10816222_10152991319681833_1740332391_nՊարոն Դեմիրթաշ, Հրանտ Դինքն ասում էր՝ եթե Թուրքիան ժողովրդավար դառնա՝ բոլորի համար ավելի հեշտ կլինի լուծել իրենց և՛ պատմական, և՛ ներկա խնդիրները: Այսօր քրդական շարժումը և Ձեր կուսակցությունը թերևս ամենաշարժիչ ուժն են Թուրքիայի ժողովրդավարացման տեսանկյունից: Ի՞նչ եք կարծում՝ եթե Թուրքիայում այսօր չլիներ քրդական շարժումը, ինչպե՞ս կընթանար ժողովրդավարացման գործընթացը երկրում:

Անշուշտ, կան տարբեր խմբեր, այդ թվում՝ քրդերը, ինչպես նաև զանազան կրոնական, ազգային խմբեր, հարանվանություններ, որոնք Թուրքիայում խնդիրների են առերեսվում: Թուրքիայի հասարակության մեջ կան նաև հատվածներ, որոնց առջև ծառացած են դասակարգային և գենդերային բնույթի խնդիրներ: Թերևս այս խմբերը կազմում են Թուրքիայի հասարակության 90 տոկոսը: Թուրքիայում բնակչության միայն 10 տոկոսն է, որ երբեք չի ենթարկվել ճնշման ու վայելել է Թուրքիան՝ որպես երկիր:

Մնացածը՝ լինեն թուրքեր, քրդեր, հայեր, չերքեզներ, արաբներ, լազեր, վրացիներ, կանայք, տղամարդիկ, ալևիներ, սուննիներ,- բոլորն էլ անցել են տառապալի ու ցավոտ գործընթացների միջով: Այդուհանդերձ՝ քրդերը բոլոր այս զարգացումներում հասարակության հենց այն հատվածն են կազմում, որն ամենաշատն է ընդվզել: Հենց այդ պատճառով էլ նրանք եղել են Թուրքիայում ժողովրդավարության ու ազատության համար պայքարի առաջատար ուժը: Դա նաև հենց քրդերին է վերափոխել: Այսպես՝ քրդերը, պայքարելով ժողովրդավարության, ազատությունների և մարդու իրավունքների համար, ենթարկվեցին փոփոխությունների՝ վերոհիշյալ գաղափարներին ու հայեցակարգերին իրենց հանձնառության և դրանց միջազգայնացման առումով: Երբ գործընթացը դիտարկում ես այս տեսանկյունից, ապա՝ այո՛, քանի դեռ Թուրքիայում չի զարգացել ժողովրդավարությունը, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել մարդու ազատությունների ոլորտում, երկրի և ոչ մի խնդիր հնարավոր չի լինի լուծել: Նախևառաջ՝ արտահայտման, մտքերն ազատորեն արտահայտելու ազատության անհրաժեշտություն կա…

Քանի դեռ այս ազատությունը չի ապահովվել, ինչպե՞ս կարող ենք խոսել, օրինակ, քրդական խնդրի, Հայոց ցեղասպանության կամ ալևիական հարցի մասին: Այլ կերպ ասած՝ բոլոր ազատությունների ընդլայնումը կնպաստի խնդիրների լուծմանը, իսկ խնդիրների լուծումը կծառայի որպես ազատությունների խթանման գործիք: Սրանք գործընթացներ են, որոնք սնում են մեկը մյուսին և քրդերին՝ իրենց մղած պայքարում. քուրդ ժողովուրդը մշտապես փորձել է սատարել Թուրքիայում մյուս ժողովուրդների պայքարին՝ սեփական խնդրի՝ քրդական հարցի լուծման, ինչպես նաև մյուս ազգերի, ինքնությունների խնդիրների լուծման նպատակով: Դա հնարավոր դարձնելու համար քրդերի ու մյուս ժողովուրդների միջև դաշինքներ ու համատեղ պայքարի միություններ են ստեղծվել: Այն կետը, որին այսօր հասել ենք, այնքան էլ վատը չէ:

