Կոստանդնուպոլսի գրավումը շարունակվում է….

n_14025_1Վերջերս Թուրքիայի փոխվարչապետ, «Արդարության և զարգացում» կուսակցության գաղափարախոս Բյուլենթ Առընչը Ստամբուլի Այա Սոֆիա տաճարի մոտերքում կառուցված գորգի թանգարանի բացման արարողության ժամանակ անդրադառնալով Տրապիզոնի Այա Սոֆիա հունական եկեղեցին մզկիթի վերածելու դեմ ի հայտ եկած խոչընդոտներին՝ ուրախությամբ հայտարարել է, որ ինչպես Իզնիքում (Նիկեա), այնպես էլ Տրապիզոնում իրենք կարողացան հաղթահարել բոլոր դժվարությունները և եկեղեցիները վերածեցին մզկիթների: Հայացքն ուղղելով Ստամբուլի ամենաշքեղ քրիստոնեական եկեղեցուն և չկարողանալով զսպել իրեն՝ Առընչն ասել է. «Մենք տխուր Այա Սոֆիային էլ կուրախացնենք»:

Այա Սոֆիան (Սուրբ Սոֆիա, Խոհամտություն Աստծո) քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկն է, համաշխարհային արվեստի և ճարտարապետության գլուխգործոց: Քրիստոնեական պատմական սրբավայրը համարվում է Ստամբուլի այցեքարտը, աշխարհի ութերորդ հրաշալիքներից մեկը և ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող վայրերից: Տաճարի ոսկեզօծ խճանկար-որմնանկարներում պատկերված է Սբ Գրիգոր Լուսավորիչը, կառուցմանն առնչվել են նաև հայազգի ճարտարապետներ Տրդատն ու Սինանը:

Շաբաթ, 30 նոյեմբեր, 2013

1453թ. Կոստանդնուպոլիսի գրավումից անմիջապես հետո սուլթան Մեհմեդը, որն անվանվեց Ֆաթիհ (նվաճող) կարգադրեց ծեփով ծածկել տաճարի ոսկեզօծ խճանկար-որմնանկարներն ու այն վերածել մզկիթի: Հետագայում կառուցվեցին մինարեթները, և մոտ 500 տարի քրիստոնեական սրբատեղին գործեց որպես մզկիթ:

1935թ. Աթաթուրքի կարգադրությամբ մզկիթը վերածվեց թանգարանի:

Գործող խոշորագույն մզկիթը թանգարանի վերածելու նախաձեռնությունը Քեմալի՝ թուրքերին արդիականացնելու և կրոնից հեռացնելու քաղաքականության ամենացայտուն քայլերից մեկն էր: Կայսերական մայրաքաղաքի ամենամեծ նվաճումը՝ մզկիթի վերածված եկեղեցին, իր նպատակին ծառայելուց դադարեցնելը մահմեդական հավատացյալներին ուղղված մարտահրավեր էր: Դրանով Քեմալը բացահայտ հերքում էր կայսերական ժառանգությունը և ժողովրդին մատնացույց էր անում իր ստեղծած «նոր հզոր պետության նոր սրբությունները»:

Այսօր դժվար չէ հասկանալ Էրդողանի այն ռեֆլեքսը, որ հերքելով քեմալիզմը՝ նա փորձում է ընդգծել, որ ոչ մի օրգանական կապ չունի նախկին հանրապետական կարգերի հետ, և իր վարած քաղաքականությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է:

Հետևաբար նա փորձում է դառնալ նոր «Ֆաթիհ» և շարունակում է գրոհել, կրկին «գրավել» արդեն գրավված Ստամբուլը և Այա Սոֆիան նորից վերածել մզկիթի:

Ներկայում Թուրքիան իր բոլոր կայսերական նկրտումներով ու երազներով հանդերձ փորձում է հանդես գալ որպես պատմական ժառանգության և մշակութային արժեքների պահապան, յուրացնել համամարդկային արժեքները՝ գուցե նաև դրանք սինթեզելով իսլամի հետ: Այդ կապակցությամբ Էրդողանն առիթը բաց չի թողնում գլուխ գովել:

Հատկանշական է, որ ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանության հերքումների առաջամարտիկ ոչ անհայտ Յուսուֆ Հալաչօղլուն, Միլլի Մեջլիսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Այա Սոֆիան մզկիթի վերածելու օրինագիծ է ներկայացրել: Այսինքն, Էրդողանը իր գովազդած փոքրամասնության և բոլոր մշակութային արժեքների պահպանման քաղաքականությունում չի կարողանում այլընտրանքային քաղաքականություն վարել, և երբ հարցը վերաբերում է հային, հույնին, կրոնին կամ եկեղեցուն, ակամա միանում է ազգայնականներին և, ըստ էության, չի տարբերվում հալաչօղլուներից:

Իրականում բոլոր խոստումները բարեփոխումների, հանդուրժողականության, իրավահավասարության հաստատման վերաբերյալ առայժմ մնում են լոկ հայտարարություններ:

Կոստանդնուպոլսի գրավումը շարունակվում է….

Leave a comment