1995թ. քվեագողերը շարունակում են պատժվել

HVX2fMFfTHncvO3OtvpJZnJju_qSpcLQqqzF-LzzJzgԱյսօր Թուրքիայում ձերբակալվում են բազմաթիվ զինվորականներ: Մենք Հայաստանում լսում ենք դրամասին, բայց գուցե լիովին չենք պատկերացնում կառավարություն-զինվորականություն պայքարի դրդապատճառները: Թուրքիայում տարիներ շարունակ այն քաղաքացին, որը իրեն չէր տեսնում թելադրված քաղաքական ուղղվածության ծիրում, անտեսվում էր, ոտնահարվում և հալածանքների էր ենթարկվում, և նույնիսկ նրա քվեն պաշտոնապես չեղյալ հայտարարվեց 1995թ.: Թուրք քաղաքացին կարծրացած  խորքային պետության և զինվորականության միջամտության դեմ երկարատև  պայքարի արդյունքում, կարողացավ տեր կանգնել իր «ձայնին», և Էրդողանն այսօր կարողացավ  հարգել տալ իրեն տրված յուրաքանչյուր քվեն: Ուղիղ տասնվեց տարի առաջ տեղի ունեցած «պոստմոդեռն հեղաշրջման» մեղավորների դատավարությունը շարունակվում է նաև այսօր: Երեկ  ձերբակալվել են թոշակի անցած ևս երկու բարձրաստիճան զինվորականներ: Ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելող կառավարությունը շարունակում է պատժել 1995թ. ընտրությունների արդյունքները յուրացնողներին:  

Տասնվեց տարի առաջ փետրբարի 28-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջումներից «ամենաքաղաքակիրթը», որը մեծ դեր խաղաց այժմյան թուրքական քաղաքականության ձևավորման գործում:

1980թ. զինվորական հեղաշրջումից հետո փակված «Ազգային փրկության կուսակցության» (Selamet Partisi) անդամները 1983թ. ստեղծեցին ազգայնական և կրոնական պահպանողականության քաղաքական ուղղվածություն ունեցող «Բարօրություն» (Refah Partisi) կուսակցությունը:

1995թ. խորհրդարանական ընտրություններում «Բարօրություն» կուսակցությունը հավաքեց ձայների հարաբերական մեծամասնություն` 22 տոկոս: Կուսակցությունը, որը հիմնել և ղեկավարվում էր աջակողմյան կրոնական թեքմամբ գիտնական Նեջմեթին Էրբաքանը, մեծ վախ էր առաջացնում քեմալիստական շրջանակներում: Քեմալիստական հասարակությունը և թուրքական բանակը, որը հասարակության կողմից դիտվում էր որպես քեմալիտական վարչակարգի պաշտպան և հարկ եղած ժամանակ միջամտում էր ցանկացած ոլորտի գործունեության, անհանգստացած էին Թուրքիայում բարձրացող այս քաղաքական ուժից, որն անկասկած բերելու էր քաղաքական և տնտեսական էլիտայի փոփոխության երկրում:

Ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը գրաված «Ճշմարիտ ուղի» (Doğru Yol Partisi) և «Մայր հայրենիք» (Ana Vatan Partisi) կուսակցությունների կոալիցիան չկարողացավ իշխանության ղեկը ստանձնելու համար վստահության անհրաժեշտ քվե ապահովել: 1996թ. «Ճշմարիտ ուղի» կուսակցության ղեկավար Թանսու Չիլերը միացավ Էրբաքանին, և կազմվեց Թուրքիայի 54-րդ կառավարությունը՝ Էրբաքանի գլխավորությամբ: Միացյալ կառավարության ստեղծման առաջին իսկ օրերից այն ենթարկվեց քաղաքական ու հոգեբանական ճնշումների, որոնք գնալով ավելի էին խստանում:

1997թ. փետրվարին ազգային անվտանգության խորհուրդն անցկացրեց հանրապետական Թուրքիայի պատմության մեջ ամենաերկար նիստը, որը տևեց ինը ժամ: Նիստի արդյունքում, անդիմադրելի ճնշումների հետևանքով, Էրբաքանը ստիպված հրաժարական տվեց:  Բոլորը համոզված էին, որ նախագահ Սուլեյման Դեմիրելը կառավարություն կազմելու գործը հանձնելու էր Թանսու Չիլերին, սակայն նա զինվորական շրջանակների հետ պայմանավորվածության համաձայն, այդ իրավունքը վերապահեց «Մայր հայրենիք» կուսակցության ղեկավար Մեսութ Յլմազին:

Դեմիրելին ուղղված քննադատությունները քիչ հնչեղություն ստացան մամուլում, քանի որ թուրքական մամուլը նույնպես գտնվում էր թուրքական ԶՈՒ գլխավոր շտաբի ազդեցության տակ: Դեմիրելը հայտարարեց, որ իր համար կարևոր է ոչ թե ձայների քանակը, այլ որակը, և ոչ միայն պատժեց իր աճեցրած և «աղջիկս» կոչած Չիլերին՝ Էրբաքանի հետ համագործակցելու համար, այլև կացնահարեց Թուրքիայում այդ օրերին նոր-նոր ծլարձակող ժողովրդավարությունը: Քեմալիստական շրջանակները չկարողացան հաշտվել իշխանության հնարավոր կորստի հետ և դիմեցին բանակի օգնությանը՝ միաժամանակ օգտագործելով տեղական մամուլի մանիպուլյացիան:

Տեղական և արտասահմանյան մամուլում հետագայում «պոստմոդեռնիստական» անվանված վերոհիշյալ հեղաշրջումը բավական տարբերվում էր նախորդներից: Թուրքական «խորքային պետությունը», որը նախկինում էլ դիմել էր բռնաճնշումների, 1997թ. սահմանափակվեց հոգեբանական ճնշումներով և սպառնալիքներով: Անկարայում տեղի ունեցավ ռազմական տեխնիկայի երթ, քեմալիստ կանանց միությունները հանդես եկան «շարիաթի» դեմ բողոքի միտինգներով, իսլամական դպրոցների ուսանողների և գլխաշորերով կանանց նկատմամբ հալածանք սկսվեց, մամուլով սկսեցին հանդես գալ ամենատարբեր գործիչներ, որոնք վախեցնում էին կրոնապետության հաստատման հնարավորությամբ:

Մամուլով և հեռուստատեսությամբ հանդես էին գալիս նաև «իսլամագետներ», որոնք անհավանական պատմություններ էին պատմում իսլամի տարածման, կենցաղում իսլամի օրենքների խստիվ և հարկադրական կիրառման անհրաժեշտության  մասին՝ վախ սերմանելով հասարակ ժողովրդի մոտ: Հետագայում պարզվեց, որ նրանք ուղղակի  զինվորական առաջադրանք էին կատարում:

1998թ. Սահմանադրական դատարանի կողմից «լայիկ» հանրապետությանը սպառնացող գործունեություն ծավալելու համար փակվեց «Բարօրություն» կուսակցությունը: Դրանից հետո Էրբաքանը տարբեր անվանումներով հիմնեց ևս երկու կուսակցություն, որոնցից առաջինը կրկին փակվեց Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ վերջինը դադարեցրեց իր գործունեությունը նրա մահվանից հետո:

2001թ. Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Էրբաքանի որոշ հետևորդների և «մայր հայրենիք» կուսակցության հիմնադիր Թուրգութ Օզալի համախոհներին և «Ճշմարիտ ուղի» կուսակցության որոշ անդամների ներգրավելով՝ հիմնեց «Արդարություն և զարգացում» (Adalet ve Kalkınma Partisi- AKP) կուսակցությունը: Նորաստեղծ կուսակցության գաղափարախոսական հիմքում իսլամական ժողովրդավարության, տնտեսական լիբերալիզմի և պահպանողականության սկզբունքներն էին: Էրդողանն իրեն չհամարելով Էրբաքանի կուսակցության հետևորդ՝ վստահ քայլեր արեց քաղաքական նոր ուղիներ ստեղծելու գործում: 2002թ. բոլոր ճնշումներին հակառակ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացավ ձայների արդեն 32%-ը, և 550-տեղանոց խորհրդարանում 365 պատգամավոր ստանալով՝ միակուսակցական կառավարություն կազմեց: 2007թ. ընտրություններում այն ստացավ քվեների 47%-ը:

2008թ. Սահմանադրական դատարանը չկարողանալով հանդուրժել քաղաքական իսլամի բարձրացումը, կրկին փորձեց փակել իր քաղաքական շահերին չհամապատասխանող կուսակցություններից վերջինը՝ AKP-ն, և 71 կուսակցականի զրկել քաղաքական գործունեություն իրականացնելու իրավունքից: Սակայն չկարողանալով փակել կուսակցությունը, նույնիսկ հրահրեց ժողովրդին ավելի տեր կանգնել իր կրոնական ազատությանը՝ նպաստելով կուսակցության հեղինակության աճին, որը 2011թ. ընտրություններում ստացավ արդեն քվեների 50 տոկոսը:

Քաղաքական և զինվորական ոչ ժողովրդավարական միջամտությունները հակազդեցություն են ստանում, Թուրքիայի քաղաքական կյանքում ընկալվելով որպես ժողովրդի ձայնի անտեսում և արժեզրկում: Թուրքական կառավարությունը և ժողովուրդն այսօր հաշիվ է պահանջում Փետրվարի 28-ի հեղաշրջումն իրականացնող զինվորականությունից, ծախու մամուլից և այլ պատասխանատուներից:

2015թ. ընտրություններում, եթե հնարավոր լինի քրդական հարցի հաջող լուծումը, սպասվում է, որ Էրդողանի կուսակցության քվեների աճը առնվազն շարունակվելու է:

Ի վերջո, իրեն քաղաքականությունից վեր դասող և վերին ատյանի հավակնություններ ունեցող, կարծրատիպերի վրա հիմնված և հակաժողովրդավարական դիրքորոշում ունեցող թուրքական զինված ուժերը չկարողացան դիմադրել ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող և հետևողականորեն պայքարող կուսակցության քաղաքական կամքի արտահայտությանը: Կուսակցությունը չի բավարարվում իշխանության գալով, այլ հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը՝ բանակին մեկուսացնելով քաղաքականության վրա ազդող լծակների տիրապետումից:

Հինգշաբթի, 28 փետրվար, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s