Հայաստանում ընդհանուր կարծիք կա, որ Ձեր ընտրազանգվածը բավական փոքր է, սակայն վերջին՝ նախագահական ընտրություններում Դուք հավաքել եք ձայների մոտ 10 տոկոսը: Թուրքիային հետևողները գիտեն, որ սա բոլորովին փոքր ցուցանիշ չէ, հատկապես հաշվի առնելով փաստը, որ սա առաջին ընտրությունն էր, որում առաջադրել էիք Ձեր թեկնածությունը: Ինչպես ասացիք՝ մի կողմից քրդական շարժումը պայքարում է ժողովրդավարացման համար և հանդես է գալիս որպես ընդդիմություն, մյուս կողմից՝ դուք բանակցում եք կառավարության հետ: Չե՞ք կարծում, որ դա փոքր-ինչ հակասական է, նկատի ունեմ՝ մի կողմից ձեր և կառավարության միջև համագործակցություն է ընթանում, մյուս կողմից՝ դուք ընդդիմություն եք… Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:

Անկասկած՝ դա հեշտ չէ:  Ինչպես նշեցիք՝ նախագահական վերջին ընտրություններն ապացուցեցին, որ մեր առաջադրած սկզբունքները՝ ժողովրդավարությունը, ազատությունը, խաղաղությունը, եղբայրությունը, հավասարության և արդարության վրա հիմնված կյանքը, ճնշվածների, աշխատավորների, կանանց իրավունքների պաշտպանությունը, իրապես արժանանում են հանրային նշանակալի աջակցության: Նման պայմաններում 10 տոկոս ձայն հավաքելը շատ դժվար գործ էր, մենք կարողացանք նման արդյունքի հասնել միահամուռ ուժերով: Այժմ այդ արդյունքներից ուժեղացած՝ մեր կուսակցությունը փորձում է շարունակել բանակցությունները կառավարության հետ՝ քրդական հարցի լուծմանը հասնելու համար ու, նաև այդ արդյունքների շնորհիվ ամրացնելով մեր դիրքերը, մենք պայքարում ենք կառավարության ճնշող և մոնիստական քաղաքականության դեմ:

Եվ միայն այն դեպքում, երբ պայքարն ու բանակցությունը զուգահեռ են ընթանում, կարելի է հաջողության հասնել: Բանակցել, խոսել որևէ հարցի մասին չի նշանակում նահանջել, կամ պայքարը չի ենթադրում միայն կազմակերպել դիմակայություն և փակել բանակցային բոլոր ալիքները: Հնարավոր է, որ երկուսը միաժամանակ իրականացվեն և ամրապնդեն մեկը մյուսին: Եթե մտնեք բանակցային գործընթացի մեջ, որը միևնույն ժամանակ կազմված չլինի պայքարից ու դիմակայությունից, ուղղահայաց դիրքից, այդ դեպքում ձախողման հավանականությունը կմեծանա: Նմանապես՝ եթե դիմակայության մեջ մտնեք, որը բանակցությունների ու երկխոսության համար տեղ չի թողնում, ապա ձեզ դժվար կլինի պահել դիմակայության արդյունքում նվաճած  քաղաքական ձեռքբերումները:

Հաճախ ենք լսում, որ հայերը փորձում են թուրքերին բացատրել, որ իրենք մահացել են, սպանվել են այս հողերի վրա, մինչդեռ քրդերը փորձում են ասել, որ իրենք ապրում են այստեղ: Այս առումով՝ արդյո՞ք Ձեր և Ձեր կուսակցության քաղաքական դիրքորոշումն այն է, որ տեղ հասցնեք իշխանության ղեկի մոտ կանգնածներին հետևյալը՝ մենք՝ որպես քրդեր, գոյություն ունենք, և դուք պետք է ապահովեք մեր իրավունքները: Թե ասում եք՝ մենք նույնպես կարող ենք կառավարել այս երկիրը:

Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի բոլոր սոցիալական կառույցները, բոլոր ազգությունները պետք է  երկրի կառավարման մաս լինեն: Հենց այս պատճառով պնդում ենք, որ ոչ թե կենտրոնացված, այլ ապակենտրոնացված կառավարման մոդելն է ավելի համապատասխանում Թուրքիայի իրականությանը: Կարծում ենք՝ ինքնավարության մոդելի հիման վրա Թուրքիայով մեկ պետք է լինեն ինքնավար և տեղական կառավարություններ: Նկատի ունեմ՝ մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ Թուրքիայում լինեն բազմաթիվ ինքնավար, տեղական իշխանություններ և կոնկրետ շրջանում ապրող մարդկանց ներկայացուցիչներն ունենան մանդատ այդ ինքնավար սուբյեկտների խորհրդարաններում՝ տեղական խորհրդարաններում: Ասենք՝ Կարս, Իգդիր, Արդահան և Աղրը շրջանները ստեղծեն իրենց սեփական ինքնավար մարմինները:

