մի փոքր նեղացած ասաց. «Ախր մենք` նկատի ունենալով թուրք մտավորականների գոնե որոշակի շրջանակներին, փորձում ենք բացահայտել իրականությունը, գրում ենք այդ մասին, պետության դեմ ենք կանգնում, մեղադրում ենք պետությանը, իսկ Դուք Հայաստանում ի՞նչ եք անում: Օրինակ դու երբևիցե հարցականի տակ դրե՞լ ես քո սովորած պետական պատմությունը»:

Փորձում էր ինձ շփոթության մատնել, հասկացել էր, որ իրեն հավատում և վստահում եմ, ու հետևաբար պետք է անեմ այն, ինչ ինքն էր ճիշտ համարում:

-Ոչ, հարցականի տակ չեմ դնում ու երբեք էլ չեմ դնելու,- պատասխանեցի: Եթե այսօր լիներ, նրա դեմքի զարմանքն ավելի երկար վայելելու համար ավելի երկար կլռեի, բայց այդ օրը չկարողացա: Ասացի. «Ձեր պետական պատմություն ասածը ես, Ձեզ նման, քեմալիզմի գաղափարախոսությամբ թունավորված դպրոցներում չեմ սովորել: Իմ պատմությունը ես լսել եմ Օրդուում ծնված իմ որբ տատիկից, դրանով եմ մեծացել»:

Պատմեցի իմ տատիկի պատմությունը, որ վեց տարեկանում տեսել էր իր յոթ քույր-եղբայրների ու ծնողների սպանությունը և ընդամենը երկու թուրք զինվորի վեճի արդյունքում, արդյոք իրե՞ն էլ պետք էր մորթել, դրանցից մեկի` մի քիչ խիղճ ունեցողի, կողմից աչք-ունքով հասկացվելով, կարողացել էր փախչել հայկական մանկական սպանդանոցից:

Վեց տարեկանում սկսելով կյանքի պայքարը` բուն կյանքի, կենդանի մնալու համար, նա օգնություն էր ստացել միայն իր նման որբերից, որոնք ցույց էին տվել ուտելի խոտերը, անապատում ջուր գտնելու գաղտնիքները: Ընկնելով թուրք զինվորականի ընտանիք՝ որպես հոգեզավակ, հալածվել է զինվորականի կնոջ կողմից, որը նրան համարել էր երիտասարդ կնոջ հավակնորդ: Փախչելով նրանից՝ տեղ էր գտել մի քուրդի ընտանիքում և հետո հասել Պոլիս, որտեղ ամուսնացել էր սեբաստացի իր նման որբ տղայի հետ:

Թուրք գրողին պատմում էի, որ տատիկս երբեք չէր կարողանում ուրախանալ, չէր կարողանում հանգիստ նայել ջրերին` դրանք տեսնում էր արյունով լեցուն, եկեղեցի չեր գնում և մեզ էլ չէր թողնում, ասելով՝ եթե Աստված լիներ, չէր թողնի, որ մեզ այսքան դժբախտություններ հասնեին:

Ալթանի հայացքը փոխվել էր, զարմանքի փոխարեն կարծես թե հասկացող և նույնիսկ ցավող աչքերով էր նայում: Չէր սպասում, որ պտմությունը կարող է նաև այդքան կենդանի ու կասկածից դուրս լինել:

Իմ զրուցակից Ահմեդ Ալթանը հետագայում հիմնեց «Թարաֆ» թերթը՝ շարունակելով հարցականի տակ դնել թուրքական պետական պատմագրությունը, պետական կառույցները և հանուն ավելի լուսավոր ու արդար Թուրքիայի, համարձակվեց նույնիսկ թուրքական «խորքային պետության» իշխանությունը տապալելուն ուղղված փաստաթղթեր հրապարակել, որը «խորքային պետության» բացահայտման առաջին քայլերից մեկը եղավ Թուրքիայում:

Բայց ես, ինչպես իրեն ասել էի, իմ «պաշտոնական պատմությունը»` այսինքն որբ տատիկիս պատմածները, երբեք հարցականի տակ չդրեցի…..

27 ապրիլ, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s