1915-ին ընդառաջ. թուրքական նախապատրաստություններ

images-5Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պատրաստությունները գնալով լայն թափ են ստանում թուրքական պետական և հասարակական տարբեր շրջանակներում: Դրա արտահայտությունն է նաև նախկին դեսպան Վոլքան Վուրալի առաջարկը: Նա Թուրքիայի կառավարությանը խորհուրդ է տալիս 1919թ. Անատոլիան լքած հայերի ժառանգներին հրավիրել Թուրքիա և ժամանողներին քաղաքացիություն շնորհել:

Վուրալը, որը Թուրքիայի ԱԳՆ-ում կարևոր պաշտոններ է զբաղեցրել (Թուրքիայի դեսպանն էր ԽՍՀՄ-ում և անկախացող Հայաստանի հետ բանակցող առաջին թուրք դիվանագետը), քաջածանոթ է Հայաստանի և Սփյուռքի իրականությանը: Ուշագրավ է, որ չլինելով տնտեսագետ՝ նա արդեն հինգ տարի Թուրքիայում ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող «Թուրք արտադրողների և գործարարների միության» նախագահության անփոփոխ անդամ է:

Այսօր Թուրքիայի տնտեսությունում բազմամյա փորձ ունեցող խոշոր գործարարներն իրենց ամենակարևոր քայլերը քննարկում են հենց Վուրալի հետ: Հատկանշական է, որ ամեն տարի ավելի ակնհայտ է դառնում Վուրալի դիվանագիտական կապերի օգնությամբ նրա գործընկերների շահույթներն ավելացնելուն ուղղված ջանքերի հաջողությունը: Միևնույն ժամանակ, Վուրալը մերձավորների հետ զրույցներում տնտեսական բնագավառում ունեցած իր հաջողությունների մասին խոսում է քամահրանքով:

Սակայն այս դեպքում Վուրալը հանդես է գալիս ոչ միայն որպես դիվանագետ, այլև «տնտեսագետ», շեշտելով փակ սահմանի բացման անհրաժեշտությունը` որպես 2015թ. թուրքական կողմի կարևորագույն քայլ: Նա նշում է սահմանամերձ տարածաշրջանի, մասնավորապես՝ Կարսի զարգացման անհրաժեշտությունը, ընգծելով, որ փակ սահմանի պատճառով շահում են երրորդ պետությունները: Նա խորհուրդ է տալիս երրորդ պետության շահը կիսել Հայաստանի և Թուրքիայի միջև: Փակ սահմանի մասին խոսելիս զերծ մնալով քաջածանոթ թուրք պաշտոնյաների բառապաշարից՝ Վուրալը չի օգտագործում «աղքատ Հայաստան» կամ «թշնամի Սփյուռք» արտահայտությունները:

Ավելի քան քսան տարի թուրք-հայկական սահմանի բացման անհրաժեշտությունը շեշտող «Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի» նախագահ Քաան Սոյակը, բացի Թուրքիայից, ԱՄՆ-ում է փորձում ընդգծել դրա  ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի արևելյան շրջանների համար կարևոր նշանակությունը:

Ներկայում դժվար է ասել՝ թուրքական պետությունն արդյոք լուրջ կվերաբերվի՞ սփյուռքահայերի հետկանչին Արևմտյան Հայաստան և նրանց կշնորհի՞ Թուրքիայի քաղաքացիություն, արդյոք վերադարձի իրավունք կտրվի՞ նաև Արևմտյան Հայաստանից գաղթած ՀՀ քաղաքացիներին, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա պետք է ճանաչվի ժառանգության իրավունքը և այլն, և այլն: Եթե նկատի ունենանք թուրքական պետության գրված և չգրված օրենքները, ըստ որոնց՝ Թուրքիայի ռիսկային գոտիներում, որոնց մեջ մտնում են սահմանամերձ շրջանները, նաև՝ արևելյան շրջանները (Արևմտյան Հայաստանը), ապա անշարժ գույք և տարածք ձեռք բերել չի թույլատրվում ոչ միայն արտասահմանցիներին, այլև նույնիսկ Թուրքիայի քաղաքացի քրիստոնյա փոքրամասնություններին:

Էական է նաև թուրք հասարակության վերաբերմունքը այդ առաջարկներին: Այսօր Թուրքիայում առկա այլատյացությունը չի նպաստում նույնիսկ կառավարական «մարդասիրական» առաջարկների ընկալմանը: Ըստ ամենայնի՝ թուրքական առաջարկությունները ուղղված են միջազգային հանրությանը:

Թերևս թուրքական պետությունը «հիմնավոր» նախապատրաստվում է Ցեղասպանության հարյուրամյակին, և առաջիկայում ևս ականատես կլինենք զանազան «լուրջ քայլերի»:

Հինգշաբթի, 21 մարտ, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s