Եթե տեղական վարչակազմերն ունենան իրենց հատուկ խորհրդարանը՝ ինքնավար օրենսդիր մարմինը, այդ դեպքում ազերիները, թուրքմենները, հայերը, քրդերը, թուրքերը այդ խորհրդարանում կունենան իրենց մանդատները, այնպես, որ կարողանան միասին մասնակցել կառավարմանը: Այսպիսով՝ եթե հնարավոր լինի դրան հասնել, եթե Թուրքիայում բոլորը ներկայացուցիչների միջոցով մասնակցեն կառավարման գործընթացին՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով ստանալով կառավարչի որակավորում, այդ դեպքում քաղաքացու և պետության, քաղաքացու և կառավարության միջև ուժեղ կապ կհաստատվի: Այս կերպ մասնակցությունը կդառնա հնարավոր, և եղբայրության ու հավասարության հիման վրա ապրելը կհեշտանա:

-Նախկինում լրագրողներն արդեն ուղղել են Ձեզ այն հարցը, թե ինչպես եք գնահատում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը: Կցանկանայի Ձեզ մեկ այլ հարց տալ: Բացատրեցիք Ձեր ներքին քաղաքականությունը, իսկ ի՞նչ կասեք ապագայում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ընդհանուր հայկական քաղաքականության մասին: Ինչպիսի՞ն կարող է այն լինել կամ արդյո՞ք կուսակցությունը տարբերություն դնում է Սփյուռքի հայերի, Հայաստանի հայերի և Թուրքիայի հայերի միջև, թե՞ ունի ավելի ընդհանրական մոտեցում, ի՞նչ կասեք Ցեղասպանության մասին: Ո՞րն է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դիրքորոշումը:

Բնականաբար՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առանցքային հարց է 1915թ. Ցեղասպանությունը: Հավատացած ենք, որ Թուրքիան պետք է պաշտոնական մակարդակով առերեսվի Հայոց ցեղասպանությանը, ընդունի ճշմարտությունը. Ցեղասպանության արդյունքում հասցված վերքն ամոքելու համար ոչ միայն անհրաժեշտ է պաշտոնապես ներողություն խնդրել, այլև վստահության հիման վրա վերակառուցել թուրքերի և հայերի, Թուրքիայի հայերի և Հայաստանի հայերի միջև հարաբերությունները: Այդուհանդերձ՝ երկու հասարակությունում էլ կա թշնամանք, որն անընդհատ բորբոքվում և հրահրվում է: Մինչև այդ ատելությունը չհասցվի նվազագույն մակարդակի՝ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների նախաձեռնություններն ապարդյուն կլինեն: Հետևաբար իմ ցանկությունն է, որ Թուրքիայի և Սփյուռքի հայերը աջակցեն այդ թշնամանքի վերացմանը միտված ջանքերին:

Մյուս կողմից՝ Թուրքիայի կառավարությունն ու մամուլն իրենց բառապաշարի և տոնի տեսանկյունից պետք է լինեն շատ ավելի զգուշավոր և կանխարգելեն Թուրքիայում հայերի դեմ ազգայնական տրամադրություններն ու թշնամանքը: Պաշտոնական հարաբերություններն ավելի հեշտ կհաստատվեն, եթե այդ ատելությունը երկու կողմից էլ նվազագույնի հասցվի: Մենք մշտապես սատարել ենք մեր կառավարությանը, նախագահին՝ Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների հաստատման և սահմանի բացման հարցում, և դա շարունակում է լինել մեր դիրքորոշումը, քանի որ անցյալի ցավը չի կարող առհավետ լինել թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հիմքում: Սա խնդիր է, որը պետք է հստակ լուծվի այսօր և այս փուլում:

Թուրքիայի Հանրապետության կառավարությունն էլ իր հերթին պետք է աջակցի հայերին այս վերքն ամոքելու հարցում, հայերին, որոնք համարվում են մի ժողովուրդ, որն անգամ հնարավորություն չի ունեցել ողբալ իր կորուստները: Ճշմարտությանն ու Ցեղասպանության իրողությանն առերեսվելով՝ Թուրքիայի կառավարությունը պետք է սատարի հայերին և օգնի, որ ձերբազատվեն ցավից: Մեր կուսակցությունն այս հարցում վարում է շատ թափանցիկ ու բաց քաղաքականություն և սատարում է Թուրքիային՝ բոլոր հարևանների հետ լավ, ճիշտ ու ամուր հարաբերություններ հաստատելու ջանքերում: Այս համատեքստում Հայաստանն անշուշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում. ցավոք հարաբերությունները չեն կարող զարգանալ՝ Հայոց ցեղասպանության խնդրով պայմանավորված, և դա միակ ուղին է, որով հարցը հնարավոր է լուծել:

Դուք խոսեցիք այն մասին, թե արդյոք հասարակությունը պատրաստ է, թե ոչ, նշեցիք երկու կողմից ատելության ու թշնամանքի մասին, որոնք պետք է նվազեցնել… Թերևս դրա ականատեսը եղանք Թուրքիայում խաղաղության գործընթացի ժամանակ. նույնիսկ երբ ուժերը հայտարարում էին ակնհայտ բաներ, ժողովուրդների միջև խնդիրներ չէին ծագում: Այս առումով մենք անհրաժեշտ ենք համարում, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը հայկական հարցում դնենք հարցականիի տակ: Օրինակ՝ «արդար հիշողության» քաղաքականությունը, տառապանքների հավասարեցումը…. Կարծում եք՝ սա Ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ճի՞շտ մոտեցում է:

Ինչպես ասացի րոպեներ առաջ՝ եթե կառավարությունը և մամուլը փոխեն իրենց բառապաշարն ու տոնը, Թուրքիայի հասարակության ներսում որևէ խնդիր չի լինի: Նկատի ունեմ՝  կենտրոնի վարած քաղաքականությունը հրահրում է այդ թշնամանքը, ատելությունն ու ազգայնականությունը: Դասագրքերից, մամուլի լեզվից մինչև ոչ կառավարական կազմակերպությունների հարաբերություններ, մինչև նախարարների, վարչապետի ու կառավարական պաշտոնյաների օգտագործած բառապաշար,- այս ամենը պետք է ծառայի Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հիմք: Մինչդեռ այսօր հակառակ պատկերն է: Այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել բառապաշարը, որը հայերին է վերագրում Հայոց ցեղասպանությունն ու հայերին պատկերում որպես Թուրքիայի թշնամի և սպառնալիք, Հայոց ցեղասպանությանն առերեսվելու գիտակցություն չի ձևավորվի:

Եթե կառավարությունը թույլ տար, և մամուլը սատարեր նրան՝ շատ կարճ ժամանակահատվածում, հավատում եմ, մարդիկ կաջակցեին Հայոց ցեղասպանության և հայկական հարցի լուծմանը: Եթե հայերի ապրած ցավն ու տրավման ճիշտ սահմանվեն, այդ ժամանակ միայն բոլորի կրած տառապանքները 1915-ից առաջ և հետո, թուրքերի, քրդերի, հայերի՝ բոլորի ցավը կվերածվի ընդհանուր ցավի, և կարող ենք հրաժարվել «իմ ցավը – քո ցավը», «իմ կորուստները – քո կորուստները» սահմանումներից՝ դրանք դարձնելով մեր տառապանքը, մեր կորուստները, մեր վիշտը:

1915թ. Ցեղասպանության ժամանակ, ինչպես նշել եք Ձեր նախկին ելույթներում, քրդերը ցավոք, ստիպողաբար դարձել են սպանությունների գործիք: Այս համատեքստում՝ ոչ թե հիմնվելով ընդհանուր քաղաքականության վրա, այլ անհատական արարքներով,  ի՞նչ քայլերի կարող են գնալ քրդերը: Օրինակ՝ անցյալ ամիս պրն Բայդեմիրը Երևանում էր, Իսմայիլ Բեշիքչին նույնպես Երևանում էր և նա այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը չափազանց լավ ընկալվեց հանրության կողմից: Այս առումով Դուք կամ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»… Կարո՞ղ ենք հայկական հարցի վերաբերյալ Ձեր դիսկուրսը, հայտարարություններն ընդհանուր առմամբ վերագրել քրդերին: Արդյո՞ք «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնում է Օջալանին և Քանդիլը, PKK-ն (Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) կամ քրդական շարժումը:

Անկեղծ ասած՝ մենք չենք ներկայացնում PKK-ն կամ Օջալանին, պետք է բացահայտ ասենք, սակայն միայն քրդերին չէ, որ ներկայացնում ենք: Այո, մենք վայելում ենք քրդերի ճնշող մեծամասնության աջակցությունն ու ձայներ ստանում նրանցից, սակայն մեզ սատարում են նաև Թուրքիայի արևմուտքում, մեզ սատարում են նաև թուրքերն ու հայերը, որոնք նույնպես քվեարկում են մեր օգտին: Այս ամենը մեզ համար շատ արժեքավոր է, շատ կարևոր: Իմ արտահայտած մտքերը մեր կուսակցությանն աջակցող բոլոր մարդկանց ընդհանուր մոտեցումն է: Այդուհանդերձ, քրդերը, որոնք մեզ համար չեն քվեարկում, նույնպես տեղյակ են Հայոց ցեղասպանությունից ու հավատում են, որ այն ընդունելն անհրաժեշտություն է, ու նաև գիտեն, որ այդ ժամանակ քրդական ցեղերը, քուրդ ընտանիքներն օգտագործվել են որպես սպանության և տեղահանության գործիք:

Մենք մեծացել ենք՝ լսելով այս պատմությունները: Այդուհանդերձ՝ եթե ամեն մեկը ստանձնի իրեն հասանելիք պատասխանատվությունը՝ արդար առերեսման, ճշմարտության հետ առերեսվելու տեսանկյունից, այդ դեպքում քրդերը, անշուշտ, պետք է անեն իրենց հասանելիք գործը, հայերն ու թուրքերն էլ՝ իրենցը: Ցանկացած հասարակություն չի կարող մեկ այլ հասարակության հետ հաստատել արդար և հավասար հարաբերություններ՝ կոծկելով գործած հանցանքներն ու մեղքերը: Կան սխալներ, որոնք այդ ժամանակաշրջանում գործել են հայկական հրոսակախմբերը, սխալներ, որ արել են քրդական հրոսակախմբերը և սխալներ, որ արել են թուրքերը, սակայն այդ ամենից վեր է Օսմանյան կայսրության ծայրաստիճան թերի պաշտոնական քաղաքականությունը: Եթե այս վերջին կետը դառնա առերեսման մեկնարկային կետ՝ ես հավատում եմ, որ մարդիկ ավելի կմոտենան միմյանց:

 Հնարավո՞ր է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» տեսնենք Երևանում ապրիլին՝  100-րդ տարելիցին:

Շատ հնարավոր է, շատ կցանկանայինք լինել այնտեղ: Արդեն ծրագրում ենք այց Հայաստան, կցանկանայինք այցելել բոլոր հարևան երկրները, սակայն շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք այց կազմակերպել հատկապես Հայաստան:

 Ակնարկ. Ով է Սելահաթթին Դեմիրթաշը

Թուրքիայի քրդական քաղաքական շարժման ամենանշանավոր դեմքերից Դեմիրթաշը ծնվել է 1973թ. Խարբերդի  Բալու գավառում: Նրա զազա ընտանիքը Բալուից գաղթել է Դիարբեքիր: Դեմիրթաշը հարցազրույցներից մեկում պատմում է այդ օրերի մասին. «Մայրս և հայրս թեև  իրար հետ զազաերեն էին խոսում, սակայն մեզ չէին սովորեցնում:  Մեզ հետ թուրքերեն էին խոսում, որպեսզի մենք չապրենք այն դառնությունները, որ իրենք են տեսել: Միայն լիցեյում եմ իմացել, որ քուրդ կոչվող էթնիկ միավոր կա, ասել է Դեմիրթաշը»:

Լիցեյից հետո Դեմիրթաշը կանգնել է դժվար ընտրության առաջ: Այդ ժամանակ տարածաշրջանում կռիվներ էին ընթանում, և Դեմիրթաշը տատանվում էր՝ բարձրանալ լեռները, այսինքն անդամագրվել PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), թե՞ սովորել համալսարանում:  Դեմիրթաշը նախընտրեց ոչ թե լեռ բարձրանալ, այլ սովորել համալսարանում և ավարտեց Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2006թ. Դեմիրշաթը հանդես եկավ պատմական հայտարարությամբ` ասելով.  «Պետք է վերագնահատել քրդական հարցի լուծման մեջ Աբդուլլահ Օջալանի դերակատարությունը»: Այս խոսքերի պատճառով 2010թ. նրա դեմ գործ հարուցվեց` ահաբեկչական կազմակերպություն քարոզելու մեղադրանքով: 

2007թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում որպես «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» ներկայացուցիչ Դեմիրթաշն ընտրվել է Դիարբեքիրի պատգամավոր:  Սակայն ընտրական 10 տոկոսի շեմի պատճառով` ստիպված էր դառնալ անկախ թեկնածու: Թուրքիայի սահմանադրական դատարանը «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» դեմ գործ հարուցեց, որի  հետևանքով Դեմիրթաշը մի խումբ կուսակցիների հետ հրաժարական տվեց և ստեղծեց «Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցությունը»:

Դեմիրթաշը 2010թ. հունվարին քուրդ կին գործիչ Գյուլթեն Քըշանաքի հետ միասին ստանձնեց կուսակցության համանախագահի պաշտոնը: 2011թ. խորհրդարանական ընտրություններում այս անգամ Հաքարից ընտրվեց պատգամավոր:  Այդ շրջանում հանդես եկավ մի հայտարարությամբ, որը մեծ աղմուկ բարձրացրեց երկրում.  «Տեղադրելու ենք Օջալանի արձանը»:

Թուրքիայի կառավարությունը 2012թ. վերջին սկսեց հանդիպումներ ունենալ Օջալանի հետ:  Օջալանի փաստաբաններին երկար ժամանակ թույլ չէին տալիս հանդիպել իրենց պաշտպանյալի հետ: 2013թ. հունվարից «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատվիրակությունն սկսեց այցելել Օջալանին: Դեմիրթաշն էլ այդ պատվիրակության կազմում էր: Նրանք Իմալըից ստացած տեղեկությունները փոխանցում էին Քանդիլի լեռներում հաստատված PKK-ի ղեկավարությանը: Հանգիստ, բայց սուր խոսքով հայտնի Դեմիրթաշը 2013թ. հունվարից սկսած թուրք-քրդական խաղաղության գործընթացում ամենազդեցիկ դեմքերից է:

2014թ. Մարտին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքանակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Դեմիրթաշի կուսակցությունը աջադարել է հայ թեկնածուներ Ստամբուլի հայաշատ թաղամասերում: Այս թաղամասերում ընտրարշավի ժամանակ բացի թուրքերենից և քրդերենից հնչում էին նաև հայերեն երգեր:

Դեմիրթաշը 2014թ. օգոստոսին «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  կողմից առաջադրվեց նախագահի թեկնածու: Նա ընտրություններում մեծ հաջողություն գրանցեց՝ հավաքելով ձայների մոտ 10 տոկոսը: Դեմիրթաշը՝ 30  տարուց ի վեր Թուրքիայի քաղաքական կյանքում  պայքար մղող քրդական շարժման նոր սերնդի  ամենաառանցքային ներկայացուցիչներից է:

Դեմիրթաշը 2014թ. օգոստոսին առաջադրվեց Թուրքիայի նախագահի  թեկնածու: Նա ընտրություններում մեծ հաջողություն գրանցեց՝  հավաքելով ձայների մոտ 10%-ը: Հանգիստ, բայց սուր խոսքով հայտնի: Դեմիրթաշը 30  տարուց ի վեր Թուրքիայի քաղաքական կյանքում պայքար մղող քրդական շարժման նոր սերնդի  ամենաառանցքային ներկայացուցիչներից է:

Երկուշաբաթի, 22 դեկտեմբեր, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s